«Շիրակ» ֆուտբոլային ակումբը Շիրակի մարզի դպրոցներին նվիրել է 150 համակարգիչ՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Շիրակի մարզի դպրոցներին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից հատկացվել է 150 համակարգիչ՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով։ Այսօր ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները, նախնական պայմանավորվածության համաձայն, համակարգիչները բերել են մարզ, որոնք մեկ-երկու օրում կհատկացվեն մարզի դպրոցներին, որտեղից էլ կբաշխվի 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։
«Մեզ համար կարևորն այն է, որ մարզի բոլոր դպրոցականները հեռավար ուսուցումից դուրս չմնան, խոսել ենք տարբեր կազմակերպությունների և բարերաների հետ, որպեսզի կարողանանք բացը լրացնել ու թիրախային ընտանիքներին համակարգիչներով ապահովել։ Շատ ուրախալի էր, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը արձագանքեց և նման նախաձեռնությամբ հանդես եկավ, որի համար մենք շնորհակալ ենք։ Այսուհետ էլ կաշխատենք ամեն ինչ անել հեռավար կրթության առումով թերացումները բացառելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
«Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից»,-ընդգծել է Շիրակ ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։