Հայտնի է Էռնեստո Վալվերդեի` «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման մանրամասները:
Cadena Ser-ը գրում է, որ երեկ` հունվարի 13-ին, ակումբի ղեկավարները, մասնավորապես նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, տնօրեն Խավյեր Բորդասը և գործադիր տնօրեն Օսկար Գրաուն, ժամանել են թիմի մարզաբազա`մասնագետի հետ հանդիպման:
Հանդիպման ընթացքում «Բարսելոնայի» ղեկավարները Վալվերդեին ասել են, որ ակումբի վրա ճնշում է գործադրվում, ինչպես նաև հերքել են տարածված շշուկներն այն մասին, որ պատրաստվում են այդ պաշտոնում հրավիրել «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավիին` չսպասելով մինչև մրցաշրջանի ավարտը:
Մարզիչը, հասկանալով, որ Բարտոմեուն ցանկանում է, որ ինքն անձամբ հրաժարական տա, դժգոհել է վերջին ժամերի իրադարձություններից ու հայտարարել է, որ հեռացման համար նրանք պետք է կապ հաստատեն իր ներկայացուցիչների հետ, հակառակ դեպքում նա կշարունակի աշխատել:
Այդ հանդիպումից հետո «Բարսելոնան» ժողով է անցկացրել, որում որոշվել է նրան հեռացնել: Ակումբն այնուհետև կապ է հաստատել Վալվերդեի ներկայացուցիչների հետ ու հայտարարել մարզչի հեռացման մասին: