«Ծանր վիճակի մեջ ենք և ամեն ինչ փորձում ենք անել, որ դուրս գանք այդ ծանր վիճակից»,- նշել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին այսօր «Գանձասար-Կապանի» հետ անցկացրած խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթեց «Գանձասար-Կապանին» (2:0):
7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Փյունիկի» առաջնային խնդիրը վեցնյակում տեղ զբաղեցնելն է, որպեսզի կարողանա պայքարը շարունակել բարձր տեղերի համար։
«Խաղադաշտի որակը լավագույններից չէր: Տղաների համար մի փոքր անսովոր էր, բայց նրանք կարողացան խաղի ընթացքում հարմարվել դրան»,- խաղի արդյունքները մեկնաբանել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին:
«Մենք տիրում էինք գնդակին և վերահսկում էինք խաղի ընթացքը: Լավ հանդիպում անցկացրեց Արտակ Եդիգարյանը, ով աջ եզրից վտանգավոր պահեր էր ստեղծում:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում հասցրել եմ ծանոթանալ տղաներին: Մի քանի նոր ֆուտբոլիստ համալրեց ակումբը և այս ընթացքում մենք փորձեցինք աշխատել նրանց ֆիզիկական պատրաստվածության վրա»,- ասել է Բերեզովսկին:
Մարզչի կարգավիճակում իր առաջին փորձերն անող Բերեզովսկին անդրադարձել է նաև խաղի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպին․ «Այսօր երկրորդ խաղակեսում հակառակորդը չէր ցանկանում դաշտ դուրս գալ։ Առաջնությունում չի կարելի այդպես վարվել։ Դա և՛ հակառակորդի պատիվն է, և՛ ֆեդերացիայի։ Ֆուտբոլում նման բան չպետք է լինի»
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ կմրցի «Նոայի» հետ: