Bsports պորտուգալական հայտնի ակադեմիան Հայաստանում առաջին անգամ կազմակերպել էր ֆուտբոլային ճամբար` «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով:
«Փյունիկի» ակադեմիայում կայացել են մեկշաբաթյա մարզումներ, որոնց մասնակցել են 9-ից 16 տարեկան 25 երեխաներ: Մարզումներն անցկացրել են Պորտուգալիայից ժամանած մասնագետներ:
Bsports ակադեմիայի Հայաստանի պատվիրակության ղեկավարը մարզիչ Լևոն Ղասաբօղլյանն է, ով Armsport.am-ին պատմել է բանակցային փուլի, կայացած սպասվող ծրագրերի մասին.
«Ակադեմիայի ներկայացուցիչների հետ ծանոթությունս եղել է Ղազախստանում: Մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք համոզել, որպեսզի ծրագիր իրականացնենք Հայաստանում»,- հայտնեց Ղասաբօղլյանը:
Ինտենսիվ հավաքը տևել է մեկ շաբաթ: Կայացած մարզումների մասին Լևոնն ասաց հետևյալը. «Շնորհակալ ենք Արթուր Սողոմոնյանին, ով աջակցեց ծրագրի կատարմանը` տրամադրելով խաղադաշտեր և տրանսպորտ: Առաջին անգամ մասնակցեցին 25 երեխաներ. քանակն անսահմանափակ է և հուսով ենք, որ թիվը կավելանա:

Ցանկանում եմ ընդգծել Պեդրո Լեիտեսի գործոնը, ով «Բարսելոնայի», «Յուենտուսի» ֆուտբոլային ակադեմիաների գործադիր տնօրենն է եղել: Նա մեծ աջակցություն է ցուցաբերել ծրագրի իրականացմանը, մարզիչներին հրավիրելու աշխատանքներին: Նա Bsports-ի գործադիր տնօրենն է: Հաստատվել են շատ լավ հարաբերություններ, ինքն ընդառաջել է իմ խնդրանքին և օգնել է ինձ մի շարք հարցերով:

Թերևս ամենակարևոր գործոնն այն է, որ մարզումային 7 օրերից հետո մեզ մարդիկ են մոտեցել և հիացմունք հայտնել: Բոլորը տեսել են որոշակի առաջընթաց: Եթե մեկ շաբաթում կարելի է փոփոխություններ անել, ապա երկարաժամկետ ծրագրերը շատ ավելի արդյունավետ կլինեն»,- նշեց Ղասաբօղլյանը:
Մարզչից տեղեկացանք նաև, որ ընտրվել են 4 պատանի ֆուտբոլիստներ, որոնց տվյալներն ուղարկվել են Պորտուգալիա: Որոշումից հետո հնարավոր է նրանցից երկուսը ուղևորվեն և Bsports-ի ակադեմիայում մարզվեն:
«Առաջին հավաքից հետո պատկերացում կազմեցինք հետագա աշխատանքների մասին: Մարտին նշված է հաջորդ նման միջոցառումը: Իմ ուժերի ներածին չափով օգուտ եմ բերելու հայկական ֆուտբոլին»,- եզրափակեց Լևոն Ղասաբօղլյանը: