Չինաստանում գոհ չեն մնացել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի պահվածքից:
The Telegraph-ի տեղեկություններով, չինական պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչները «Արսենալին» զգուշացրել են, որ ակումբի վերաբերյալ հիշատակումներն արգելված կլինեն, քանի դեռ ղեկավարները ներողություն չեն խնդրել Օզիլի թվիթերյան գրառման համար:
Բացի այդ, Օզիլի էջերը չինական ցոց.ցանցերում արգելափակվել են, իսկ «M10» ֆան-ակումբը, որում ավելի քան 30 հազար մարդ կա, լուծարվել է: Չինական իշխանությունները նաև հրահանգել են որոնողական համակարգերից հեռացնել գերմանացի ֆուտբոլիստի անունը:
Հիշեցնենք` Օզիլը թվիթերյան գրառմամբ քննադատել էր Չինաստանի իշխանություններին երկրի արևմուտքում բնակվող թրքալեզու ույղուրների հանդեպ կիրառվող ճնշումների համար:
Դրանից հետո Չինաստանի պետական հեռուստատեսությունը դադարեցրել էր Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբների` Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև կիրակի օրը կայացած խաղի ցուցադրումը: