Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան 2019 թվականի օգոստոսի 15-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ՝ ՀԱՕԿ-ի ասամբլեայի կողմից կայացված որոշման վերաբերյալ (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը): Այդ առթիվ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գործ է հարուցել օգոստոսի 21-ին:
2019 թվականի սեպտեմբերի 26-ին CAS-ը տեղեկացրել է հայցվորին (ՀԲՖ), որ դեռևս չի ստացել բողոքարկման ամփոփագիրը և, ըստ այդմ, հորդորել է մինչև հոկտեմբերի 3-ը, իբրև ապացույց, ներկայացնել բողոքարկման համառոտագիրը։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Քանի որ հայցվորի բողոքարկման համառոտագրի ներկայացնելու ժամկետը լրացել է հոկտեմբերի 3-ին, դատարանը բողոքարկումը չեղյալ է համարել` հաշվի առնելով, որ բողոքարկման ոչ մի գրություն չի ներկայացվել, պատասխաններ չեն ներկայացվել և հանձնաժողով չի ստեղծվել:
CAS-ը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա — Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե գործընթացը դադարեցվել է բավարար հիմքեր չունենալու պատճառով»,- ասվում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:
Այդուհանդերձ, ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը հերքում է այս տեղեկությունն ու հայտարարություն, որ այն իրականությանը չի համապատասխանում.
«Հիմքերն առավել քան բավարար են եղել, ուղղակի գործընթացը դադարեցվել է հենց ՀԱՕԿ-ի կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելուց հրաժարվելու հիմքով:
Իրականում այդ գործընթացը դադարեցվել է այն պատճառով, որ դատարանը հավասարապես երկու կողմի վրա դրել է 20 000-ական շվեյցարական ֆրանկ վճարելու պարտավորություն, որպես արբիտրաժային ծախսեր:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է իր բաժին 20 000 ֆրանկը վճարելուց, որն էլ հիմք է հանդիսացել արբիտրաժային գործընթացը դադարեցնելու համար:
Այնուամենայնիվ հույս ունենք որ Հայաստանի դատական ատյաններն անվավեր կճանաչեն կոմիտեի ակնհայտ ապօրինի որոշումը բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի կազմից հեռացնելու վերաբերյալ»,- գրել է Արթուր Գևորգյանը՝ ներկայացնելով վերոնշյալի վերաբերյալ բոլոր ապացույցները.