ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը արձագանքել են Եվրո-2020-ի խմբային փուլի Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։
Իմանալով, որ Էրիկսենի կյանքին ոչինչ չի սպառնում, Դանիայի հավաքականը պնդել է, որ հանդիպումն ավարտվի հունիսի 12-ին: ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ խաղը կվերսկսվի Երևանի ժամանակով 22:30-ին: Այդ խաղում Ֆինլանդիայի հավաքականը հաղթեց 1-0 հաշվով։
«Մեր մտքերը կապված են Քրիստիան Էրիկսենի, նրա ընտանիքի և Դանիայի ազգային հավաքականի հետ: Մեր լավագույն մաղթանքները», — մեջբերում է Ինֆանտինոյի խոսքերը ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
ՈւԵՖԱ-ի Twitter-ի գրառումը` Չեֆերինի խոսքերով․
«Նման պահերը թույլ են տալիս կյանքում տեսնել ամեն ինչ հեռանկարում: Քրիստիանին շուտափույթ ապաքինում եմ մաղթում և աղոթում, որ նրա ընտանիքը ուժ և հավատ ունենա…
Այս պահին ֆուտբոլային ընտանիքի միասնությունն այնքան մեծ է, որ յուրաքանչյուրի բարի ցանկություններն ու աղոթքները հասնում են նրան և նրա ընտանիքին: Ես լսեցի, որ երկու թիմերի երկրպագուները վանկարկում էին նրա անունը: Ֆուտբոլը հիանալի է, իսկ Քրիստիանն այն հիանալի է խաղում»:
Կարդացեք նաև՝ Ինպես են մարզադաշտում գտնվող երկրպագուներն աջակցում Էրիկսենին