Հայաստանի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում տեղավորված «Գանձասար-Կապանը» կողմ է, որ ՀՖՖ-ն փոխի մրցաշարի ձևաչափը։ Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց ակումբի մամուլի քարտուղար Արմեն Այվազյանը։
«Այդպես մեզ համար մի քիչ ավելի լավ կլինի։ Այս պահի դրությամբ առաջնությունում մեզ մոտ 4 խաղ է մնացել, իսկ այդպես մի փոքր կշատանան»,- ասաց Արմենը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն այս անգամ անցկացվում է նոր ձևաչափով․ մեդալների համար պայքարին մասնակցում են միայն վեցնյակում գտնվող թիմերը։
Այս տարբերակով առաջնության անցկացումը պարզվեց շատերի սրտով չէ․ հարմար չէ քիչ թիմեր ունեցող մրցաշարին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն հարցում է ուղարկել ԲԽ ակումբներին առաջնության վերսկսման և անցկացման կարգի վերաբերյալ։ Ֆուտբոլի ֆեդերացիան երկու տարբերակ է առաջարկել․ առաջին տարբերակով առաջարկվել է պահպանել գործող կարգը, իսկ երկրորդ տարբերակով՝ առաջնությունը շարունակել ևս մեկ համարժեք երրորդ փուլով՝ բոլոր ինը թիմերի մասնակցությամբ:
Հարկ ենք համարում նշել, որ ՀՖՖ-ի հարցմանը պատասխանելու վերջնաժամկետը մայիսի 8-ն է։ «Ուրարտուն» ու «Ալաշկերտը» դեռևս չեն հայտնել իրենց կարծիքը։ «Արարատ-Արմենիան» պատասխանն արդեն ուղարկել է ՀՖՖ-ին, որի բովանդակությունն առայժմ չհաջողվեց ճշտել։
Ավելի վաղ հին ձևաչափին վերադառնալուն դեմ էին արտահայտվել նաև «Շիրակը», «Լոռին», «Արարատն» ու «Նոան», իսկ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ArmSport-ի հետ զրույցում նշել էր, որ իր դիրքորոշումը չեզոք է, թեև սխալ է որակել գործող ձևաչափը։