Ավարտվեց Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի առաջին հատվածը:
Մինչ առաջնության մեկնարկելը, շատերն այն կարծիքին էին, որ չեմպիոնության համար պայքարելու են «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը»: Հենց այս 2 թիմերն էին իրենց եվրագավաթային ելույթներով ստիպել բորորին այդպես մտածել: Այդ թյուր կարծիքին էր նաև Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Այն ժամանակ նա գլխավորում էր «Ալաշկերտը» և խաղերից մեկի ավարտից հետո ասաց հետևյալը.
«Այսպիսի կազմով մենք չենք կարող պայքարել չեմպիոնության համար. հիմնական ֆավորիտները երկուսն են՝ «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը»: Հենց նրանց միջև կընթանա հիմնական պայքարը»:

Վերջապես, առաջնության մասնակիցների թիվն ավելացել էր: Այս անգամ մարտադաշտ մտավ 10 ակումբ: Վերջին անգամ 10-ից ավել ակումբ առաջնությանը մասնակցել էր 2003թ-ին: «Երևանն» առաջին անգամ ներկայացավ Բարձագույն խմբում: 2 ակումբ՝ «Բանանցն» ու «Արցախը » անվանափոխվեցին ու սկսեցին ելույթնեը համապատասխանաբար «Ուրարտու» ու «Նոա» անվանումներով:
Առաջնության հենց սկզբում շատերին հաճելիորեն զարմացրին Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Վերջինս սկսեց խաղալ կայուն դրական ֆուտբոլ և մինչ օրս «Արարատը» առաջատարների թվում է:
Վարդան Բիչախչյանի «Շիրակը», ինչպես միշտ, պինդ ընկույզ է, բայց արդեն հաղթանակները չեն շրջանցում գյումրեցիներին:

Եվրագավաթային անհաջողությունները ներքին առաջնություն բերեց «Ուրարտուն»: Ֆայզուլինի գլխավորությամբ ակումբը մեկնարկային 7 խաղում ոչ մի հաղթանակ չուներ՝ կրելով 5 պարտություն: Ակումբում վերջերս փոխեցին գլխավոր մարզչին․ Իլշատ Ֆայզուլինին այդ պաշտոնում փոխարինեց Ալեքսանդր Գրիգորյանը:
«Նոան» սկսեց հաճելիորեն զարմացնել: Նոր սեփականատերերի ձեռագիրը սկսեց ակնառու դառնալ, իսկ ակումբի խաղը՝ ակնահաճո:
Վանաձորի «Լոռին», ինչպես միշտ, իր հաղթողի հոգեբանությամբ ցանկացած խաղում պայքարում է մինչև վերջ և հիմա «Լոռին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» եվրագավաթային սթրեսից հետո վատ սկսեցին առաջնությունը: Սակայն, եթե գործող չեմպիոնն աստիճանաբար հավաքվեց ու բարձրացավ մրցաշարային աղյուսակում, ապա «Փյունիկը» մինչ օրս անդունդում է : Ակումբը նույնիսկ դիմեց մարզչական փոփոխության. Տարխանովին փոխարինեց Չախալյանը:
«Գանձասար-Կապանը», չնայած վատ մեկնարկին, այնուամենայնիվ իր ցուցադրած խաղով ոչ մի ակումբի համար նվեր չէ: Կապանյան թիմը նույնիսկ դուրս է եկել Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

«Ալաշկերտը» նույնպես հաջող չսկսեց առաջնությունը: Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ ակումբն իր համար անսովոր դիրքերում էր: Այստեղ նույնպես կատարվեց մարզչական փոփոխություն: Հերթական անգամ հեռացավ Խաշմանյանը, իսկ նրան փոխարինեց Արմեն Ադամյանը: Ադամյանը բավականին ամուր ու մարտունակ թիմ ստեղծեց կարճ ժամանակահատվածում ու գործող գավաթակիրը հիմա մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է:

«Երևանի» մասին, կարծում եմ, խոսելն ավելորդ է: Նորեկը եկավ ու իրեն նորեկի պես պահեց: Ակումբը 15 խաղում կրել է նույնքան պարտություն: Խփել է 11 և բաց թողել 53 գնդակ: Ցավոք, վերջին տուրում թիմը խաղաց առանց պահեստային խաղացողների ու առանց գլխավոր մարզչի: Թիմի ապագան մշուշոտ է, բայց հուսանք, որ թիմը կհայտնվի հոգատար մարդկանց հսկողության տակ:
Ինչպես հայտնի է, առաջնությունը կվերսկսվի 2020 թ-ի փետրվարի 28-ին: Եվս 3 տուր ու լավագույն վեցյակը հայտնի կդառնա: Այս պահին վեցյակում ամրագրված տեղ չունի ոչ մի ակումբ: Տեսականորեն նույնիսկ առաջատար «Լոռին» կարող է դուրս մնալ այդ շարքից: Իսկ գործնականում միայն «Փյունիկը» կարող է մտնել վեցյակ: Եթե անկեղծ՝ դժվար է լավագույն 6-ին պատկերացնել առանց «Փյունիկի», բայց ունենք այն, ինչ ունենք:
Հետնապահ քառյակի պայքարը ձևական բնույթ կկրի, քանի որ կասկած չի հարուցում «Երևանի»՝ Բարձրագույն խմբից դուրս մնալու փաստը: Իսկ ահա չեմպիոնության համար պայքարը շաաատ թեժ է լինելու: Պատկերացնու՞մ եք, 6-րդ տեղում գտնվող թիմն առաջատարին զիջում է 4 միավորով: Էլ ի՞նչ է պետք լարված պայքար տեսնելու համար. երևի թե անաչառ մրցավարություն, ինչն ամենակարևոր կետերից է մերօրյա ֆուտբոլում:
Ինչևէ, առջևում գերլարված 3 տուր կա, բայց մինչ այդ խաղերը թիմերը կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ: Ոմանք կուժեղացնեն իրենց կազմերը, ոման կթուլանան, բայց այն, որ այս առաջնությունը նմանը չունեցող պայքարային է լինելու, կարծում եմ՝ շատերը կփաստեն:
Մեզ մնում է սպասել ու հուսալ, որ այն ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում, միայն ու միայն դրականորեն կազդի հայկական ֆուտբոլի զարգացման վրա: