Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է Marca-ն:
Այս տարվա ամռանն ավարտվում է 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինցիների հետ, և եթե համաձայնագիրը չերկարաձգվի, ապա նա կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ և անվճար միանալ ցանկացած թիմի:
Աղբյուրի փոխանցմամբ, Իգուայինի ծառայություններով հետաքրքրված է Բիլբաոյի «Աթլետիկը»: Ընդ որում, Գոնսալոն չնայած արգենտինացի է, բայց համապատասխանում է ակումբի տրանսֆերային քաղաքականությանը, այն է` բացառապես բասկյան խաղացողների ձեռք բերելը: Հարձակվողի նախապապը բասկ է, որն արտագաղթել է Արգենտինա: Անձամբ Իգուայինը ծնվել է Ֆրանսիայում և երկքաղաքացիություն ունի:
Իգուայինը 2016 թվականից է պաշտպանում «Յուվենտուսի» գույները, իսկ ավելի վաղ հանդես է եկել «Ռիվեր Փլեյթում», «Ռեալում» և «Նապոլիում»: Նախորդ մրցաշրջանում նա վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Միլանում» և «Չելսիում»: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: