«Շիրակի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը մի կերպ է կարողանում հիշել, թե արդեն քանի օր է՝ կարանտինային ռեժիմում է։ «Դե, երբ որ այդ մասին հայտարարեցին․ կարծեմ՝ մարտի 20-ն էր»,- ասում է նա ու միայն ենթադրություններ կարողանում անել, թե ինչպիսին է Գյումրին այս օրերին․ «դատարկ ու լուռ»։
Ներկայացնում ենք ArmSport-ի հարցազրուցը 27-ամյա ֆուտբոլիստի հետ։
-Ինչպիսի՞ն է կյանքն առանց ֆուտբոլի։
-Իհարկե, անսովոր է, դժվար է, բայց գիտակցում եմ, որ բոլորի մոտ է այդպես ու բոլոր ոլորտներում է այդպես։ Հիմա ամենակարևորը այս խնդիրը շուտ հաղթահարելն է, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքին։
-Ինչպե՞ս եք լրացնում ֆուտբոլի պակասը։
-Ակումբն ամեն օր մարզումային ծրագիր է ուղարկում, աշխատում ենք պահպանել մարզավիճակը։ Ամբողջությամբ չենք կտրվել ֆուտբոլից։
-Ինչո՞վ եք զբաղվում օրվա ընթացքում։
-Սիրում եմ ֆիլմեր դիտել ու հիմնականում դրանով եմ փորձում անցկացնել ժամանակս․ կինոներ կամ սերիալներ։ Նաև գրքեր եմ կարդում։
-Ինչո՞վ խորհուրդ կտաք զբաղվել մարդկանց, որպեսզի չձանձրանան։
-Զբաղվել այն ամենով, ինչի համար նախկինում ժամանակ չեն գտել, ինքնակրթվել, դիտել ֆիլմեր, ավելի շատ շփվել տան անդամների հետ, գրքեր կարդալ ու, իհարկե, զբաղվել սպորտով․ այն միշտ հասանելի է ու օգտակար։
-Ինչպիսի՞ն է Գյումրին կարանտինի ժամանակ։
-Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ պահում եմ կարանտինի պայմաններն ու քաղաքի փողոցներում չեմ եղել։ Բայց ենթադրում եմ, որ դատարկ են ու լուռ։
-Նոր հոբբիներ ձեռք բերե՞լ եք այս ընթացքում։
-Հոբբի, երևի, ոչ, բայց նոր կողմից բացահայտել եմ YouTube-ը, որտեղ, իրոք, բազմազան ինֆորմացիա ստանալու հնարավորություն կա՝ շատ հետաքրքիր և տարբեր հայացքներով։
-Գրքեր, ֆիլմեր, երգեր՝ Կարեն Մուրադյանից։
-Խորհուրդ կտամ կարդալ Հերման Հեսսեի գրքերը, ամենահայտնին՝ «Տափաստանի գայլը»։ Շատ ազդեցիկ, լավ գիրք է նաև Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆեռարին»։
Ֆիլմերի շատ երկար ցանկ կարող է լինել այստեղ, բայց երևի վերջին նայածներիցս ասեմ. “Просто Помиловать”-ը: Շատ լավ ֆիլմ էր շատ կարևոր թեմայի մասին։ Հիմնված է իրական պատմության վրա․ մի երիտասարդ փաստաբան փորձում է օգնել համակարգից տուժած մարդկանց, որոնք դատապարտված են մահապատժի։
Երգերից կարող եմ խորհուրդ տալ Alicia Keys-ի համերգներից, վերջերս եմ դիտել YouTube-ով, շատ հետաքրքիր էր։
Ստելլա Բաբլոյան