Երբ նախորդ տարի Եվրագավաթներում հայկական թիմերն ավարտեցին ելույթները, ֆուտբոլին առնչվող մարդկանց մեծամասնության մոտ կարծիք ձևավորվեց, որ նոր մրցաշրջանում չեմպիոնական պայքարում լինելու են «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան», քանի որ այս թիմերը հիացրին Եվրոպա լիգայում, «Արարատ-Արմենիան»՝ մասնավորապես: «Փյունիկին» բախտը մի փոքր չժպտաց, քանի որ որպես մրցակից ստացել էր ոչ ավել, ոչ պակաս՝ «Վուլվզին»: Իհարկե, դոգմա չէր, որ այս թիմերն էին միայն պայքարելու չեմպիոնության համար, բայց այդ պահին, համենայն դեպս, այդպես էր ընդգծվում:
Երբ ձևաչափը ձեռնտու չէր որոշ ակումբների, բայց բոլորը լռեցին
2019/20 մրցաշրջանը բացառիկ էր տարբեր առումներով: Նոր ձևաչափ, որի առաջին հատվածում պետք է ձևավորվեր լավագույն վեցնյակը, հետո այդ 6 թիմերը պետք է պայքարեին մրցանակային տեղերի համար, իսկ մյուս քառյակը պետք է պարզեր, թե որ թիմն է լքելու Բարձրագույն խումբը: Ձևաչափի վերաբերյալ կարծիքները շատ էին ու տարբեր:
Այն, որ ֆեդերացիան նոր մրցաշրջանի համար ամենայն հավանականությամբ կփոխի ձևաչափը, փաստում է, որ չարդարացրեց իրեն այն ձևաչափը, որով խաղացին թիմերն արդեն ավարտված մրցաշրջանում:
Գիտենք՝ առաջնության մեկնարկից առաջ ֆեդերացիան դիմել էր ակումբներին նոր ձևաչափի վերաբերյալ, և ոչ մի ակումբ բարձրաձայն չդժգոհեց: Հնարավոր է՝ ներքին խոհանոցում համաձայն չեն եղել, բայց ինչպես ասում են՝ լռությունը համաձայնության նշան է, և երբ հայտնի դարձավ վեցնյակը, լավագույնների շարքից դուրս մնացած թիմերը սկսեցին դժգոհել: Դա, իհարկե, ճիշտ չէր: Եվ, իրավացիորեն, ֆեդերացիան չփոխեց իր որոշումը և առաջնությունը շարունակվեց այնպես, ինչպես սկսվել էր: Այլ հարց է՝ ձևաչափը ճիշտ չէր, քանի որ նախ մեկ անգամ չէ, որ տեսել ենք, թե ինչպես է առաջնության առաջին հատվածը ձախողած թիմը երկրորդ հատվածում բարձրանում մրցաշարային աղյուսակում և մրցանակային տեղ զբաղեցնում: Վատ էր նաև նրանով, որ «Երևանը» լքեց առաջնությունը, չնայած մինչ այդ էլ պարզ էր, որ «Երևանը» վերջինն է լինելու առաջնության ավարտին ու քառյակում պայքար չի լինելու, բայց իհարկե սա էլ հնարավոր չէր առաջնության մեկնարկից առաջ կանխագուշակել, բայց սա էլ փորձ էր ու ինչու ոչ՝ հասկացանք, որ այս պահին նման ձևաչափն արդյունավետ չէ:

Վեցնյակից դուրս մնացած թիմերի ձախողման պատճառները
Որքան էլ, որ անակնկալ էր, վեցնյակից դուրս մնացած թիմերի շարքում հայտնվեցին և՛ «Փյունիկը», և՛ Հայաստանում, ընդհանրապես տարածաշրջանում ամենալավ ակադեմիաներից մեկն ունեցող «Ուրարտուն», այնտեղ էր «Գանձասար-Կապանը»:
«Փյունիկն» առաջնության գերսենսացիան էր.
«Փյունիկի» ձախողումը բոլորի համար էր անակնկալ, քանի որ ակումբն իր կազմում ուներ բավականին ուժեղ ֆուտբոլիստներ, նաև՝ Հայաստանի հավաքականի անդամներ: Տարխանովի թիմը, միգուցե, ուշքի չէր եկել «Վուլվզից» կրած ջախջախիչ պարտությունից հետո: Թիմը նախորդ մրցաշրջանում մինչև վերջին տուրը պայքարեց չեմպիոնության համար: Ճիշտ է, մի քանի փոփոխություն եղավ, բայց հիմնական կորիզը նույնն էր: Տարխանովի հրաժարականն էին երկար ժամանակ պահանջում «Փյունիկի» համակիրները, և դա, ի վերջո, տեղի ունեցավ: Սուրեն Չախալյանը դարձավ գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Հետո եկավ Ռոման Բերեզովսկին: Մեր երբեմնի լեգենդար դարպասապահը մինչ «Փյունիկ» տեղափոխվելը ռուսական «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատարն էր ու ինչպես նա նշեց, վաղուց էր այդ պայմանավորվածությունը: Բերեզովսկին թիմի ղեկը ստանձնեց շատ պատասխանատու հատվածում: Թիմը կանգնած էր վեցնյակը լքելու շեմին: Բոլորս էլ լավ կհիշենք «Նոա»-«Փյունիկ» խաղը, երբ «Փյունիկը» պարտվեց 2-4 հաշվով ու դուրս մնաց վեցնյակից: Դա, ամենայն հավանականությամբ, «Փյունիկի» համակիրների համար ամենդաժան իրողություններից մեկն էր: Ձախողման պատճառը ֆուտբոլիստների մարզավիճակի ու մարզչական խնդիրն էր: Չխոսենք վերջին շրջանի գժտությունների մասին: Ինձ թվում է՝ Սուրեն Չախալյանին արժեր պահել մինչև վեցնյակի ձևավորման պայքարի ավարտը:

«Ուրարտուի» գրանցած արդյունքն ուղիղ համեմատական էր ոչ որակյալ լեգիոներների որակին.
«Ուրարտուում» ևս մարզչական փոփոխություն եղավ: Իլշատ Ֆայզուլինը դեռ նախորդ մրցաշրջանում հասցրել էր վայելել ակումբի ղեկավարության հարգանքն ու պատիվը: Վերջինիս հետ հայկական ֆուտբոլի պատմության ամենաերկարատև պայմանագիրը նույնիսկ ստորագրվեց, սակայն նա էլ երկար չմնաց: Ձախողված էր նոր մրցաշրջանի մեկնարկը: Չխոսենք Եվրոպա լիգայի մասին. կատարյալ էր այնտեղ ձախողումը: Հետո եկավ Ալեքսանդր Գրիգորյանը: Քանի որ թիմն այլևս չէր պայքարում վեցնյակի համար կամ շատ աղոտ էին հնարավորությունները, Գրիգորյանը սկսեց դիտարկել երկրորդ թիմի երիտասարդ հայերին՝ միաժամանակ ձեռքի տակ ունենալով այս կամ այն որակի մի շարք լեգիոներներ. չմանրանանք: Եվ այն հայտարարությունը Գրիգորյանի, որ առաջնության ավարտիվ հետո 10-ից ավելի ֆուտբոլիստ է հեռանալու, փաստում էր, որ նրանք չէին համապատասխանում «Ուրարտուի» խաղամնակարդակին: «Ուրարտուն» ձախողվեց վատ տրանսֆերների պատճառով: Միգուցե, կային նաև այլ ներքին պատճառներ, քանի որ վերջերս մի շարք վերանշանակումներ եղան թիմում, բայց ինչպես հասկանում ենք՝ Ալեքսանդր Գրիգորյանը մնալու է ու եկող մրցաշրջանում պետք է որ այլ «Ուրարտու» տեսնենք, քանի որ, իրոք, այդ թիմն ունի բոլոր հնարավորությունները: Ինչ-որ տեղ նրանք պարտավոր են նաև բարձունքում լինել: Այս առաջնությունը նաև տարբերվեց նրանով, որ «Արարատ-Արմենիան» բերելով բավականին ուժեղ ու փորձառու լեգիոներներ՝ ստիպեց մյուս թիմերին ևս ընտրել այդ ճանապարհը: Մի քանի ակումբ ընդունեց այդ մարտահրավերը. օրինակ՝ «Ալաշկերտը»:
Կապանյան թիմի կազմն ի շահ հայկական ֆուտբոլի էր, սակայն…
«Գանձասար-Կապանը» համալրվեց լեգիոներներով, բայց ոչ այնքան ուժեղ, ու թիմում մեծամասնությունը հայեր են. սա ի շահ հայկական ֆուտբոլի է, բայց ստացվեց ի վնաս ակումբի: Այո, կապանյան թիմի մարզչական շտաբը բավականին ամուր է: Բարսեղյան-Պետրոսյան համագործակցությունը հետաքրքիր է ստացվում: Սակայն ելույթները կայուն չէին, միաժամանակ, կապանյան թիմը նվեր չէր ոչ մի ակումբի, այդ թվում՝ «Արարատ-Արմենիային». դրա վառ օրինակը «Գանձասար-Կապանի»՝ 11-րդ տուրում՝ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակն էր: Նաև, կապանյան թիմը ոչ մի խոշոր հաշվով պարտություն չի կրել: Հասկանալի է, որ ոչ մի շարժառիթ չունենալով, վեցնյակից դուրս մնացած թիմերը ընկերական խաղեր անցկացրեցին ու որոշեցին դասավորվածություն:

Վեցնյակ, որի կազմում ընդգրկված թիմերից միայն «Արարատը» պայքար չապահովեց
Վեցնյակի պայքարը, բոլորս էլ հիշում ենք, որ սկսվեց համավարակով պայմանավորված դադարից հետո: Բոլոր թիմերի համար բարդ էր. 3-ից 4 օրը մեկ հանդիպումներ. լեգիոներներից շատերը, որոնք մեկնել էին հայրենիք, ուշ վերադարձան կամ ընդհանրապես չկարողացան վերադառնալ: Լուրջ էին «Արարատի» ու «Լոռիի» գործերը: Հարկ ենք համարում նաև նշել, որ ձմեռային դադարից առաջ «Լոռին» էր առաջատարը: Թիմը ղեկավարում էր Դավիդ Կամպանյան ու թիմը ակնահաճո ֆուտբոլ էր խաղում, ճիշտ է՝ կրկին հիմնականում լեգիոներների շնորհիվ: Սակայն համավարակով պայմանավորված Կամպանյան չկարողացավ վերադառնալ Իսպանիայից ու այս թիմի անհաջողության պատճառն էլ սա էր: Նոր մարզչական շտաբ եկավ՝ Խաշմանյան-Սանամյան-Նիգոյան եռյակը: Եվ միայն առաջնության վերջում նրանք կարողացան ներարկել իրենց խաղը ֆուտբոլիստների արյան մեջ: Արդյունքի վրա, իհարկե, սա մեծ ազդեցություն ունեցավ, քանի որ ակնհայտ տարբեր էր Կամպանյայի ու Սանամյանի ֆուտբոլը: Խաղը կառուցողի խնդիր ուներ «Լոռին». Զաերկոն չկարողացավ վերադառնալ: Ճիշտ է, Իվուն վարձակալությունից վերադարձավ, որոշակիորեն կարգավորեց խաղը, բայց այն, որ համավարակը մեծ ազդեցություն ունեցավ «Լոռիի» արդյունքների վրա, դա փաստ է: Նաև, նախավերջին տուրում «Լոռին» 1-5 հաշվով ջախջախվեց «Ալաշկերտի» կողմից և խաղից 2 օր անց «Լոռին» հայտարարություն տարածեց, որ թիմի խաղացողները վարակվել են Covid-19-ով, խաղացողներն էին իրենց վատ զգացել ընդմիջմանը: Մի խոսքով, «Լոռին», որքան հնարավոր էր, տուժեց կորոնավիրուսից:

«Արարատի» մարզիչների քանակը ռեկորդային էր հայկական ֆուտբոլում
Նույնը կարող ենք ասել «Արարատի» մասին, սակայն այստեղ մեկ այլ լուրջ հարց կա: Նախ նշենք, որ «Արարատը» շատ լավ էր սկսել առաջնությունը, երկար ժամանակ առաջատար էր: Թիմը հայտնվեց լավագույն վեցնյակում, բայց սկսեց քանդվել ձմեռային դադարից ու համավարակից հետո վերսկսված խաղերում: Եթե մի թիմ առաջնության ընթացքում 5 մարզիչ է փոխում՝ տարբեր պատճառներով, ի՞նչ եք կարծում՝ արժե՞ բարձր արդյուքներ սպասել: Իհարկե, ոչ: Բուլատովը պատրաստեց թիմը, եկավ Բոյկոն, հետո՝ Լազորենկոն, Կոլիվանովը ձմռանը ստանձնեց թիմի ղեկը, հետո համավարկից հետո նա էլ չեկավ: Հիմա էլ Էդգար Թորոսյանն է մարզում թիմը, իսկ փաստաթղթերով լրիվ այլ մարդ է:
Ցավալին այն է, որ մենք խոսում ենք «Արարատի» մասին, լեգենդար «Արարատի» մասին, ոչ թե 1-2 տարվա պատմություն ունեցող թիմի մասին:
Մի բան էլ է հասկանալի, որ թիմի արդեն նախկին գլխավոր մենեջեր Վալերի Հովհաննիսյանն անմիջական մասնակցություն էր ունենում խաղին՝ պահեստայինների նստարանից: Միգուցե, նաև այդ պատճառով մարզիչները երկար չէին մնում, չէին համակերպվում: Իսկ ամենացավալին այն է, որ այսքանով թիմի խնդիրները չեն սահմանափակվում: «Արարատի» համակիրները երկար ժամանակ պահանջում են, որ թիմի ղեկավարությունը հեռանա, քանի որ հենց նրանք են կործանում «Արարատը», այդպես են կարծում շատերը: Նրանց օրոք 10 տարուց ավելի «Արարատը» նահանջ է ապրում: 2008 թ-ից հետո «Արարատը» միայն մեկ անգամ է եղել 4-րդ տեղում, մնացած դեպքերում՝ հիմանականում վերջին հորիզոնականում: Մի՞թե, սա ահազանգ չէ: Մի՞թե, չարժե փրկել այդ թիմը: Ինչևիցե, »Արարատը» վեցնյակի պայքարում անցկացրած 10 խաղում ոչ մի հաղթանակ չտոնեց ու վեցերորդն էր:

Երբ ունես հզոր ներուժ ունեցող կազմ, սակայն համապատասխան մարզիչը գալիս է ամենավերջում
Անդրադառնանք այն թիմերիին, որոնք նվաճեցին եվրագավաթային ուղեգրեր: Ալաշկերտը «Արարատ-Արմենիայից» հետո կազմով ամենաուժեղն է: Նույնիսկ մոտ է «Արարատ-Արմենիային»: Եվ անչափ զարմանալի է, որ «Ալաշկերտը» չպայքարեց չեմպիոնության համար, չկարողացավ պայքարել: 3 մարզչական փոփոխություն. Խաշմանյանին փոխարինեց Արմեն Ադամյանը, որը մեղմ ասած բացարձակ չտպավորեց: Հակառակը, Ադամյանի գլխավորությամբ թիմը չցուցադրեց իր ամբողջ ներուժը, իսկ այն կա ու բավական մեծ է: Հիմա եկել է Եղիշե Մելիքյանը: Ուկրաինայի առաջնությունում մեծ փորձ կուտակած մարզիչը շատ լավ տպավորություն է թողնում ու շատ կարճ ժամանակում «Ալաշկերտի» խաղում զգալի աճ է նկատվել: Ամեն դեպքում, «Ալաշկերտը» կատարեց նվազագույն առաջադրանքն իր առջև դրված. նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր, բայց նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ միանշանակ նշաձողը պետք է բարձրացնել:

Գյումրեցիներով լի «Շիրակի» ու Բիչախչյանի ոդիսականը
Առաջնության վերջում հետաքրքիր չեմպիոնական մրցակցություն ապահովեցին «Նոան», «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան»: Վեցնյակի ձևավորումից հետո շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց Գյումրիի «Շիրակը»: Բիչախչյանի թիմը, ինչպես վերջին տարիներին, կազմով ամենաուժեղը չլինելով, չեմպիոնության հավակնորդ էր մինչև վերջին տուրը: Ավելին՝ ավարտից 2 տուր առաջ «Շիրակը» դեռ առաջատար էր: «Շիրակի» կազմում բացահայտումը Մորի Կոնեն էր, ով վերջին տուրի վերջին րոպեներին խփած գնդակի շնորհիվ դարձավ հայկական ակումբային ֆուտբոլի մեջ ամենաաարդյունավետ լեգիոները՝ գերազանցելով Մարկոս Պիզելիի արդյունքը: Փայլեց նաև Սոլոմոն Ուդոն և հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական: «Շիրակը» վերջում ոգեբանորեն պարտվեց: Երբ թվում էր, որ հաղթանակն անչափ մոտ է, ամեն ինչ իրենց ձեռքերում է, սայթաքեց ամենակարևոր 2 խաղում: «Շիրակն» այս առաջնությունում ամենաստաբիլ ֆուտբոլը խաղաց, սակայն վերջին 2 խաղում կրած պարտության պատճառով նույնիսկ մեդալակիր չդարձավ, բայց նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր:

Աղյուսակում աննկատ վեր բարձրանալու նուրբ արվեստը
«Նոան» առաջնության բացահայտումն էր: Առաջնության մեկնարկից առաջ դժվար թե մեկը հավատար, որ «Նոան» պայքարելու է գավաթի և չեմպիոնության համար, ավելին՝ դառնալու է գավաթակիր: Իգոր Պիկուշչակն աներևակայելի աշխատանք կատարեց, իսկ արդունքի մասին խոսելն ավելորդ է: Այս պահին արդեն չարժե ասել, որ «Նոան» իրենից մեկ գլուխ բարձր ցատկեց, քանի որ թիմը արժանիորեն հանդես եկավ: Ինչն է հետաքրքիր, որ «Նոան» կանգնած էր վեցնյակը լքելու եզրին և միայն «Փյունիկի» հետ ծանրագույն խաղում կարողացավ նվաճել հետագայում պայքարելու իրավունք: Եվ հենց «Փյունիկի« նկատմամբ հաղթանակը ցատկահարթակ դարձավ հետագայի համար: «Նոան» Հայաստանի գավաթակիր է և առաջնության արծաթե մեդալակիր ու Հայաստանը կներկայացնի Եվրոպա Լիգայում:

Ավելի դժվար է պահպանել չեմպիոնի կոչումը, քան պարզապես չեմպիոն դառնալ
Գործող չեմպիոնը առաջնությունը սկսեց կազմում որոշակի փոփոխություններ կատարելով, սակայն հիմնական կորիզը նույնն էր: «Դյուդելանժից» ստացած ծանր «ապտակը» հեշտ չմարսեցին թիմի ֆուտբոլիստները: Երկար ժամանակ Մինասյանը նշում էր, որ թիմն ամբողջովին չի վերականգնվել՝ հոգեբանորեն: Առաջնության գլխավոր ֆավորիտ «Արարատ-Արմենիան» ամենավերջում ինքն իր համար խնդիրներ ստեղծեց՝ կորցնելով 8 միավորի առավելությունը: Այնպես էր դարձել, որ Մինասյանի թիմը կախում ուներ «Շիրակի» արդյունքներից, իսկ Գյումրիի թիմը, ինչպես նշեցինք, սայթաքեց ու «Արարատ-Արմենիան» արեց այն, ինչ իրենից պահանջվում էր: Գավաթի եզրափակչում կրած պարտությունը ծանր դաս եղավ Մինասյանի ու իր թիմի համար: «Նոայի» դեմ առաջնության վերջին խաղում գործող չեմպիոնը առավել քան զգույշ գործեց ու հասավ ցանկալի արդյունքի՝ երկրորդ տարին անընդմեջ հռչակվելով Հայաստանի չեմպիոն: Դժվար է ասել, արդյո՞ք Մինասյանը կշարունակի ղեկավարել այս թիմը, թե ոչ, բայց մի բան հստակ էր, որ թիմը հոգեբանական խնդիրներ ուներ առաջնության վերջնամասում, ինչպես նաև, շատ դեպքերում պակասում էր վստահությունը:

Այսպիսով, մոտ մեկ ամսից մեկնարկելու է Եվրագավաթային նոր մրցաշրջանը: Մեր թիմերը կարճ ժամանակ ունեն կազմերն ամրապնդելու համար, բայց հուսանք, որ այս անգամ, վերջապես, ոչ միայն կթակենք Եվրոպա լիգայի խմբային փուլի դուռը, այլ նաև ներս կմտնենք:
Արմեն Գարամյան