Մոսկվայի հիմնադրման 874-րդ ամյակին նվիրված երևանյան միջոցառումների շրջանակում օրերս նաև շախմատի բլից մրցաշար է անցկացվել։Այն անցկացվել է երկրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի և Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։ Այս մասին ArmSport-ը զրուցել է կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ։
Մրցաշարի հաղթող է ճանաչվել երիտասարդ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է սպորտի վարպետի թեկնածու Ռոբերտ Փիլիպոսյանը, իսկ լավագույն երրորդ արդյունքը գրանցել է գրոսմայստեր Արման Միքայելյանը։
«Կարելի է ասել՝ սեպտեմբի մեկից սկսել ենք Մոսկվայի օրվան նվիրված միջոցառումները, որի շրջանակում նաև շախմատի մրցաշար անցկացրինք, ի դեպ երկրորդ տարին անընդմեջ։ Պարզապես նախորդ տարի՝ օնլայն ձևաչափով։ Ինչպե՞ս առաջացավ այս գաղափարը․ մենք միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել շախմատի ակադեմիայի և անձամբ պարոն Լպուտյանի հետ, այնպես որ չէինք կարող այս մրցաշարն ավանդական չդարձնել։
Հուսով ենք՝ հետագայում էլ կանցկացնենք, ավելին կփորձենք ընդլայնել մասշտաբները։ Նախորդ տարի օնլայն մրցաշարին շախմատիստներ մասնակցեցին նաև Ռուսաստանից, սակայն այս անգամ՝ տեղաշարժման բարդություններով պայմանավորված, ՌԴ-ից մասնակիցներ չունեցանք, բայց թե՛ մենք, թե՛ մեր ռուս գործընկերները շատ ենք ցանկանում, որ հաջորդ տարիներին Ռուսաստանից ևս մասնակիցներ ունենանք»,- ասել է Վահրամ Կարապետյանը՝ ընդգծելով, որ այս տարի մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացնել ավելի քան 150 հայ շախմատիստ՝ թե՛ սկսնակ, թե՛ գրոսմայստերներ։
«Հատկանշական է, որ մրցաշարի նախնական փուլերին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ով մի քանի փուլ հաղթահարեց, բայց հետո դուրս մնաց պայքարից։ Ո՞ւմ հետ էր խաղում․ բոլորին չգիտեմ, բայց երբ բացման խաղում անցնում էի նրա խաղասեղանի կողքով, նրա մրցակցին հարցրի, թե ինչ կարգ ունի, ասաց, որ առաջին։ Դպրոցական պատանի տղա էր, առաջին կարգ ունեցող, որը խաղում էր դեսպանի հետ։ Ալեքսանդր Կոնյուկը շատ է սիրում շախմատ, և շատ արժանի մրցակից էր, թեպետ չհասավ մինչև եզրափակիչ։ Սեպտեմբերի 3-ին կայացավ մրցաշարի առաջին տուրը շախմատի ակադեմիայում, իսկ արդեն սեպտեմբերի 4-ին Մոսկվայի տանը կայացավ եզրափակիչը, որի ընթացքում միմյանց հետ մրցեց 14 ուժեղագույն շախմատիստ ։ Շատ ուժեղ մրցաշար ստացվեց, եզրափակչի 14 մասնակիցներից 7-ը գրոսմայստերներ էին։ Բլից մրցաշար էր ու շատ անկանխատեսելի։
Մեզ համար շատ հաճելի էր, որ հատուկ այս մրցաշարին ներկա գտնվելու համար Հայաստան էր ժամանել Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության պետի տեղակալ Եվգենի Դրիձեն, ով նաև մասնակցեց պարգևատրման արարողությանը։ Պարգևատրման արարողությանը մասնակցեցինք նաև ես ու Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը»,- ասում է Վահրամ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով, այս մրցաշարն իր ձևով նպաստում է ինչպես հայ շախմատիստների փորձի ավելացմանը, այնպես էլ դրական կետ է հայ-ռուսական մշակութային հարաբերությունների ամրապնդման առումով․
«Կարծում եմ՝ այս մրցաշարով մենք երիտասարդ հայ շախմատիստներին իրենց ուժերը ցուցադրելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն ենք ընձեռում: Մյուս կողմից էլ,սա յուրատեսակ մշակութային երկխոսություն է մեր երկու քաղաքների՝ Երևանի և Մոսկվայի միջև, ինչը կնպաստի այս երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծում է Վահրամ Կարապետյանը։
Նշենք՝ բացի շախմատի բլից մրցաշարից, անցկացվել է նաև շաշկիի մրցաշար, որը ևս մեծ թվով մասնակիցներ է ունեցել․
«Իհարկե, Հայաստանում շախմատը շատ ավելի մեծ մասսայականություն է վայելում ու մեր մրցաշարն էլ անցավ շատ բարձր մակարդակում՝ բարձր մրցակցության պայմաններում, բայց շաշկիի մրցաշարը ևս հետաքրքիր էր։ Շաշկիի հայ մարզիկները ևս արժանի ելույթներ են ունենում միջազգային մակարդակում ու նրանց մեծ մասը մասնակցեցին մեր մրցաշարին։
Շատ հաճելի էր մրցաշարի եզրափակիչ փուլում տեսնել ամենատարեց մասնակցին, որն 84 տարեկան էր։ Ճիշտ է, մրցանակային տեղ չզբաղեցրեց, բայց ուժեղագույնների թվում էր։ Շաշկիի մրցաշարը ևս ամենամյա բնույթ է կրում»։
Վահրամ Կարապետյանի խոսքով, Մոսկվայի օրվան նվիրված միջոցառումները կտևեն մինչև սեպտեմբերի 9-ը։