Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարել է, որ Եկատերինբուրգում հավակնորդների մրցաշարը հետաձգվել է կապված Ռուսաստանի Կառավարության որոշման հետ, այն է՝ դադարեցնել բոլոր թռիչքները ՌԴ օդանավակայաններից: Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
«ՖԻԴԵ-ն չի կարող շարունակել մրցաշարը առանց խաղացողների և պաշտոնյաների անվտանգ և ժամանակին վերադառնալու երաշխիքների: Այս իրավիճակում որոշվեց դադարեցնել մրցաշարը: Մրցույթը կշարունակվի ավելի ուշ, մենք կհայտարարենք առաջիկայում ստույգ ժամկետների մասին», — ասել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը:
Ըստ կազմակերպության ղեկավարի, խաղացված յոթ տուրերի արդյունքները կմնան ուժի մեջ: Մրցաշարը կվերսկսվի ութերորդ տուրից`նույն հայտացուցակով:
Ուրբաթ, մարտի 27-ից սկսած, ավիաընկերությունները պետք է ՌԴ Կառավարության հրահանգով դադարեցնեն կանոնավոր և չարտերային չվերթները դեպի արտերկիր: Այս որոշումը կայացվել է համակարգող խորհրդի նախագահության կողմից՝ Ռուսաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի համար, հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարը ութ գրոսմայստերների մասնակցությամբ պետք է ավարտվեր ապրիլի 3-ին: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
7 տուրից հետո ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշին, որի ակտիվում 4,5 միավոր կա, մրցաշարի առաջատարությունը կիսում է ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ:
Ավելի վաղ, մրցաշարը հետաձգելու վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել նաև շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը, ասելով, որ հավակնորդների մրցաշարը խնջույք էր ժանտախտի ժամանակ։