Վերջին շրջանում հայկական ֆուտբոլային թեժ զարգացումներ են ծավալվել սոցցանցերում, զարգացումների կենտրոնում էլ հայտնվել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը։
Ռուսական մեդիաշուկայի ամենահայտնի դեմքերից մեկի՝ «Արարատ Մոսկվա» ՖԱ-ի հիմնադիր և նախկին սեփականտեր Արամ Գաբրելյանովի ֆեյսբուքյան գրառումներից պարզ դարձավ, որ վերջինս պատրաստվում էր ներդրումներ անել և դառնալ երևանյան ակումբի բաժնետերերից մեկը։ Նույն գրառումներից ակնհայտ է դառնում, որ բանակցություններն հաջողություն չեն ունեցել։ Ինչևէ, Արամ Գաբրելյանովը որոշել է բարձրաձայնել ակումբի ներքին խնդիրները՝ հայտարարելով, որ «Արարատի»՝ Ձորաղբյուրում գտնվող մարզաբազան վաճառված է և այլևս ակումբին չի պատկանում, ակումբը չի վճարել հյուրանոցին, որտեղ ապրում էին իր ֆուտբոլիստները, կան աշխատավարձերի պարտքեր։ Հնչեցված բոլոր տեղեկություններն «Արարատը» պաշտոնապես հերքել է։
Վալերի Հովհաննիսյանն այս մրցաշրջանի սկզբից հանդիսանում է Երևանի «Արարատի» գլխավոր մենեջերը։ Ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և Արամ Գաբրելյանովի բանակցությունները տեղի են ունեցել Վալերի Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ։ Ակումբի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին Վալերի Հովհաննիսյանի հետ ունեցած ArmSport-ի զրույցից պարզ է դառնում, որ ակումբի ներսում զարգացման ուղիների մասին պատկերացումներն ու մոտեցումները տարբերվում են։
-«Արարատ» ակումբի շուրջ վերջերս զարգացող խոսակցությունները չեն դադարում, ի վերջո ի՞նչ է կատարվում Ձեր ակումբում։
-Դե, ի՞նչ է տեղի ունենում․․․ պարզապես ակումբը երկար և դանդաղ մահանում է, իսկ ավելի կոնկրետ՝ ակումբին սպանում են։ Երկար տարիներ ոչինչ չի փոխվում։ Երկու տարի առաջ ինձ ակումբ հրավիրեց Վարդան Սրմաքեշը։ Ես նոր էի վերագործարկել «Արարատ Մոսկվա» ակումբը, երբ տեղեկացրեցին, որ ինձ հետ ուզում է հանդիպել Սրմաքեշը։ Մեկնեցինք, հանդիպեցինք և կամաց-կամաց սկսեցինք համագործակցել։ Կես տարի անց ինձ պաշտոնապես առաջարկեցին գլխավոր մենեջերի պաշտոնը՝ դա 2018-ի աշնանն էր։ Բանակցություններից հետո այս մրցաշրջանի սկզբից ես պաշտոնապես հանդիսանում եմ «Արարատ» ակումբի գլխավոր մենեջերը։

Երևանյան ակումբում աշխատանքի անցնելիս ունեի այսպիսի նախապայման․ ես օգնում եմ Սրմաքեշին բարձրացնել Երևանի «Արարատի» դիրքերը, վերականգնել երբեմնի համբավը, իսկ նա աջակցում է Մոսկվայի «Արարատին» ֆինանսական հարցերում։ Խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի, մենք հաշվեցինք՝ ինչ կկազմի «Արարատ Մոսկվայի» բյուջեն, հաստատեցինք և սկսեցինք համագործակցել։ «Արարատ Մոսկվայից» 6-7 ֆուտբոլիստի բերեցի երևանյան ակումբ։ Սկսեցինք թիմի կառուցմամբ զբաղվել։ Ես խոստացել էի անել առավելագույնը, որ թիմը լավագույնս հանդես գա և պայքարի բարձր տեղերի համար։
-Իսկ ի՞նչն այնպես չէ։ Ստացվում է, որ «Արարատում» զարգացումն ընթանում է այնպես, ինչպես պլանավորե՞լ էիք, թե՞ գրանցված արդյունքները սպասելիքները չարդարացրեցին։
-Կարծում եմ, որ սպորտային տեսանկյունից ամեն ինչ հաջողվեց։ Մենք ԲԽ առաջնության 14 տուրերին զբաղեցրել ենք առաջին տեղը։ Առաջնությունը շատ լավ ենք սկսել։ Բայց բուն ակումբում ոչինչ չի փոխվել։ Փոխվել է միայն այն, որ աշխատավարձերը վճարվում են ժամանակին։ Խոսակցություններ եմ լսել, որ նախկինում կարող էին 3-4 ամիս չվճարել աշխատավարձերը։ Հիմա արդեն վճարվում են ժամանակին, բայց ակումբում՝ մնացած հարցերում ոչինչ չփոխվեց, ինչպես կար, այնպես էլ մնաց։ Լքված մարզաբազան, մանկական ակադեմիան, անձնակազմը, որ աշխատում է ակումբում, չի ստանում պարգևավճարներ ակումբից՝ գրանցված հաջողությունների համար․ ես պայքարում էի դրա համար։ Շատ բան էի ուզում փոխել ակումբում, բայց, ցավոք, բացի ժամանակին աշխատավարձի վճարումը ուրիշ ոչինչ չհաջողվեց փոխել ակումբում։ Նաև փոխվեց, որ թիմը տեղափոխվեց ապրելու հյուրանոցում։
-Իսկ այն, որ սպորտային լավ արդյունքներ գրանցվեցին, դա շնորհիվ ինչի՞ տեղի ունեցավ․ դուք ավելի լա՞վ մոտիվացրեցիք թիմին, թե՞ ավելի ուժեղ ֆուտբոլիստներով համալրեցիք։ Հաջողության գաղտնիքն ինչու՞մն էր։
-Դե, ես փոխեցի բոլոր ֆուտբոլիստներին՝ բացի 2-3-ից, որ մնացին նախորդ մրցաշրջանից։ Թիմը գլխավորեց բարձր որակի մարզիչ՝ իր բարձրորակ մարզչական շտաբով։ Եվ այս բոլոր համալրումներն էլ ամբողջական հենց տվեցին իրենց արդյունքները։
-Ի դեպ վերջերս ռուսական ԶԼՄ-ը տարածեցին, որ գլխավոր մարզիչը հնարավոր է լքի ակումբը։ Նման քննարկումներ եղե՞լ են։
-Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում։ Նույնիսկ դրան մոտ խոսակցություններ անգամ չեն եղել ակումբում։
-Վերադառնանք ակումբի և Արամ Գաբրելայնովի միջև վերջին շրջանում ծավալվող հակամարտությանը։ Գաբրելյանովի գրառումներից պարզ է դառնում, որ պատրաստվում էր ներդրումներ անել ակումբում։ Նախ ինչի՞ց է առաջացել այդ գաղափարը․ ակումբը ֆինանսական խնդիրնե՞ր ունի, կար խնդիր, որ ակումբը չէր կարող գոյատևե՞լ, և, առհասաարկ, դա ու՞մ գաղափարն է եղել, Ձե՞ր։
-Սրմաքեշի հետ մեր պայմանավորվածությունից հետո ես արդեն տեսա, որ Մոսկվայի «Արարատի» համար գումարներ չեն փոխանցվում։ Իսկ «Արարատ Մոսկվա» ակումբը, որն առաջ պատկանում էր Գաբրելյանովին, նա արդեն փոխանցել էր իմ ընտանիքին։ 2018-ի աշնանը Գաբրելյանովը մոսկովյան «Արարատի» բաժնետոմսերի ամբողջ փաթեթը փոխանցել է իմ ընտանիքին՝ մի պայմանով, որ ինքս անձամբ չեմ լինի ակումբի բաժնետեր, որպեսզի անձնական պարտքերի առկայությունն այլ հետևանքներ չունենա ակումբի համար։ Արամ Գաբրելյանովը հանդիսանում է Երևանի «Արարատի» մեծ երկրպագուն, և ես նրան համոզեցի, որ ներգրավվի մեր այս նախագծում։ Մտածում էի՝ ակումբը դարձնենք 3 մեցենատների ակումբ, որոնք 5 տարվա ընթացքում լուրջ ներդրումներ կանեն։ Հաջողվեց, և Գաբրելյանովի ներդրումային առաջարկը ես ինքս տարել եմ Սրմաքեշի մոտ և առաջարկել հանդիպել անձամբ նրա հետ։ Գաբրելյանովը եկավ Շվեյցարիա, բանակցությունները շատ լավ էին ընթանում, մնում էր միայն իրավաբանական պահեր ճշտել։ Ի՞նչ խնդիր էինք դրել նոր բաժնետերեր ներգրավելով․ կառուցել ուժեղ թիմ, ունենալ ժամանակակից մարզաբազա, լավ ակադեմիա։ Եվ բոլոր բանակցությունները գալիս հանգում էին մարզաբազային։ Երբ հարցը հասնում էր բազային, բանակցությունները մտնում էին փակուղի։

-Կմանրամասնեք, թե ինչո՞վ էր բազան խանգարում բանակցություններին։
-Ներդրումային ծրագրով ցանկանում էին մարզաբազան ակումբին պատկանող կառույց տեսնել, այսինքն բաժնետեր դառնալ ակումբին, որն ունի բազա։ Եվ հենց դրա շուրջ ընդհանուր հայտարարի չկարողացան գալ։
-Այսինքն, դուք այն ժամանակ գիտեի՞ք, որ բազան ակումբին չի պատկանում։ Եվ առհասարակ դա այդպե՞ս է, թե՞ ոչ, վաճառվա՞ծ է բազան։
-Ես կարող եմ ասել հետևյալը, որ «Արարատը» պաշտոնապես հայտարարեց, որ բազան չի պատկանում ակումբին։ Ես միշտ մտածել եմ, որ բազան ակումբի սեփականությունն է, բանակցությունների ժամանակ պարզեցի, որ այդպես չէ։
-Ակումբը մեկնաբանեց, որ բազան պատկանում է «Արարատի» բաժնետերերից Հրաչ Կապրելյանին։
-Այո, պատկանում է նրան։
-Իսկ եթե տեսականորեն վերցնենք, որ Կապրելյանը մեկ օր դադարի բաժնետեր լինելուց, ապա ի՞նչ ճակատագիր է սպասվում բազային։ Այն մնալու՞ է որպես ակումբի սեփականություն։
-Ես այսօրվա դրությամբ հասկացա, որ բազան չի պատկանում ակումբին, այն պատկանում է Կապրելյանին։ Թոփ ակումբի համար դա ուղղակի այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել, դա թիվ մեկ սկզբունքն է, ակումբը պետք է ունենա ժամանակակից մարզաբազա և մանկապատանեկան ակադեմիա։ Ակումբը և բազան դա մեկ ամբողջական օրգանիզմ է։ Փաստաթղթային ձևակերպումներն էլ եթե մի կողմ դնենք, ապա պետք է տեսնել, թե ինչ սարսափելի վիճակում է գտնվում բազան, ես գիտեի, բայց պատրաստ էինք այն վերակառուցել և համապատասխանեցնել ժամանակակից բոլոր չափանիշներին։ Բազան այսօր իրենից ներկայացնում է ուղղակի հողատարածք Երևանից ոչ հեռու՝ կիսակառույց ինչ-որ շինություններով, երկաթյա մահճակալներով։ Դե, եթե մենք այսօր այն համեմատենք ռուսական ակումբների կամ ղազախական «Կայրաթի» բազաների հետ, տպավորություն է, որ մենք մոտ 50 տարով հետ ենք մնացել ամեն ինչից։
-Դուք նաև դպրոցի մասին խոսեցիք։
-Այն փաստացի կա, բայց եթե տեսնեք, թե այդ խեղճ երեխաներն ինչ գնդակներով են մարզվում, ինչ հանդերձանքով։ Նրանք ոչինչ չունեն։ Երևի մարզաշապիկներն էլ ծնողներն են ձեռք բերում։ Կարճ ասած՝ դպրոցը չի գործում այնպես, ինչպես պիտի գործեր պրոֆեսիոնալ ակումբի ակադեմիան։

-Իսկ հիմա ի՞նչ վիճակում է «Արարատ Մոսկվան»։
-Չի գործում․․․ փակվեց։
-Չի գործում, քանի որ Սրմաքեշը դադարեցրե՞ց ֆինանսավորումը, թե՞ այլ պատճառներ էլ կան։
-Այո, որոշակի փուլում նա հրաժարվեց վճարել և ասաց, որ պետք է այլ ներդրողներ էլ գտնել։ Ես ասացի՝ շատ լավ։ 2019-ի դեկտեմբերին, որպես ներդրող, բերեցի ռուսասատանյան շատ լուրջ մի բիզնեսմենի՝ ազգությամբ հայ, որը երևանյան ակումբի հետ կապված որևէ հավակնություն չուներ, բայց Մոսկվայում ցանկություն ուներ կերտելու «Արարատի» պատմությունը։ Նա ժամանեց Շվեյցարիա, պայմանավորվեցին, թե ինչ ներդրումներ կանեն՝ յուրաքանչյուրն իր բաժնեմասով։ Այդ անձը վերադարձավ Մոսկվա, ՌՖՄ-ում հավաստիացրեց, որ ակումբը կշարունակի իր գործունեությունը, բայց բոլորովին այդպես դուրս չեկավ։ Սրմաքեշը դադարեց կապի դուրս գալ։ Հիմա ակումբում մնացել են պարտքեր, չվճարված պարտավորություններ։
-Պարտքեր՝ Գաբրելյանովի ժամանակի՞ց մնացած, թե՞ Ձեզ փոխանցվելուց հետո։
-Ինձ փոխանցվելուց հետո՝ 2018-ի աշնանից։
-«Արարատ Մոսկվայի» հետ կապված ամեն դեպքում հարց է առաջանում, եթե Գաբրելայնովը պատրաստ էր լուրջ ներդրումներ անել երևանյան ակումբում, ինչու՞ նման ներդրումներ պատրաստ չէր անել իր նախկին ակումբում։ Այն իր համար բիզնես տեսանկյունից հետաքրքիր չէր, թե՞․․․․
-Գաբրելյանովը, որ պատրաստակամություն էր հայտնել միանալու «Արարատ Երևանի» նախագծին, դա նաև ենթադրում էր ներդրումներ մոսկովյան ակումբում։ Ի սկզբանե մտածում էինք, որ մոսկովյան ակումբը երևանյանին լավ ֆուտբոլիստներով մատակարարողի դեր կստանձնի։

-Իսկ «Արարատ Մոսկվայի» ֆիանանսական ծախսերը հոգալու պարտավորությունը Սրմաքեշի հետ ամրագրվել էր փաստաթղթո՞վ։
-Ո՜չ, այդ ամենը բանավոր պայմանավորվածությամբ էր որոշվել։ Սրմաքեշն ամենուրեք ասում էր, որ «Արարատ Մոսկվան» իր թիմն է, ժամանակը գնում էր, թիմը խաղում էր, Երևանյան թիմն էլ հաղթանակներ էր գրանցում, և ես ավելի էի համոզվում, որ Սրմաքեշը մոսկովայն թիմին կօգնի։ Իսկ հետո, երբ հաղթանակներին հաջորդեց երեք պարտություն, վերաբերմունքը կտրուկ փոխվեց մեր նկատմամբ։
-Դուք սպորտային մենեջմենթում երկար ճանապարհ անցած մարդ եք, ինչու՞ նման լուրջ ֆինանսական պարտավորությունները չեք ամրագրել փաստաթղթով, և արդյո՞ք «Արարատ Մոսկվայի» մասով Ձեր այսօրվա պահանջն իրավաբանական ուժ ունի։
-Ինչու՞ չեմ փաստաթղթերով ձևակերպել ակումբը․․․ որովհետև նա ինձ ծանոթացրեց մի մարդու հետ Անգլիայից՝ Վարդգես անունով, որը ոսկու բիզնեսով էր զբաղված։ Սրմաքեշն ասաց, որ նա կլինի «Արարատ Մոսկվայի» նախագահը, նա շուտով կգա Մոսկվա, և բոլոր փաստաթղթերը կվերաձևակերպեք նրա անունով։ Ես հավատացի նրան, և այդ հարցը ձգվեց․․․ ձգվեց ․․․մինչև այս ձմեռ, երբ ես արդեն բերեցի ռուսասատանյան բիզնեսմենին, և որոշվեց, որ նա պիտի լիներ նախագահը։

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե մոսկովյան ակումբի պարտքերի խնդիրը չլիներ, շատ ցայտուն չէին դառնա Ձեզ համար երևանյան ակումբի խնդիրները, և չէին սրվի հակասությունները։
-Ոչ, այնպես չէ, որ ճնշում է միայն «Արարատ Մոսկվայի» հարցը։ Իհարկե, դա խնդիրներից մեկն է, բայց ոչ՝ գլխավորը։ Ամենագլխավոր հարցն այն է, որ մարդը չի կատարում իր պարտականությունները, այս ամբողջ ընթացքում, որ ես եղել եմ ակումբում, մենք առաջ չգնացինք ո՛չ բազայի, ո՛չ բժշկական շտաբի առումով։ Ամեն ամիս ինչ-որ պարտքեր են մնում, մշտական ինչ-որ խնդիրներ ծագում։ Եվ իհարկե, մոսկովյան ակումբի պարտավորությունների չկատարումն էլ իր հերթին շատ մեծ խնդիր է։
-Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված, որ Գաբերլյանովը հիմա բարձրաձայնեց Երևանի «Արարատի» ներքին խնդիրները։ Պատճառը չկայացած գործա՞րքն էր։
-Մարդը, որը ակումբի մեծ երկրպագու է, ցանկանում էր օգնել՝ տեսնելով, թե ինչ վիճակում է ակումբը։ Նա մեծ եկամուտներ ունենալու նպատակներ չուներ, պարզապես ցանկանում էր օգնել, բարձրացնել ակումբի անունը, վերադարձնել երբեմնի համբավը։ Գաբրելյանովի ներդրումային ծրագրից և նրան միացած այլ ներդրողների մասնակցությունից երևում էր, որ «Արարատը» կդառնար թոփ ակումբ։ Մենք չէինք ասում, որ Սրմաքեշը մի կողմ քաշվի ակումբից, մենք ասում էինք, որ նրա հետ միասին, նրա մասնակցությամբ գրանցենք այդ հաջողությունները։
-Գաբրելյանովը նաև գրառում էր կատարել, որ ակումբը պարտքեր ունի հյուրանոցին, որտեղ բնակվում էին ֆուտբոլիստները։ Ակումբը հերքեց։ Դուք ի՞նչ կասեք։
-Ես տեղյակ եմ․․․Կան պարտքեր հյուրանոցին։ Եթե չեմ սխալվում՝ 3 ամսվա համար չի վճարվել։ Ի դեպ ակումբը մինչև հիմա չի վճարել 2019-ի ամռանը Ռուսաստանում անցկացրած հավաքին վարձակալած մարզադաշտի համար՝ 10 000 դոլար։ Պատկերացնու՞մ եք, ինձ անընդհատ «Սպարտակից» ուղարկում են, որ դուք դաշտի համար չեք վճարել։ Իսկ առհասարակ այս մրցաշրջանի մարզումների ամբողջ գրաֆիկը ձախողվեց։ Մոսկովյան հավաքից հետո մենք պետք է մեկնեինք Սլովենիա, որը կտրուկ չեղարկեցին՝ Սրմաքեշի որոշմամբ։ Սոչիում հունվարին ունեցած հավաքից հետո պետք է մարզումներ անցկացնեինք և բարձրակարգ թիմերի հետ հանդիպումներ ունենայինք Կիպրոսում։ Վերջին պահին այդ հավաքն էլ չեղարկվեց, և որոշվեց, որ նորից Սոչիում կանցկացնենք հավաքը՝ ինչ-որ հանգստյան տանը՝ տատիկների և պապիկների հետ միասին, որտեղ բացի մոսկովյան «Սպարտակի» հետ անցկացրած հանդիպումից, այլ հիշարժան և բարձր մակարդակի ընկերական խաղեր չունեցանք։
-Իսկ աշխատավարձերի խնդիր կա՞, ուշացնու՞մ են հիմա։
-Ոչ, նման բան չկա։ Վերջին աշխատավարձը 4-5 օր ուշացրեցին, նման բան չկա, որ ամսիներով ուշացնեն։

-Իսկ կա՞ն ֆուտբոլիստներ, որ լքել են ակումբն այս ժամանակահատվածում։
-Ոչ, ոչ, մենք այս ամբողջ ժամանակահատվածում թիմը լրացրել ենք։ Ուղղակի Սրմաքեշը չունի ցանկություն ակումբը բարձրացնելու։ Երբ ես նոր էի եկել, երկրպագուներն ասում էին, թող վաճառի ակումբը և հեռանա։ Ես համոզում էի, որ սխալվում են երկրպագուները։ Դե նայենք մյուս ակումբներին, նրանք ունեն իրենց ավտոբուսները, միկրոավտոբուսները, բժշկական շտաբը։ Իսկ մեզ մոտ բացի այն, որ մենք սկսեցինք սպորտային արդյունքներ ցույց տալ, ուրիշ ոչինչ չի ավելացել։ Բյուջեն չի փոփոխվել։ Հյուրանոց տեղափոխվելուց բացի ուրիշ ոչինչ չի ավելացել։ Ես չէի կարող ասել, որ ֆուտբոլիստները բնակվեն Ձորաղբյուրում, որտեղ մահճակալները երկաթյա են, իսկ սնունդն էլ տալիս են փաթեթներով և ասում՝ դուք ինքներդ կտաքացնեք միկրոալիքային վառարաններում և կուտեք։
Ինչ Սրմաքեշը վերցրել է ակումբը, այս 22 տարիներին ոչ մի անգամ ակումբը չի հաղթել առաջնությունը, ոչ մի լուրջ հաջողություն չի գրանցել։
-Ձեր կարծիքով Հայաստանում ֆուտբոլը՝ որպես բիզնես, կարո՞ղ է հաջողակ լինել, արդարացնու՞մ է իրեն։
-Բերեք նույն Վրաստանի օրինակով նայենք։ Առանց պետության աջակցության նախկին ԽՍՀՄ երկրներում հնարավոր չէ։ Վրաստանում, օրինակ, և՛ Առաջին, և՛ Բարձրագույն խմբի ակումբերը պետությունից ստանում են որոշակի գումար, որով հնարավոր է գործունեության նվազագույն ծախսերը փակել։ Հայաստանում եթե չլինեն հարուստ ներդրողները ֆուտբոլում, ակումբները չեն ապրի։ Եվ այսօր Հայաստանում ֆուտբոլի զարգացումը, որպես բիզնես, ոչ շահութաբեր է։
-Այդ դեպքում միգուցե՞, եթե խորքային վերլուծենք, ձեր ակումբում առկա խնդիրներն ու զարգացման դանդաղ տեմպերը միայն բաժնետերերո՞վ չեն պայմանավորված, այլ նաև այն արտաքին գործոններո՞վ, որոնք առկա են հայկական ֆուտբոլային իրականությունում։
-«Արարատը» սովորական ակումբ չէ, նրա հետևում մեծ պատմություն է, դա ազգային ակումբ է։ Այդպիսին է «Սպարտակը» Ռուսաստանի համար, «Դինամոն» Ուկրաինայի համար։ Նման ակումբների համար միշտ մեծ հերթ է կանգնած ներդրողների, որոնք պատրաստ են դա անել և բարձր մակարդակի թիմ դարձնել։ Թեկուզ դա լինի միայն բարեգործություն, բայց դա կբերի մեծ հեղինակություն։ «Արարատն» այսօր այն հեղինակավոր թոփ ակումբն է, որին չի կարելի այսպես վերաբերվել։
-Դատելով այն ամենից, ինչ մեզ պատմեցիք՝ ես հասկանում եմ, որ կան ներքին տարաձայնություննե՞ր․․․
-Տարաձայնություններ չկան, ես պարզապես ցանկանում եմ Սրմաքեշին հասցնել, որ ֆուտբոլային ակումբում այսպես չեն ապրում։ Ես եկել եմ, և իմ առջև խնդիր է դրված դարձնել բարձր մակարդակի, մրցունակ ակումբ։ Ես կարծում եմ, որ «Արարատն» այսօր բավականաչափ մրցունակ է Հայաստանում։ Բայց չի կարելի այսպես վարվել։ «Նոայի» հետ խաղի ավարտից հետո՝ ձմեռային դադարից առաջ, ես այնքան վատ բաներ լսեցի իմ հասցեին, որ վատ ենք հանդես գալիս՝ այն դեպքում, երբ նախորդ մրցաշրջանում վերջին տեղից հետո, այս անգամ «Արարատը» 14 տուրում առաջատարն էր։ Իսկ ինչո՞ւ պետք է մենք առաջինը լինենք, ի՞նչն է առավել մեզ մոտ։ Աշխատավարձերի մակարդա՞կը՝ ոչ։
Օգնելու փոխարեն․․․բարձրացնել պարգևավճարները, բարձրացնել թիմի մոտիվացիան, աշխատավարձերի մակարդակը, ապագա ծրագրեր մշակել, սկսել մարզաբազան կառուցել։ Ես կարծում էի ամբողջ խնդիրը ֆինանասական է։ Ես հարց եմ տալիս՝ մենք ֆինանսական խնդիրներ ունե՞նք, պատասխանում են՝ ոչ։ Այդ դեպքում եկեք վճարենք։ Ինչու՞ չեն վճարվում մոսկովյան պարտքերը, ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ ենք մենք այսպես ապրում։
-Իսկ Դուք ապագայի ի՞նչ պլաններ ունեք։ Կհեռանա՞ք ակումբից, թե՞ կփորձեք լուծման ճանապարհներ փնտրել։
-Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ, ես ունեմ պայմանագիր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Եվ ես ուզւոմ եմ, որ ամեն դեպքում մարդն իր մոտեցումն ու կարծիքը փոխի։ Կամ թող ասի՝ ինձ այս ակումբը պետք չէ, ես վաճառում եմ և հեռանում։ Ես եկել եմ այստեղ այս մարդուն օգնելու, ես չեմ եկել քանդելու կամ այլ պրոցեսներ սկսելու։ «Արարատ Մոսկվայի» պարտքերը կուտակվեցին, դա փակել է պետք։ Մենք սկզբում ունեինք 800 000 դոլարի բյուջե, հետո՝ 600, 500, իսկ արդյունքում նույնիսկ 80 հազար չհատկացվեց։

-Ամեն դեպքում ակնհայտ է, որ դուք ակումբի զարգացման ուղիները տարբեր եք տեսնում։ Համատեղ աշխատանքն արդյոք հնարավո՞ր է։
-Կտեսնենք դեռ, մի քանի խաղ է մնացել այս մրցաշրջանում։ Տեսնենք, թե ինչպե՞ս և ե՞րբ կվերսկսի առաջնությունը։
Անկեղծ ասած՝ ես հայկական ֆուտբոլ վերադառնալու պլաններ չունեի, բայց երբ ինձ հրավիրեց նման պատմություն ունեցող ակումբը, որին երկրպագել են նաև իմ պապերը, իմ ծնողները, ես մեծ հպարտությամբ այստեղ եկա, և ես խնդիր չեմ դրել իմ առջև մեծ շահույթ հետապնդելու, այլ առաջնային է եղել «Արարատը» բարձրացնել։ Անկեղծ ասած՝ Սրմաքեշից ուղղակի նման վերաբերմունք չէի սպասում, և չեմ հասկանում նրա այս վերաբերմունքը սիրելի ակումբի նկատմամբ։ Ակումբի ներսում գնում է պայքար, թե ով կլինի ավելի մոտ Սրմաքեշին և ոչ՝ ով ավելի կզարգացնի ակումբը։
Գաբրելյանովն անընդհատ գրում էր, գրում էր, ես չէի ուզում այդ ամենին խառնվել։ Բայց լռել այլևս հնարավոր չէ։ Ես չեմ կարող, քանի որ տեսնում եմ, որ թիմին շատ դժվար է։ Այն, ինչ ակումբի աշխատակիցները հայտարարում են, թե մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, ամեն ինչ լավ է, այդպես չէ։ Մարդիկ աշխատում են, և վախենում են, որ կարող են իրենց հեռացնել։ Բայց նստել-լռելով ֆուտբոլն առաջ չի գնա։
Ես առաջարկում եմ իրավիճակը հանգուցալուծելու համար կազմել ֆինանսական ծրագիր՝ ակումբի առաջիկա 2-3 տարվա ամբողջ բյուջեն ու անելիքները հաստատված։ Բացի այդ ակումբում ստեղծել դիտորդական խորհուրդ, որտեղ ներգրավված կլինեն և՛ ֆուտբոլի վետերաններ, և՛ երկրպագուներ, և՛ հասարակության, ինչու չէ նաև պետական համակարգի ներկայացուցիչներ։ Դիտորդական խորհուրդն էլ թող ներսից ծանոթանա և իր անկողմնակալ գնահատականը տա՝ ուր է գնում «Արարատը»։
Զառա Օհանյան՝ Մոսկվայից
Հ․Գ․ ArmSport-ի խմբագրությունն առանց կրճատումների ներկայացրեց «Արարատի» գլխավոր մենեջերի մոտեցումներն ու գնահատականները։ ArmSport-ը պատրաստակամ է լսելու և հրապարակելու ամբողջական հարցազրույց կամ հարցազրույցներ ակումբի այլ ներկայացուցիչների հետ ևս։