«Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը կարիերան կարող է շարունակել Իտալիայի չեմպիոնի՝ «Յուվենտուսի» կազմում: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» կփորձի օգտվել իր հաղթաթուղթից՝ ի դեմս Մաուրիցիո Սարիի, որը 2016 թվականին նախաձեռնել է Միլիկի տրանսֆերը «Նապոլի»՝ «Այաքսից»:
Ընթացիկ մրցաշրջանում Միլիկը «Նապոլիի» կազմում Ա Սերիայի 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի հեղինակ: «Նապոլին» 26 խաղից հետո 39 միավոր է վաստակել ու Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարը «Յուվենտուսն» է 63 միավորով:
Միլիկի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Ընդ որում, ակումբի հետ ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Հաղորդվում էր, որ «Նապոլին» հարձակվողի համար կարող է 40 մլն եվրո պահանջել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլիկի ծառայություններով հետաքրքրված են «Աթլետիկոն», «Միլանը» և «Շալկեն»: