Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։
Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ վաճառքի տոնավաճառ և ծաղկի առևտրով զբաղվող անձանցից օրական հավաքագրված ընդհանուր շուրջ 160․000-ական դրամները մասնակի են մուտքագրել դրամարկղ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ այս կերպ թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 97․861․424 դրամի հարկեր։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա քննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։