Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է Կոլումբիայի հավաքականի նախկին բժիշկ Մաուրիսիո Վերգարային, որն ավելի վաղ քաշի ավելցուկից բուժել էր լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային։ Այս մասին հաղորդում է La Sexta-ն։
Հակաթմրադեղային օպերացիայի ընթացքում Իսպանիայում, Բուլղարիայում, Նիդերլանդներում ու Կոլումբիայում 18 մարդ է կալանավորվել՝ այդ թվում և Վերգարան։ «Ռեալի» տնային մարզադաշտից՝ «Սանտյագո Բերնաբեուից», ոչ հեռու գտնվող նրա կլինիկան դարձել էր թմրավաճառների բազա։
Ոստիկանությունը հաստատել է, որ Վերգարայի կլինիկան խմբավորման անդամների համար հանդիպման վայր է ծառայել, որտեղ թմրադեղերը Եվրոպային մատակարարելու քննարկումներ են ընթացել։ Բուլղարիայում ոստիկանները մոտ մեկ տոննա թմրանյութ են հայտնաբերել, որոնք թաքցված են եղել մրգերի տուփերի մեջ ու այնտեղ են հասել Հունաստանից։ Վերգարան դատին կսպասի կալանավայրում։
Մարադոնայի նախկին բժշկին մի քանի տարի առաջ արդեն ձերբակալել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Կոլումբիայում գտնվող Պալմիրայի օդանավակայանում Վերգարայի ուղեբեռում 3 կիլոգրամ կոկաին էր հայտնաբերվել։
Ֆուտբոլով զբաղվելու տարիներին Մարադոնան բազմիցս թմրանյութեր է օգտագործել։ Կարիերայի ավարտից հետո ևս լեգենդար արգենտինացին վնասակար սովորությունից չհրաժարվեց։