Իտալական Ա սերիան ևս ավարտվեց: Ավարտվեց «Յուվեի»՝ 9-րդ անընդմեջ չեմպիոնությամբ: Մինչ համավարակն իրական չեմպիոնական պայքարի էինք ականատես լինում, որին մասնակից էին «Լացիոն» ու «Յուվենտուսը»:
Ճիշտ է, «Լացիոն» ամբողջ առաջնության ընթացքում այդպես էլ չկարողացավ վայելել առաջին հորիզոնականում գտնվելու հաճույքը, սակայն կենաց մահու կռիվ էր տալիս մինչ համավարակը:
Համավարակով պայմանավորված դադարից հետո «Լացիոն» դժվարությամբ 1-2 խաղ հաղթեց, իսկ հետո այլևս չկարողացավ նախկին տեմպը պահպանել ու «զիջեց» չեմպիոնությունը: 24-րդ տուրից սկսած «Յուվեն» ստանձնեց առաջատարությունը, որտեղ էլ մնաց մինչև առաջնության ավարտը:
Ամբողջ առաջնության ընթացքում միայն 2 թիմ եղավ առաջին հորիզոնականում. Միլանի «Ինտերն» ու Թուրինի «Յուվենտուսը»: «Ինտերը» վերջին անգամ երկրորդ հորիզոնականում եղել է 23-րդ տուրում: «Յուվեն» Սարիի գլխավորությամբ շատ լավ մեկնարկեց առաջնությունում: Թիմը պաշտոնական խաղերում առաջին պարտությունը կրեց միայն դեկտեմբերի 12-ին: Այդ խաղում թուրինցիները զիջեցին անմիջական հետապնդող «Լացիոյին»: Ի դեպ, «Յուվեն» «Լացիոյին» պարտվեց նաև 10 օր անց կայացած սուպերգավաթի խաղում:
Դադարից անմիջապես հետո Սարիի թիմը տանուլ տվեց նաև գավաթի եզրափակիչը: Այնուհետև, 4 անընդմեջ հաղթանակ, իսկ այդ ընթացքում «Լացիոն» սայթաքում էր: Իսկ քանի որ մինչ այդ էլ ստաբիլ չէին հանդես եկել «Ատալանտան» ու «Ինտերը», չեմպիոնական պայքարում չէին: «Յուվենտուսն» առաջնության վերջին 8 տուրում կրեց 4 պարտություն, խաղաց 2 ոչ-ոքի ու տարավ 2 հաղթանակ: Ի դեպ, ամբողջ առաջնությունում գործող չեմպիոնը կրել է 7 պարտություն: Ինչն է հետաքրքիր, որ նախորդ առաջնության վերջին հատվածը «Յուվեն» նույնպես տապալել էր՝ վերջին 7 խաղում կրելով 3 պարտություն, խաղալով 3 ոչ-ոքի ու տանելով միայն մեկ հաղթանակ: Սակայն, այնտեղ վերջնաարդյունքում երկրորդ տեղում հանգրվանած «Նապոլիի» նկատմամբ ստացավ 11 միավորի առավելություն, իսկ այս առաջնությունում այդ առավելությունը միայն մեկ միավորի տեսքով էր: Ի դեպ, գործող չեմպիոնը միայն հաղթանակների քանակով առավելություն ուներ մյուս թիմերի նկատմամբ. պարտությունների, խփած և բաց թողած գնդակների թվով լավագույնը չէր: Խփած գոլերի թվով 5-րդն էր, իսկ բաց թողած գոլերի թվով՝ 3-րդը:
Միլանի «Ինտերն» առաջին 6 տուրից հետո առաջատարն էր: Առաջատար էր նաև 14-18-րդ տուրերում և 23-րդ տուրում: Կոնտեն հիանալի կոլեկտիվ էր ստացել: Դադարն ազդեց նաև միլանյան թիմի վրա: Հարձակման գծում Լաուտարո-Լուկակու զույգը չափազանց արդյունավետ էր: Արգենտինաբելգիական դուետը դարձել է 37 գոլի հեղինակ: Առաջնությունում Կոնտեի թիմը լավագույնն էր բաց թողած գոլերի ցուցանիշով. 38 խաղում՝ 36 բաց թողած գնդակ, իսկ խփած գոլերի քանակով երկրորդ արդյունքը գրանցեց: Մինչև 23-րդ տուրը «Ինտերը» եղել է առաջին կամ երկրորդ հորիզոնականում, իսկ 23-րդ տուրից հետո վատագույն արդյունքը եղել է չորրորդը՝ մեկ տուր:
Բերգամո քաղաքի «Ատալանտան» հերթական անգամ խելահեղ ֆուտբոլ ցուցադրեց: Գասպերինիի տղաները երկրորդ տարին անընդմեջ գրավեցին երրորդ հորիզոնականը: Ինչպես նախորդ առաջնությունում, այս տարի ևս «Ատալանտան» խփած գոլերով լավագույն արդյունքը գրանցեց. 98 գոլ: Պատահական չէ, որ թիմը մտադիր է պահել առաջատարներին ու հաջորդ տարի պայքարել չեմպիոնության համար: Սապատա-Մուրիել-Իլիչիչ եռյակն ընդհանուր առմամբ դարձավ 51 գոլի հեղինակ, որը թիմի խփած գոլերի 50 տոկոսից ավելին է: Բերգամոյի» թիմն այնքան էլ լավ չէր մեկնարկել առաջնությունում և 21-րդ տուրի դրությամբ 5-րդ տեղում էր: 22-րդ տուրից սկսած հայտնվեց քառյակում, իսկ լավագույն արդյունքը եղել է 35-րդ տուրի դրությամբ զբաղեցրված երկրորդ հորիզոնականը:
«Լացիոն», չնայած առաջատար Չիրո Իմոբիլեի գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, չկարողացավ դադարից հետո վերականգնվել և «Յուվեի» հետ պայքարել չեմպիոնության համար: Այնինչ, Թուրինի ակումբը բավականին հյուրընկալ էր ու տալիս էր բոլոր հնարավորությունները: Խփած գոլերով երրորդ, իսկ բաց թողած գոլերով երկրորդ արդյունք գրանցած թիմը վերջին 9 խաղում կրեց 5 պարտություն, տարավ 3 հաղթանակ ու խաղաց 1 ոչ-ոքի, իսկ աղյուսակում գրավեց 4-րդ տեղը՝ «Յուվեի», «Ինտերի» ու «Ատալանտայի» հետ նվաճելով ՉԼ-ի հաջորդ խաղարկության ուղեգիր: Խփած 36 գոլով առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Չիրո Իմոբիլեն:
Առաջնության մեկնարկից առաջ Լոնդոնի «Արսենալից» Հռոմի համանուն թիմ տեղափոխվեց Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Առաջնության մեկնարկում «Ռոմայի» գրանցած արդյունքները տպավորիչ չէին: Վնասվածք էր ստացել նաև Հենրիխ Մխիթարյանը: Ֆոնսեկայի տղաները 11-րդ տուրում կարողացան բարձրանալ 3-րդ հորիզոնական, սակայն այնտեղ երկար մնալ չկարողացան, իսկ 13-րդ տուրից սկսած «Ռոման» հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Մի քանի տուրում հայտնվեց նաև քառյակում, սակայն դա երկար չտևեց: 21-րդ տուրից հետո 5-րդ հորիզոնականը «Ռոմայինն» էր: Թիմի լավագույն ռմբարկուն բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն էր, որը դարձավ 16 գոլի հեղինակ: Մխիթարյանը դարձավ 9 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Կարևոր է նաև նշել, որ Հենոն անչափ կարևոր «ֆիգուր» է դարձել Ֆոնսեկայի սխեմայում, և առանց հայ ֆուտբոլիստի «Ռոմայի» ցուցադրած խաղում ստեղծագործական մասը կաղում է:
Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ Միլանի համանուն թիմը գլորվում է անդունդը: Ժամանակ առ ժամանակ իտալական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմերից մեկը կենդանության նշաններ է ցույց տալիս, սակայն դրանք միշտ ժամանակավոր են լինում: Համավարակով պայմանավորված դադարից առաջ «Միլանը» «տխուր» իրադրությունում էր: Թիմը, ճիշտ է, ձեռք էր բերել շվեդ գոլահար Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը, սակայն խաղի որակը այնքան էլ բարձր չէր և 8-րդ տեղում էր: Սակայն, դադարից հետո Պիոլիի թիմը 11 խաղից 8-ում հաղթեց, 3-ում խաղաց ոչ-ոքի՝ նվաճելով Եվրոպա լիգայի ուղեգիր: Այդ վաստակում ավանդ ունեն թիմի բոլոր խաղացողները, քանի որ այս «Միլանը» մեկ խաղացողից կախված չէ, ու թիմի երկրպագուները մեծ հույս ունեն, որ կշարունակվի թիմի աճը: Թիմը բաց թողած գնդակներով 4-րդն էր, իսկ լավագույն ռմբարկուն 11 գոլով Անտե Ռեբիչն էր: Ռեբիչը, Չալհանօղլուն ու Իբրահիմովիչը միասին դարձել են 30 գոլի հեղինակ: Ի դեպ, Երևանի «Նոան», ԵԼ-ի առաջին փուլը հաղթահարելու դեպքում, հնարավոր է, հանդիպի հենց «Միլանի» հետ:
Առաջնության ամենամեծ հիասթափություններից մեկը «Նապոլին» էր: Նախորդ տարվա արծաթե մեդալակիրն այս առաջնությունում չկարողացավ արժանի պայքար առաջարկել: Ճիշտ է, գավաթի խաղարկությունում հաղթանակը Գատուզոյի թիմին հնարավորություն տվեց ԵԼ-ի խմբային փուլի ուղեգիր վաստակել, սակայն առաջնությունում 7-րդ հորիզոնականը զբաղեցնելն իսկական ձախողում էր: Թիմը ոչ մի ցուցանիշով աչքի չընկավ: Նույնիսկ, լավագույն քսանյակում լավագույն ռմբարկու չուներ, բայց մի բան փաստ է, որ Գատուզոն աստիճանաբար կարգի է հրավիրել թիմը, և մյուս մրցաշրջանում կրկին պայքարող «Նապոլի» ենք տեսնելու: Չմոռանանք, որ Ջենարո Գատուզոն «Նապոլիի» ղեկը ստանձնեց 16-րդ տուրում, երբ թիմը 8-րդ տեղում էր:
Մրցաշրջանի արդյունքներով ուժեղագույնների խումբը լքեցին «Սպալը», «Բրեշիան» ու «Լեչչեն»: Լավագույնների ցանկ տեղափոխվող 2 ակումբի անունը հայտնի է: Ա սերիա են վերադառնում «Բենեվենտոն» ու «Կրոտոնեն»:
Արմեն Գարամյան