Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարել է մայիսի սկզբին խոշոր օնլայն մրցաշարի անցկացման մասին։ Ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու են շախմատային մի շարք սուպերաստղեր, այդ թվում նաև կարիերան ավարտած շախմատիստներ։ Մասնավորապես, մրցաշարին մասնակցելու է աշխարհի 13-րդ չեմպիոն, լեգենդար Գարի Կասպարովը։
Սա առաջին օնլայն մրցաշարն է ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակահատվածում։
Այսպես, մայիսի 5-ից 10-ը անցկացվելու է Ազգերի գավաթի խաղարկությունը։ Մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև Աշխարհի հավաքականները։ Անցկացվելու են արագ շախմատի պարտիաներ։
ՖԻԴԵ-ին մրցաշարի կազմակերպման գործում օգնել է շախմատային օնլայն խոշորագույն պլատֆորմ հանդիսացող Chess.com կայքը։ Միջինը այդ կայքում օրական 9 միլիոն պարտիա են խաղում։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 180 հազար դոլլար։ ՖԻԴԵ-ի պնդմամբ՝ մրցաշարի հանդիպումները նման են լինելու 1970 թվականին ԽՍՀՄ-ի և Աշխարհի հավաքականի միջև կայացած խաղերին։ Այդ ժամանակ Աշխարհի հավաքականը գլխավորում էր Բոբբի Ֆիշերը։
Մրցաշարին մասնակցելու են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ու 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը։ Հատկանշական է, որ թե՛ Կասպարովը, թե՛ Կրամնիկը ավարտել են պրոֆեսիոնալ կարիերան։
ՖԻԴԵ-ն վստահեցրել է, որ կապահովի արդար խաղի կանոնները։ Խաղերի ընթացում շախմատիստները տեսակապով հասանելի են լինելու, իսկ նրանց խաղը հսկելու է մրցավարական անձնակազմը։