Սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ Մոսկվա քաղաքի 873-ամյակին նվիրված շաշկու մրցաշարի եզրափակիչ 3-րդ փուլը, բայց այս անգամ մարզիկները մրցեցին միմյանց հետ՝ ոչ առցանց։
ArmSport-ի հետ զրույցում Հայաստանի Շաշկու ֆդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը նշեց, որ Երևանում Մոսկվայի տան հետ համատեղ Հայաստանի շաշկու ֆեդերացիան անցկացրել է շաշկու մրցաշար՝ բաղկացած 3 փուլերից։ 1-ին և 2-րդ փուլերը տեղի ունեցան առցանց, որին մասնակցում էին 10 երկրների մարզիկներ հետևյալ երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Գերմանիա, Բելառուս, Էստոնիա, Ուկրաինա, Լատվիա, Ուելս, Իսրայել:
Ինչպես 1-ին և 2-րդ փուլերում, այնպես էլ 3-րդ փուլում վստահորեն մրցաշարի հաղթող ճանաչվեց Հայաստանի բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը՝ 10 հնարավորից վաստակելով 9,5 միավոր։ Վերջինս նախորդ փուլերում վաստակել էր 6 և 6,5 միավոր 7 հնարավորից։ 2-րդ տեղը զբաղեցրեց 9 միավորով Սամվել Ազիբեկյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճեց 16 ամյա Միքայել Քալաշյանը՝ վաստակելով 7 միավոր (մարզիչ Ալբերտ Պողոսյան)։
Մրցույթի հաղթողները Երևանում Մոսկվայի տան տնօրինության կողմից պարգևատրվեցին գավթաներով, մեդալներով, իսկ մասնակիցներից մարզական կարգեր ունեցողներ՝ մասնակցության համար դիպլոմներով :
«Շատ լավ մրցաշար էր, այն կարելի է կայացած համարել։ Մեր գրեթե բոլոր ուժեղ խաղացողները մասնակցեցին այս մրցաշարին»,- ArmSport-ի հետ զրույցում նշեց Ալբերտ Պողոսյանը։
Ֆեդերացիայի նախագահը նաև ավելացրեց, որ Հայաստանի պատանեկան հավաքականը հոկտեմբերին նախատեսում է մասնակցել պատանեկան Աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Անթալիայում։ Բացի այդ, նախատեսվում է հեկտեմբերին անցկացնել Հայաստանի պատանեկան առաջնություն։ Ալբերտ Պողոսյանը նաև նշեց, որ Հայաստանում գրեթե չկա մի բնակավար, որտեղ չզբաղվեն այս մարզաձևով․ «Մենք հաճախ ենք կազմակերպում շաշկու տարբեր մրցաշարեր, տարբեր ֆորմատներով, օրինակ, անցկացնում ենք նաև տարեցների մրցաշարեր մարզերում։ Շաշկին շատ տարածված է Հայաստանում»։
Մրցաշարը կազմակերպվել էր Երևանում «Дом Москвы» կենտրոնի նախաձեռնությամբ, Մոսկվայի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Կազմակերպիչները նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ այս մրցույթը կդառնա ավանդական և ամեն տարի կկազմակերպվի: