Տիգրան Խալաթյանը ֆուտբոլային մարզիչ է, 2016 թվականից ապրում է Չինաստանում` Գուանդոնգ նահանգի Ֆոշան քաղաքում, և աշխատում է ֆուտբոլային ակադեմիաներից մեկում: Երկրում տարածված կորոնավիրուսի պատճառով սպորտային-կրթական հաստատություններն, ինչպես հայտնի է, փակ են: Չնայած Ֆոշան քաղաքում վարակակիրների թիվը շատ չէ, բայց, բնականաբար, կարանտինի կանոններին հետևելը պարտադիր է բոլորի համար:
ArmSport-ի հետ զրույցում Տիգրանը պատմում է` երեխաների հետ «օնլայն պարապմունքներ» են անցկացնում.
«Ամենօրյա ռեժիմով վիդեոհոլովակներ ենք ուղարկում ծնողներին։ Երեխաները նրանց հսկողության տակ կատարում են վարժությունները, իսկ ծնողները կարճ հոլովակով մեզ ուղարկում են արդյունքը։ Մեր մարզիչները նայում են, փորձում հուշումներ անել, որպեսզի վարժությունները ճիշտ կատարվեն»,- ասում է Տիգրան Խալաթյանը:
Չնայած գործարաններն արդեն սկսել են աշխատել, բայց կրթական հաստատությունները փակ են մինչ մարտի 2-ը ներառյալ։ Սա այս պահին գործող հրամանն է։ Հետո հնարավոր է երկարաձգվի։
«Ընդհանուր Չինաստանում սպորտային միջոցառումներ կամ, ընդհանրապես, այլ միջոցառումներ, որոնք պահանջում են խմբակային մասնակցություն, չկան։ Բայց Չինաստանի կանանց հավաքականը, օրինակ , հիմա մասնակցում է Օլիմպիական խաղերի նախընտրական փուլին, կարծեմ Ավստրալիայում։ Նրանք առաջնության մեկնարկին կարանտինում էին, և մարզումները անցկացնում էին կարանտինում։ Մի քանի խաղ հաղթել են, Ավստրալիայի հետ ոչ-ոքի են խաղացել ու դուրս եկել խմբից` հայտնվելով փլեյ-օֆֆում»,- պատմում է Տիգրանը:
Այս ընթացքում շատ հայեր են Չինաստանից վերադարձել Հայաստան. Տիգրանն ասում է` վերադառնալն այս պարագայում ավելի վտանգավոր կարող էր լինել, քան տանը մնալը.
«Վերադառնալն անիմաստ էր ու ավելի վտանգավոր, քան այստեղ տանը մնալը, որովհետև այստեղ ամեն ինչ պատրաստ է այս իրավիճակի համար, իսկ վերադառնալու դեպքում հավանականությունը շատ մեծ է, որ կարող ես վարակակրի հանդիպել»,- ասում է Տիգրանն ու ընդգծում, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է.
«13 օր անընդմեջ էպիկենտրոնից դուրս ամեն օրվա գրանցված նոր հիվանդների թիվը քչանում է։ Դա հուսալի միտում է»:

Խոսելով միջազգային մամուլի կողմից Չինաստանում տիրող իրավիճակի լուսաբանման մասին` Տիգրանը նշում է, որ թեպետ ուռճացման խնդիր չկա, բայց շատ բաներ այլ կերպ են ներկայացվում.
«Արևմտյան ինֆորմացիոն աղբյուրների մեծամասնությունը ոչ թե ուռճացնում են, այլ լուսաբանում են այն լույսի ներքո, որ այստեղ ամեն ինչ շատ վատ է, Չինաստանի կառավարությունը ամեն ինչ սխալ է անում: Եթե սկզբում ոչ մի քաղաքում դեռևս կարանտին հայտարարված չէր, քանի որ ամեն դեպքում ուսումնասիրության փուլ գոյություն ունի, որի ընթացքում պետք է պարզեին` վիրուսն իրենից ինչ է ներկայացնում, իսկ դա ժամանակատար գործընթաց էր, այդ ժամանակահատվածն օգտագործում էին Չինաստանի կառավարության դեմ , ասում էին` իշխանությունները թաքցնում են ինչ-որ բաներ, բայց հենց Չինաստանի կառավարությունը կարանտին հայտարարեց, լուսաբանման անկյունը փոխվեց. սկսեցին գրել, որ Չինաստանի կառավարությունը սկզբում այնքան է ամեն ինչ վատ արել, որ հիմա ստիպված 50 մլն բնակչությամբ քաղաքում կարանտին է հայտարարում, սահմանափակում է բնակչության տեղաշարժը, որպեսզի կանխի կորոնավիրուսի տարածումը:
Այսինքն կապ չունի` կառավարությունն ինչ էր անում, արտասահմանից դա լուսաբանվում էր որպես վատ: Մի պահ երբ արտասահմանյան հոդվածներ էի կարդում, լուրեր էի լսում, իսկ հետո դուրս էի գալիս փողոց, 180 աստիճանի տարբերություն կար: Ամեն ինչ բոլորովին այլ կերպ էր ներկայացված:

Եվս մեկ օրինակ կարող եմ բերել. արևմտյան լրատվամիջոցները մեծ տառերով ներկայացնում հիվանդների թիվը, մահացածների թիվն ավելի մեծ տառերով են ներկայացնում, իսկ լավացածների ու հիվանդանոցից դուրս գրվածների թիվը ներկայացնում են շատ փոքր տառերով` ներքևում մի տեղ գրված, կամ առհասարակ չեն էլ գրում: Կարծում եմ` այս վիրուսի լուսաբանումն արևմտյան լրատվամիջոցների կողմից իրականացնում է բացառապես քաղաքական երանգներով, ինչը շատ ցավալի է»,- ասում է Տիգրանն ու ընդգծում, որ երկրի կառավարությունն ու ժողովուրդն ահռելի ջանքեր են գործադրում` իրավիճակը կարգավորելու համար.
«Իրականում, Չինաստանի կառավարությունն ու ժողովուրդն աննորմալ ջանքեր են գործադրում, որ ամեն ինչ լավ վերջանա ու այս վիրուսի տարածումը հնարավորինս կանխվի: 1.4 մլրդ մարդ տնից դուրս չի գալիս , իսկ դա մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում: 3-4 շաբաթ աշխարհի բնակչության մոտ 20 տոկոսը տնից դուրս չի գալիս, որ վիրուսը չտարածվի: Չեմ պատկերացնում` էլ ի՞նչ պետք է անեին, որ աշխարհը գոհ մնար այս մարդկանցից»:
Տիգրանը հույս է հայտնում` շուտով կկարողանան վերսկսել մարզումները.
«Հիմա բոլորիս համար էլ դժվար է, բոլորն ուզում են մարզումները սկսել, բայց չենք կարող, քանի որ անվտանգության խնդիր կա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Մ15 և Մ17 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել ֆեյսբուքում` ի աջակցություն չինացի երեխաների, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողանում տանից դուրս գալ ու հաճախել մարզումների: Դանիելյանը տեսանյութ է պատրաստել` խորհուրդներ տալով չինացի երեխաներին, թե ինչպես մարզվել տան պայմաններում ու ինչ վարժություններ կատարել:
Տիգրանն ասում է` Արամ Դանիելյանի նախաձեռնությունը բարոյական աջակցության հիանալի օրինակ է.
«Ճանաչում եմ Արամին։ Մենք միասին ենք աշխատել որոշ ժամանակ։ Նման նախաձեռնություններն, իհարկե, կարևոր են, որովհետև շատ դժվար է երեխաների համար գրեթե չորս շաբաթ արդեն տանը մնալ ու դուրս չգալ։ Արամի նախաձեռնությունը բարոյական աջակցության հիանալի օրինակ է։
Մենք էլ մեր երեխաների համար վիդեոդասեր ենք պատրաստում՝ բաղկացած գնդակով և առանց գնդակ վարժություններից, որպեսզի նրանք որոշակի չափով տանը կարողանան և՛ զվարճանալ և՛ պահպանել մարզավիճակը»,- եզրափակում է իր խոսքը Տիգրան Խալաթյանը:
Նարե Հովհաննիսյան