Կատալոնիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի նկատմամբ:
El Mundo-ի փոխանցմամբ՝ Բարտոմեուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ, քանի որ ակումբից անձնական ֆինանսական օգուտներ է ստացել: Մեղադրանքը վերաբերում է «Բարսագեյթ» անունով սկանդալային գործին: Հաղորդվում էր, որ Բարտոմեուն ակումբի անունից իր օգտին գործարքներ է կնքել:
Սկանդալը տեղի ունեցավ, երբ հրապարակվեցին փաստաթղթեր, որոնք արտացոլում են ակումբի ներքին աշխատանքը և ֆինանսական գործառնությունները: Փետրվարին իսպանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը սկսել է համագործակցել մարքեթինգային ընկերության հետ, որը պետք է սոցիալական ցանցերում աջակցեր Բարտոմեուին և վարկաբեկեր որոշ խաղացողների, մասնավորապես՝ Լիոնել Մեսսիին և Ժերար Պիկեին:
Ակումբի լեգենդներ Չավին, Կառլես Պույոլը և Խոսեպ Գվարդիոլան նույնպես եղել են ենթադրյալ զոհերի թվում՝ «Բարսելոնայի» նախագահի թեկնածուներ Ագուստի Բենեդիտոյի և Վիկտոր Ֆոնտի հետ միասին:
Երրորդ կողմը l3 Ventures ընկերությունն է, որին ակումբը վարձել էր` սոցիալական ցանցերում հաղորդագրություններ տարածելու և վերը նշված անձանց վարկաբեկելու համար: Ըստ աղբյուրի՝ Բարտոմեուն այդ ընկերությանը գործարքի համար վճարել էր շուկայական արժեքից վեց անգամ ավել գումար: