Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները առաջին չորս խմբերում: Այսօր, նոյեմբերի 27-ին կկայանան E, F ,G և H խմբերի հանդիպումները, որտեղ մենք ականատես կլինենք բավականին հետաքրքիր դիմակայությունների:

Armsport-ը հայացք է նետում այդ խմբերում տիրող իրավիճակներին և իրադարձությունների հետագա հնարավոր զարգացումներին:
E Խումբ. Կխաղա արդյո՞ք «երիտասարդ վիկինգը»
«Լիվերպուլ» – «Նապոլի» 00:00
«Գենկ» – «Զալցբուրգ» 00:00
Խմբի կարևորագույն խաղը կկայանա «Էնֆիլդում», որտեղ Յուրգեն Կլոպի թիմը կընդունի նեապոլիտանացիներին: Հաղթանակի դեպքում «Լիվերպուլը» կապահովի առաջին տեղը խմբում, սակայն փլեյ-օֆֆի ուղեգիրն արդեն այս տուրում ամրագրելու համար հաղթանակ է պետք նաև «Նապոլիին»: Այնպես որ, սպասում ենք անզիջում պայքարի:
Հաջորդ խաղում քչերն են կասկածում, որ «Զալցբուրգը» երեք միավոր կտանի Գենկից, սակայն հետաքրքիր է մեկ այլ փաստ՝ կխաղա՞ այսօր մրցաշարի հայտնություն դարձած Հոլանդը, եվ եթե խաղա՝ կշարունակի՞ «ռմբակոծել» մրցակցի դարպասը: Նշենք, որ Հոլանդը բաց էր թողել Ավստրիայի առաջնության վերջին հանդիպումը: Հաղթանակի դեպքում, կախված մյուս խաղի արդյունքից, ավստրիական ակումբը կարող է խառնել անգլիացիների և իտալացիների խաղաթղթերը:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🏴Լիվերպուլ | 9 |
2 | 🇮🇹Նապոլի | 8 |
3 | 🇦🇹Զալցբուրգ | 4 |
4 | 🇧🇪Գենկ | 1 |
F Խումբ. Ֆավրի վերջին հանդիպու՞մը
«Բարսելոնա» – «Բորուսիա» 00:00
«Սլավիա» – «Ինտեր» 00:00
Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Կատալոնիայի մայրաքաղաքում: «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսան» կընդունի ճգնաժամի մեջ գտնվող «Բորուսիային»: Այս հանդիպումը կարող է վերջինը լինել հյուրերի մարզիչ Լյուցիան Ֆավրի համար: Սակայն… Վալվերդեն ևս պետք է զգոն լինի:
Անկախ, թե վերը նշված խաղում ինչ ելք կգրանցվի, Կոնտեի «Ինտերին» Պրահայում անհրաժեշտ է միայն հաղթանակ, որպեսզի միլանյան ակումբը շարունակի իր «նավարկությունը» ՉԼ-ում:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇪🇸Բարսելոնա | 8 |
2 | 🇩🇪Բորուսիա | 7 |
3 | 🇮🇹Ինտեր | 4 |
4 | 🇨🇿Սլավիա | 2 |
G Խումբ. Բոլորը խաղի մեջ են
«Զենիթ» – «Լիոն» 21:55
«ՌԲ Լայպցիգ» – «Բենֆիկա» 00:00
Այս խմբում բոլորը «խաղի մեջ են»: «Զենիթին» և «Բենֆիկային» այս տուրում անհրաժեշտ են միայն հաղթանակներ: Ռուսական ակումբը հյուսիսային մայրաքաղաքում կընդունի Լիոնի «Օլիմպիկին» և, հաշվի առնելով ֆրանսիացիների ներկայիս մարզավիճակը, Ձյուբան և ընկերները կարող են ակնկալել երեք միավոր այս խաղում:
Իսկ ահա պորտուգալական ակումբի համար համեմատաբար դժվար կլինի սխրանք գործել Սակսոնիայում: «Լայպցիգը» այժմ շատ լավ մարզավիճակում է, որը վերջին երկու խաղերում 8 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: Սակայն, պաշտպանական գիծը այդքան էլ չի փայլում, և «Բենֆիկայի» հարձակվողների ակտիվությունից և արդյունավետությունից այսօր շատ բան կախված կլինի:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇩🇪ՌԲ Լայպցիգ | 9 |
2 | 🇫🇷Լիոն | 7 |
3 | 🇷🇺Զենիթ | 4 |
4 | 🇵🇹Բենֆիկա | 3 |
H Խումբ. 3+1
«Վալենսիա» – «Չելսի» 21:55
«Լիլ» – «Այաքս» 00:00
Այս խումբը բավականին հետաքրքիր է… Բավարար է միայն հայացք նետել աղյուսակին, և պարզ կդառանա, թե ինչ լարված և անկախատեսելի հանդիպումներ են մեզ սպասվում: Առաջին խաղում «Վալենսիան» կընդունի սեփական հարկի տակ Լեմպարդի կոլետիվին: Ի՞նչ սպասել այս հանդիպումից. Անկեղծ ասած, կանխատեսելն անշնորհակալ գործ կլինի այս խաղում:
Իսկ երկրորդ հանդիպման հետ կապված, շատերը կհամաձայնվեն, հաղթանակի նժարը հոլանդական ակումբի կողմն է: Տպավորությունն այնպիսին է, որ «Այաքսի» փամփուշտները դեռ չեն սպառվել անցած մրցաշրջանից և ամստերդամցիները շարունակում են հանդես գալ նույն բարձր տեմպով այս տարի ևս:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇳🇱Այաքս | 7 |
2 | 🏴Չելսի | 7 |
3 | 🇪🇸Վալենսիա | 7 |
4 | 🇫🇷Լիլ | 1 |
Վար Բաբայան