Հաջորդ մրցաշրջանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է կտրուկ քայլերի դիմի: ArmSport-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը:
«Կարծում եմ` եկող մրցաշրջանում ֆեդերացիան պետք է կտրուկ քայլերի դիմի: Այդ դեպքում բոլոր թիմերը կլինեն հավասար պայմաններում: Նախևառաջ թիմերում պետք է հայ դարպասապահ լինի: Հավաքականներում դարպասապահների խնդիր ունենք:
Հայ ֆուտբոլիստները եթե խաղան, կաճեն, կզարգանան, բայց հայ խաղացողներին այստեղ տեղ չեն տալիս: Այստեղ մենք մեզ լեգեոներ ենք զգում: 8 տարի խաղացել եմ արտերկրում, ինձ այնքան լեգեոներ չեմ զգացել, որքան այստեղ՝ վերջին 2 տարում: Առաջին լիգայում չափազանց մեծ թիվ են կազմում լեգեոներները` չինացի, ճապոնացի … Առաջին խմբում իրավունք չունեն այդքան շատ լեգեոներներ լինեն: Առաջին խմբում պետք է հանդես գան հայ 16, 17, 18 տարեկան տղաները»,- ասում է Արթուր Եդիգարյանը:

Նրա խոսքով, կարևոր է նաև այն, որ Առաջին խմբի թիմերը գլխավորեն միայն հայ մասնագետները.
«Առաջին լիգայի բոլոր թիմերը պետք է գլխավորեն հայ մասնագետները: Նրանց պարբերաբար պետք է վերապատրաստման ուղարկեն, դասընթացների»:
Խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակի և ՀՖՖ նախագահի սպասվելիք ընտրությունների մասին` Արթուր Եդիգարյանն ընդգծում է, որ ցանկացած դեպքում շեշտը պետք է դրվի հայկական ֆուտբոլի զարգացման վրա.
«Չգիտեմ, թե ով կընտրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում: Ամեն դեպքում, ով էլ ընտրվի նախագահի պաշտոնում, ովքեր էլ ընդգրկվեն Գործադիր կոմիտեում, առաջնահերթ քայլերը պետք է ուղղված լինեն հայկական ֆուտբոլի զարգացմանը, հայ ֆուտբոլիստների ու մարզիչների իրավունքերի պաշտպանությանը: Սա Հայաստանի առաջնությունն է, Հայաստանի հավաքականը … պետք է պաշտպանել հայերի շահերը: Պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, մտածել հայ պատանի ու երիտասարդ խաղացողների մասին:
Ցանկացած իրավիճակ էլ կարելի է հաղթահարել: Կարծում եմ` պետք է հաջորդ մրցաշրջանից սկսած փոխել ամեն ինչ: Անել այնպես, որ բոլորը լինեն հավասար պայմաններում: Պետք է զարգացնել մրցավարական կորպուսը, երիտասարդ մարզիչներին ուղարկելով վերապատրաստման, որպեսզի նրանք, անդադար սովորելով, կարողանան ֆուտբոլային լավ սերունդ կրթել:

Երիտասարդ ֆուտբոլիստները պետք է մտածեն միայն ֆուտբոլի մասին, լինեն աշխատասեր, նվիրված, հակառակ դեպքում հաջողության չենք հասնի: Առհասարակ, եթե ազգովի միասին ենք, կարողանում ենք հաջողությունների հասնել: Այս իրավիճակում ևս, ֆուտբոլային աշխարհը պետք է միասնական լինի, և ոչ թե գործի առանձին-առանձին»,- եզրափակում է իր խոսքը Արթուր Եդիգարյանը:
Նարե Հովհաննիսյան