Այսօր կկայանան Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի 4 խմբերի հանդիպումները: Դրանցից որոշներում հաջողակների անունները կարծես հայտնի են, և անակնկալների սպասելն անիրական է թվում:
Այդուհանդերձ, չմոռանաք ՝ սա Չեմպիոնների լիգան է, որտեղ միշտ էլ կարելի է ուշագրավ մանրակներ նկատել:
Դե ինչ, ձեզ ենք ներկայացնում այսօր կայանալիք հանդիպումների համառոտ անոնսն ու խմբերի մրցաշարային աղյուսակները:
E Խումբ
«Ռեն»-«Չելսի»/ 21:55
«Կրասնոդար»-«Սևիլյա»/ 21:55
Այս խմբում գերիշխող դիրք են զբաղեցնում «Չելսին» և «Սևիլյան»: Նրանց վաստակած միավորներն ակումբներին հնարավորություն են տալիս վստահորեն կատարել 1/8 եզրափակիչ դուրս գալու խնդիրը:
Այս երկուսն այսօր հանդիպելու են խմբի հետնապահներին:
«Սևիլյան» վերջին տարիներին համարվում էր Եվրոպա լիգայի «հաճախորդ», սակայն, Լոպետեգիի գլխավորությամբ անդալուսիական ակումբը մտադիր է լուրջ հաջողություների հասնել Չեմպիոնների լիգայում:
«Չելսին», որն այս մրցաշրջանում տրանսֆերային շուկայի արքան է, ՉԼ-ի այս խաղարկությունում կփորձի եվրոպական գրանդներին ապացուցել, որ իր ներդրած մոտ 300 միլիոն եվրոն անիմաստ չի ծախսվել:
Մեկ բան հստակ է, որ «Չելսին» և «Սևիլյան» են պայքարելու խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար:
«Ռենը» և «Կրասնոդարն» իրենց ուշադրությունը պետք է կենտրոնացնեն Եվրոպա լիգայի վրա:
Ֆրանսիական ակումբը, որտեղ հանդես է գալիս եվրոպական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը ՝ Էդուարդո Կամավինգան ավելի գերադասելի դիրք է զբաղեցնում այս հակամարտությունում:
ՉԼ-ի առաջիկա հանդիպումները 18-ամյա ֆուտբոլիստի «լակմուսի թուղթն» են հանդիսանալու:
F խումբ
«Լացիո»-«Զենիթ»/ 23:55
«Բորուսիա Դորտմունդ»-«Բրյուգե»/ 23:55
Խմբում հստակ ֆավորիտի բացակայությունն այն բավական անկանխատեսելի և գրավիչ է դարձնում:
Այդուհանդերձ, Դորտմունդը ներկայացնող ակումբը մյուս երեքի նկատմամբ արտոնյալ դիրք է զբաղեցնում:
«Բորուսիա» ասելիս, մեր տեսադաշտում հայտնվում է «նորվեգացի վիկինգը» ՝ Էրլինգ Հոլանդը: Այս երիտասարդի սահմանած ռեկորդները ՝ սարսուռ են առաջացնում:
Գերմանական ակումբը «Բրյուգեին» հաղթելու պարագայում, կունենա առաջին հորիզոնականում ամրապնդվելու բոլոր հնարավորությունները:
«Լացիոն», «Բրյուգեն» և «Զենիթը» պայքար են մղելու «արևի տակ տեղ զբաղեցնելու» և մրցանակային Jackpot-ին տիրանալու համար:
G խումբ
«Դինամո Կիև»-«Բարսելոնա»/ 23:55
«Յուվենտուս»-«Ֆերենցվարոշ»/ 23:55
Ներածական խոսքում նշեցինք, որ խմբերից որոշներում հաջողակների անունները հայտնի են: G խումբը դրա լավագույն օրինակներից մեկն է:
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» գերիշխանությունն այս քառյակում անբեկանելի է:
Մրցաշարային աղյուսակը կատալոնական ակումբի գլխավոր մարզչին թույլ է տալիս Լեո Մեսսիին հանգստի հնարավորություն տալ: Այսպիսով, արգենտինացին կխուսափի սառնաշունչ Կիևին հանդիպելու «բերկրանքից»:
Միգուցե, սա լեգենդար Վալերի Լոբանովսկու գրանցած պատմական հաղթանակը կրկնելու լավագույն պահն է:
1997 թվականին կայացած խաղում, Կիևը ներկայացնող ակումբը 4 գնդակ ուղարկեց Լուի վան Գալի գլխավորած թիմի դարպասը:
«Կամպ Նոու» ստադիոնում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անդրեյ Շևչենկոն, մեկ գոլ էլ հեղինակեց «Ֆերենցվարոշի» ներկայիս գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը:
Փնտրտուք. այս բառը լավագույնն է բնորոշում Անդրեա Պիրլոյին, ով փորձում է գտնել «Յուվենտուսի» համար բարենպաստ խաղային սխեմա:
«Ֆերենցվարոշը» հենց այն մրցակիցն է, որը ստեղծագործական լայն դաշտ է ստեղծում իտալացի մասնագետի համար:
Այս դիմակայությունում հաղթողի անունը կասկածի տեղիք չի տալիս:
H խումբ
ՊՍԺ-«Լայպցիգ»/ 23:55
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Իստամբուլ»/ 23:55
H խմբի մրցաշարային աղյուսակը տեսողական խաբկանքի էֆեկտ է թողնում:
Զարմանալ կարելի է, որ ՉԼ-ի նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակիցը խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Ավելի քան զարմանալի է, որ ՊՍԺ-ն կարծես ոչ մի գործուն քայլ չի կատարում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Իհարկե, կարելի է ամեն ինչ բարդել վնասվածք ստացած ֆուտբոլիստների վրա, բայց ՝ ոչ այս դեպքում:
«Փարիզյան սուրճի» բաղադրատոմսի հեղինակը ՝ Թոմաս Տուխելը, խճճվել է սեփական տակտիկական նկրտումներում: Թիմի առաջատարների հետ ունեցած խնդիրներն իրենց «դրական» ազդեցությունն են ունենում թիմի խաղի վրա:
Իսկ ահա «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի գրանցած հաջողությունները, նրա առջև բացում են դեպի գրանդ ակումբներ տանող դարպասները:
Գերմանական մարզչական դպրոցի երիտասարդ ներկայացուցիչների այս մենամարտը շատ հարցերի պատասխան է խոստանում:
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կհանդիպի «Իստամբուլին», որին պարտվել էր Թուրքիայում:
Սուլշերի թիմի համար սա շատ լավ հնարավորություն է վրեժ լուծել թուրքական ակումբից և 80%-ով ապահովել իր տեղը 1/8 եզրափակչում:
ՄՅՈւ-ի երկրպագուների բոլոր հույսերն ու հայացքները կրկին ուղղված են լինելու Մարկուս Ռեշֆորդի և Բրունու Ֆերնանդեշի կողմը:
Նարեկ Գրիգորյան