«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանն այսօր՝ մարտի 18-ին, նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Արտակին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն ու նորանոր հաջողություններ:
Արտակ Եդիգարյանը, հիշեցնենք, ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է միացել «Փյունիկին», որի կազմում Հայաստանի առաջնության 16 հանդիպման է մասնակցել ու դարձել 4 գոլի հեղինակ: Եդիգարյանը «Փյունիկի» սան է, որի կազմում հանդես է եկել նաև 2009-ից 2013 թվականներին՝ ընթացքում կես մրջաշրջան անցկացնելով Դոնեցկի «Մետալուրգում»: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ուրարտուում», «Ալաշկերտում», երկու մրցաշրջանն էլ անցկացրել է լիտվական «Ժալգիրիսի» կազմում՝ դառնալով երկրի չեմպիոն ու գավաթակիր:
Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը Եդիգարյանը նշել է 2010 թվականի մայիսի 25-ին՝ Ուզբեկստանի հետ ընկերական խաղում (3-1): Այս ընթացքում Ազգային հավաքականի կազմում 32 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: