Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո ArmSport.am-ը շարունակում է ամփոփել հայկական թիմերի ելույթները:
Շարքի հերթական մասը «Նոայի» մասին է.
«Նոա». 15 հանդիպում, 7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 5 պարտություն
«Նոան« ընթացիկ առաջնության գլխավոր հայտնությունն է. նորարարական մտահաղացումներ ունեցող հիանալի ակումբ, առաջադեմ ծրագրեր: Բայց ինչ վերաբերում է թիմի արդյունքներին, դրանք դեռևս հակասական են:
Թիմն այժմ 6-րդ հորիզոնական է: Հարկ է նշել, որ թիմի պոտենցիալը ավելին է, քան զբաղեցրած դիրքը:
Մարզչական պրոֆեսիոնալ անձնակազմ
«Նոան» հուլիսից գլխավորում է մոլդովացի Վադիմ Բորեցը, ում օգնում է հայրենակից Իգոր Պիկուշչակը:

Մարզիչների օրոք հայ ֆուտբոլիստների առաջընթացն ակնհայտ է: Բորեցի գլխավորությամբ «Նոան» շատ ավելի խաղակցված տեսք ունի և «ամուր ընկույզ» է հայկական բոլոր թիմերի համար:
Նկատելի է, որ ակումբի ծրագրերը մարզիչների հետ երկարաժամկետ են:
Կազմը
«Նոայի» կազմը շատ «խայտաբղետ» է: Այստեղ հավաքված են հայ ֆուտբոլիստներ, որոնք ապացուցելու շատ բան ունեն՝ Բենիկ Հովհաննիսյան, Վարդան Մովսիսյան, Վիգեն Ավետիսյան, Դավիթ Մանոյան. վերջինս արդեն հեռացել է «Նոայից»:
Հիանալի էր այն հանգամանքը, որ մի ընթացք թիմի առաջին համարը նույնպես հեռացած Արման Մելիքսեթյանն էր: Արմանը հեռանկարային դարպասապահ է, և մնում է հուսալ, որ այս թիմում ստացած փորձը և մրցակցությունը նրան հետագայում անհրաժեշտ կլինեն:
Թիմում կան հայ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ հույսերը շատ մեծ են: Էդգար Մովսեսյանը, ով երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է, քիչ խաղաժամանակ է ստանում, իսկ Մ-21 հավաքականի հիմնական պաշտպան Հովհաննես Նազարյանը դեռ որևէ պաշտոնական հանդիպման չի մասնակցել:
Ուրախալի է, որ կայուն խաղաժամանակ է ստանում 25-ամյա Յուրի Գարեգինյանը:
«Նոայի» լեգիոներները Հայաստանի առաջնության համար բավականին բարձրակարգ են: Կարելի է առանձնացնել թիմի լավագույն ռմբարկու Մաքսիմ Մայրովիչին, ով 8 գոլ է խփել, դարպասապահ Վալերիո Վիմերկատիին, Սոսլան Կագերմազովին, Կիրիլ Բորին, Դմիտրի Լավրիշևին:

Հայաստանի Գավաթ
«Նոան» շարունակում է պայքարը Հայաստանի Գավաթի ընթացիկ խաղարկությունում: 1/8 եզրափակչում երևանյան թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Արարատին», իսկ քառորդ եզրափակչում «Նոան» նույնպես 1:0 հաշվով հաղթել է «Վանին»:
Պայքարն ու հեռանկարները
Իհարկե, «Նոայի» առաջնային նպատակը վեցնյակում հայտնվելն է: Ներկա դրությամբ թիմն ընդամենը 4 միավորի առավելություն ունի 7-րդ տեղում գտնվող «Փյունիկի» նկատմամբ:
Առաջնության հիմնական փուլի ավարտից առաջ «Նոայի» մրցակիցները բարդ են: «Շիրակի», «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումները որոշիչ կլինեն «Նոայի» համար:

Ամեն դեպքում, հարկ է նշել, որ «Նոայի» ծրագրերը հեռանկարային են: Արդեն հայտնի է, որ ակումբը ներկայացրել է ներդրումային լայնածավալ ծրագիր, աշխատանքները դեռևս նախնական փուլում են:
«Մենք հաստատակամ ենք և այժմ պետք է սպասենք ՀՖՖ նախագահի ընտրություններին, ինչից հետո կմտածենք այդ ուղղությամբ»,- հայտնել է «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:
Շարքի նախորդ մասերը.
«Լոռի»
«Արարատ-Արմենիա»
«Ալաշկերտ»
«Արարատ»
«Շիրակ»
Արման Առաքելյան