«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչչեի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0):
Պորտուգալացի մասնագետն առանձնացրել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը, որը վերջերս է վերականգնվել վնասվածքից հետո: «Լեչչեի» հետ խաղում Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել.
«Խաղից առաջ հանգիստ էի, քանի որ թիմը քրտնաջան աշխատում էր: Խաղի առաջին 20-30 րոպեները հիանալի անցկացրինք: Ֆուտբոլիստները ոչնչից չէին վախենում, սա այս պահին շատ կարևոր է: Ուրախ եմ, որ մենք երկրորդ խաղն անընդմեջ գոլ բաց չենք թողնում. թիմի առջև դրված խնդիրը տղաները հիանալի կատարեցին, բոլորը լավ խաղացին:
Մխիթարյանը շատ կրեատիվ է, նա հիանալի փոխանցումներ է կատարում, ճիշտ որոշումներ է կայացնում: Նրան կարոտել էինք, երբ վնասվածքի պատճառով բացակայում էր»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
«Ռոման» 25 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` վաստակելով 42 միավոր: