Արդեն հայտնի է, որ մինչև ապրլի 4-ը Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնությունը դադարեցվել է՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Սակայն այժմ պարզ չէ՝ կշարունակվի առաջնությունը, թե՞ ոչ։
Ոմանք նշում են, որ առաջնությունը մեկ ամսից կվերսկսվի, ոմանք էլ ասում են, որ այն չի շարունակվի՝ մեջբերելով անավարտ առաջնության մի քանի սցենարներ։ Եվ շատերին մտահոգում է նաև մեկ կարևոր հարց՝ կճանաչվի՞ «Լիվերպուլը» չեմպիոն, թե՝ ոչ։
Եվ այս պարագայում հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվել։ Առաջարկում ենք միասին դիտարկել մի քանի տարբերակներ։
✅ Չեմպիոնությունը հանձնել «Լիվերպուլին»

«Լիվերպուլն» իհարկե գոհ կլինի այս տարբերակից։ Որ ակումբին էլ որ աջակցեք, եկեք անկեղծ լինենք, որ «կարմիրները» արժանի են տիտղոսին․ 29 խաղից հետո, որոնցում Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 82 միավոր, դա պարզապես հիանալի է: Ըստ լուրերի, Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասը նույնպես չի վիճարկի «Լիվերպուլի» չեմպիոնությունը, բայց․․․ առաջանում է մեկ այլ հարց՝ տրամաբանական է նմանատիպ կանոն կիրառել մրցաշարային աղյուսակի բոլոր մյուս տեղերում: Եվ այդ ժամանակ շատերը արդեն դեմ կլինեն: Ինչո՞ւ․․․ Նայեք մրցաշարային աղյուսակին։

Եթե հաշվի առնենք, որ «Մանչեսթեր Սիթին» զրկված է եվրագավաթներից, ապա ստացվում է, որ «Լեսթերը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» կուղևորվեն Չեմպիոնների Լիգա, իսկ «Վուլվերհեմփթոնը» և առաջնության նորեկ «Շեֆիլդը»՝ Եվրոպա լիգա։ Իսկ ահա լոնդոնյան երկու ակումբները՝ «Արսենալը» և «Տոտենհեմը» ընդհանրապես դուրս են մնում միջազգային մրցաշարերից։ Դեռ հաշվի առնենք, որ «Շեֆիլդը» մեկ խաղ պակաս է անցկացրել և հաղթանակի դեպքում կարող է շրջանցել ՄՅՈւ-ին․ ստացվում է՝ ոչ բոլորին է ձեռնատու այս տարբերակը։
Չմոռանանք նաև վերջին տեղերում գտնվող թիմերի մասին։ Նրանցից բոլորն էլ հնարավորություն ունեն դեռևս իրենց տեղը պահպանել անգլիական ֆուտբոլային էլիտայում, այնպես որ, որպես այլընտրանք, կա այսպիսի մի տարբերակ․ հաջորդ մրցաշրջանում բոլոր թիմերը կմնան ԱՊԼ-ում և նրանց կմիանան ևս երկուսը Չեմպիոնշիփից։ Այսինքն, առաջնությունը կանցկացվի 22 թիմերով՝ 20 ներկայիս թիմերին գումարած Չեմպիոնշիփի առաջատար երկու ակումբները (կամ 24, եթե ուղեգիր տրվի 4 հաջողակի)։ Սակայն այս ամենը ընդամենը վարկած է, և հարց է՝ կգնա՞ն այդպիսի քայլի ԱՊԼ-ի ղեկավարները։
Որոշ մասնագետներ ևս դեմ են մերսիսայդյան ակումբին վաղաժամ չեմպիոն ճանաչելուն։

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը կարծում է, որ այս մրցաշրջանում «Լիվերպուլը» չի կարող ճանաչվել Պրեմիեր լիգայի չեմպիոն, եթե մրցաշարը չկայանա:
«Եթե՝ և սա ավելին է քան եթեն, եթե սեզոնն ավարտելու տարբերակ չկա, ապա հնարավոր չի լինի որոշել հաղթողին կամ պարտվողին: Սա շատ դաժան է «Լիվերպուլի» համար: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ազնիվ կլինի, եթե նման հանգամանքներում նրան տիտղոս տան»,- մեջբերում է Շիրերին Goal-ը:
✅ Հետաձգել առաջնությունը, մինչև ամեն ինչ կկարգավորվի
Չինաստանը, որը COVID-19-ը նվիրեց ամբողջ աշխարհին, այժմ ցույց է տալիս վերականգնման նշաններ․ մինչ չինացիները ստիպված էին վերացնել բռնկման հետևանքները, Եվրոպայում տեղեկացված էին վիրուսի վերաբերյալ, հետևաբար, ավելի լավ պաշտպանված պետք է որ լինեին: Հավանականություն կա, որ Բրիտանիայում կորոնավիրուսի համաճարակը կընթանա մեղմ ձևով, թույլ չի տրվի վարակի տարածմանը, և ԱՊԼ-ի դադարը կվերացվի եթե ոչ ապրիլի սկզբին, ապա ՝ մեկուկես ամսվա ընթացքում: Հաշվի առնելով, որ ՈՒԵՖԱ-ն ծրագրում է Եվրո-2020-ը տեղափոխել 2021թ, Պրեմիեր լիգայի և Եվրոպայի այլ առաջնությունները ժամանակ կունենան ընթացիկ մրցաշրջաններն ավարտելու մինչև հաջորդի մեկնարկը: Սա լավ ծրագիր է, քանի որ ենթադրում է, որ ամեն ինչ արդար կլինի։
✅ Անցկացնել հանդիպումներն առանց հադիսականների

Ֆուտբոլն առանց հանդիսատեսի՝ իսկական տխրություն է, բայց նման պրակտիկա գոյություն ունի. դրան արդեն ականատես ենք եղել Ա Սերիայում և նույնիսկ Չեմպիոնների լիգայում` Եվրոպա լիգայի հետ միասին: Պրեմիեր լիգան ևս մեկ պատճառ ունի հանդիպումներ առանց հանդիսատես անցկացնելու համար՝ նույնիսկ եթե տրիբունաները դատարկ են․ ակումբների հիմնական վաստակը հեռուստատեսային պայմանագրով նախատեսված վճարումներն են, ուստի այս գաղափարին կարող է մղել բիզնես անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ խաղացողների և ակումբի աշխատողների շրջանում վարակի նոր դեպքեր չհայտնաբերվեն:
Այնուամենայնիվ, առանց հանդիսականի խաղալը, ցանկացած դեպքում, նախընտրելի չէ՝ հատկապես այնպիսի ֆուտբոլային ավանդույթներ ունեցող երկրի համար, ինչպիսին Անգլիան է։
Իսկ անվճար հեռարձակումները թվացյալ բոնուս է, որը կարելի է առաջարկել սեզոնային աբոնեմենտների տերերին, և մարդիկ, ովքեր արդեն վճարել են ֆուտբոլային երեկույթի համար, պարզապես այլընտրանք չեն ունենա:

«Ոչ ոք չի ցանկանում ֆուտբոլ խաղալ առանց երկրպագուների: Եթե մենք նվաճենք չեմպիոնությունը դատարկ մարզադաշտում, ես կվշտանամ»,- ասել է Վան Դեյկը:
✅ Վերջին տարբերակ․ Զրոյացնել բոլոր թիմերի միավորները
Այդպիսի տարբերակ էր առաջարկել «Վեսթ Հեմի» նախագահ Կարեն Բրեյդին, սակայն նշելով, որ դա շատ լուրջ հարված կլինի հենց «Լիվերպուլին», որը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ մոտ է չեմպիոնությանը։
Մրցաշարի արդյունքները համարվում են արդարացի այն դեպքում, երբ բոլոր թիմերը հանդիպում են միմյանց հետ՝ տանը և դրսում։ Միայն այդ դեպքում բոլորի համար կլինի արդարացի։ Սակայն․․․ մյուս կողմից, որքանո՞վ է արդարացի զրկել թիմերին այն արդյունքներից, որին հասել էին այս մի քանի ամիսների ընթացքում։ Այնպես որ, տեսնենք, ինչ որոշում կկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում, իսկ Դուք կարող եք ձեր տարբերակները առաջարկել մեկնաբանություններում։
Կարևորը՝ առողջ եղեք․․․
Վար Բաբայան