Վերջին շրջանում Հայաստանից դեպի Ղազախստան մեծ թվով ֆուտբոլիստներ են տեղափոխվում: Ղազախական առաջնությունը բավական մրցունակ է ու հնարավորություն է տալիս հայ ֆուտբոլիստներին կատարելագործվել, եթե, իհարկե, նրանք կարողանում են դառնալ թիմի առանցքային խաղացող:
Մեր հավաքականի ամենարագաշարժ խաղացողը՝ Կամո Հովհաննիսյանը, նոր չէ տեղափոխվել Ղազախստանի առաջնություն, բայց նրա կարիերայում էլ օրեր առաջ քայլ առաջ գրանցվեց: Կամոն փոխեց ակումբային գրանցումն ու այսուհետ կպաշտպանի «Կայրաթի» մարզական պատիվը:
2018 թ-ին Հովհաննիսյանը Երևանի «Ալաշկերտից», որի հետ նոր-նոր էր պայմանագիր ստորագրել, տեղափոխվեց ղազախական «Ժետիսու»: Ժամանակի ընթացքում մեր հավաքականի առանցքային խաղացողներից մեկը դարձավ նաև ակումբի անբաժանելի մասնիկը: Կամոն առաջատարի որակներ դրսևորեց ու վաստակեց թիմում իր ուրույն տեղը՝ Ժետիսուի» կազմում անցկացրած 58 խաղում խփելով 6 գնդակ:

Armsport.am-ը կապ հաստատեց ու հետաքրքիր զրույց ունեցավ մեր հավաքականի առաջատարներից մեկի հետ.
-Կամո՛, նախ շնորհավորում եմ նոր ակումբ տեղափոխվելու և կարիերայում քայլ առաջ կատարելու կապակցությամբ: Ըտրեցիք «Կայրաթը»: Կայի՞ն այլ առաջարկներ: Եթե այո, ապա ինչու՞ հենց «Կայրաթը» ընտրեցիք:
-Շնորհակալ եմ: Այո՛, կային առաջարկներ, որոնց մի մասը հստակ չէր, ոմանք խնդրում էին սպասել, կային ոչ ձեռնտու առաջարկներ: Բոլորից հստակ ու հարմար առաջարկը կատարեց հենց «Կայրաթը»: Կար նաև մարզչի՝ ինձ իր թիմում տեսնելու ու ակումբի՝ Եվրոպա լիգայում խաղալու գործոնը:

-Բնականաբար, սա քայլ էր առաջ, բայց հայ երկրպագուն հույս ուներ Ձեզ ավելի բարձրակարգ ակումբում տեսնելու: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Կասեմ, որ ես էլ նման ցանկություն ունեմ, բայց երկրպագուն ամբողջովին չի տիրապետում այն ամենին, ինչ կատարվում է խաղադաշտից դուրս և թե ինչ հանգամանքներ են առաջ գալիս, որոնց ստիպված ես ենթարկվել:
-Որոշվա՞ծ է արդեն, թե որ համարի ներքո եք հանդես գալու:
-Դեռ չեմ ընտրել: Առաջնության սկզբում ամեն ինչ պարզ կլինի. դա ընդամենը համար է:
-Կարիերայի սկզբում հանդես եք եկել Հայաստանի առաջնությունում։ Կհամեմատե՞ք Հայաստանի և Ղազախստանի առաջնությունները։
-Ղազախստանի առաջնությունում տեմպն ավելի արագ է, կոպիտ խաղն ու պայքարը շատ է:
-Միշտ ասվում է, որ ղազախական ֆուտբոլն ու ակումբները գրավիչ են իրենց ֆինանսական պայմաններով։ Ձեր պարագայում ֆինանսականից բացի ի՞նչը գրավեց ղազախական ակումբների առաջարկներում։ Ի՞նչ հնարավորություններ է այստեղ բացվում կարիերայի աճի համար։
-Ստացվեց այնպես, որ «Տորպեդո-Բելազի» հետ պայմանագրի ավարտից հետո առաջարկ ունեի միայն «Ալաշկերտից»: Եթե հիշում եք՝ ես պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտի» հետ, բայց մեկ օր անց զանգահարեցին ու ինձ հրավիրեցին «Ժետիսու»: Շնորհակալ եմ Պարոն Նավոյանին, որ հասկացավ իրավիճակն ու թույլ տվեց ինձ տեղափոխվել «Ժետիսու»: Ես այդ պահին ֆինանսին չէի նայում, քանի որ դրսում խաղալու այլ տարբերակ չունեի: Ղազախստանում խաղալու ընթացքում ես խաղային աճ եմ գրանցել ու, կարծում եմ, «Կայրաթում», նույնպես, կաճեմ:

-2012 թ-ի փետրվարին ազգային հավաքականի կազմում նշեցիք Ձեր նորամուտը, այս 8 տարիների ընթացքում եթե հետհայացք նետենք՝ ո՞ր ժամանակաշրջանն է եղել հավաքականի համար լավագույնն ըստ Ձեզ և ինչու՞։
-Այս ընթացքում ունեցել ենք և՛ փառահեղ հաղթանակներ, և՛ պարտություններ, նույնիսկ՝ խայտառակ: Մեզ միշտ ինչ-որ բան չի բավականացրել վերջնական լավ արդյունքի հասնելու համար, բայց հույս ունեմ որ առաջիկայում կկարողանանք մեր նպատակին հասնել:
-Միշտ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են մարզիկները, տվյալ դեպքում ֆուտբոլիստները, հոգեբանորեն վերականգնվում պարտությունից հետո։
-Շատ դժվար է: Ոչ ոք չի խոսում հանդերձարանում, հացը կուլ չի գնում, գիշերը նույնիսկ չես կարողանում քնել, բայց ինչ-որ պահ հասկանում ես, որ վերջ, ավարտվել է դա և անցյալում է: Պետք է դասեր քաղել և շարժվել առաջ:

-Իսկ դժվա՞ր է խոշոր պարտությունից հետո մոտիվացիա գտնել նորից դաշտ դուրս գալու համար:
-Կան անհատական և թիմային նպատակներ, որոնց միշտ ձգտում ենք հասնել: Միշտ կա մոտիվացիա, որովհետև միշտ կա ցանկություն լավագույնին հասնելու համար:
-Հավաքականի տղաներից ու՞մ հետ եք մոտ հարաբերություններ պահպանում։
-Բոլորի հետ էլ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել և ունեմ: Այնպես չէ, որ ամեն օր խոսում ենք, քանի որ դա հնարավոր չէ, բայց կապը միշտ պահում ենք ու թե՛ խաղադաշտից դուրս, թե՛ խաղադաշտում միշտ միմյանց տեսնելուց շատ ենք ուրախանում:
-Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մարկոսը ավարտում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: 2 բառով, խնդրում եմ, նրան որպես մարդ և ֆուտբոլիստ նկարագրեք:
-Որպես խաղացող, բոլորդ նրան ճանաչում եք. ֆուտբոլային հիանալի ինտելեկտով, դաշտը տեսնելու անհավանական ունակությամբ, ուժեղ հարվածներով, ստանդարտներ իրացնելու վարպետությամբ օժտված մարդ: Որպես մարդ, նա է՛լ ավելի լավն է. միշտ ուրախ, կամեցող, պոզիտիվ ու էլի շատ լավ հատկանիշներով օժտված մարդ: Ցավալի է, որ վնասվածքի պատճառով նա ավարտում է կարիերան, բայց այն, որ Հայաստանում նրան միշտ կհիշեն որպես լավագույններից մեկը, դա միանշանակ է:
Արմեն Գարամյան