«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կարող է շարունակել «Բավարիայում»: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանական ակումբը պատրաստ է 29-ամյա սենեգալցի պաշտպանի համար 45 մլն եվրո վճարել: Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին բոլոր մրցաշարերում 28 խաղի է մասնակցել, դարձել է մեկ գոլի հեղինակ, 7 անգամ զգուշացվել է դեղին քարտով, մեկ անգամ էլ հեռացվել է խաղադաշտից:
Հունվարին հաղորդվում էր, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը մտադիր չէ Կուլիբալիին վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նա պատրաստ կլիներ քննարկել վաճառքը միայն այն դեպքում, եթե ԱՊԼ-ի ակումբներից մեկը ֆուտբոլիստի համար 110 մլն եվրո առաջարկեր:
Ձմռանը Կուլիբալիով հետաքրքրվում էին «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Սենեգալցին 2014 թվականից է հանդես գալիս «Նապոլիի» կազմում: Մինչ այդ պաշտպանը հանդես էր գալիս բելգիական «Գենկում» և ֆրանսիական «Մետցում»: