Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունն ու Գավաթի խաղարկությունը եզրագծի հատման շեմին են: Ճակատագրի հեգնանքով 2 մրցաշարում էլ, որպես այդպիսին, «ոսկե պայքարում» 2 թիմ է մնացել: Եթե առաջնության մեկնարկից առաջ կամ ընթացքում «Նոայի» առջև դրված նպատակը նախ՝ վեցնյակում հայտնվելն էր, ապա՝ 4-րդ հորիզոնականը ապահովելը, ապա «Արարատ-Արմենիայի» մոտ պատկերը լիովին այլ է:

Գործող չեմպիոնը առաջնությունը սկսեց՝ իր առջև ունենալով միայն չեմպիոնական ակնկալիքներ, և ակումբում չեմպիոնությունից զատ այլ արդյունքը, մեղմ ասած, ձախողում կհամարվի: Միգուցե, ունեն այդպես մտածելու պատճառ՝ հաշվի առնելով նախորդ տարի թիմի գրանցած հաջողություններն ու թիմի ներկայիս կազմը, որն ուժեղ է հայկական մյուս ակումբների կազմերից: Այնպես է ստացվել, որ առաջնության եզրափակիչ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում է որոշվելու հաղթողը: Ինչու՞ չի կարելը խաղը կոչել «Ոսկե», քանի որ ոչ-ոքին այս պարագայում չեմպիոն է դարձնում «Արարատ-Արմենիային»: Այնպես է ստացվել, որ առաջնության եզրափակիչ տուրից առաջ Գավաթի խաղարկության եզրափակչում մրցում են նույն թիմերը. գավաթը վիճարկելու են չեմպիոնության համար պայքարող «Նոան» ու «Արարատ-Արմենիան»: Ինչ-որ տեղ այս խաղը, հնարավոր է, որոշակի պատկերացում տա թիմերի հնարավորությունների մասին: Խոսքը, թիմերի ներուժի մասին չէ:

«Արարատ-Արմենիան» մինչև վերջին տուրը 4 անընդմեջ խաղում չէր հաղթում, իսկ վերջին տուրում էլ միայն 88-րդ րոպեի խփած գոլի շնորհիվ հաղթեց «Արարատին»: Այն, որ թիմում հոգեբանական խնդիր ու ընկճվածություն կա, դա փաստ է: «Նոան» վերջին 4 խաղում հաղթել է: Այդ 4 խաղում Բորեցի ու Պիկուշչակի սաները խփել են 8 գնդակ, իսկ սեփական դարպասը ընդունել մեկը: Վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ, միգուցե, «Արարատ-Արմենիան» վերականգնվել է հոգեբանորեն, իսկ «Նոան», վստահաբար», նման խնդիր չունի՝ հաշվի առնելով վերջին տուրում «Շիրակի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը:
Այո, երկու թիմերն էլ ապահովել են տեղը եվրագավաթներում, բայց սեղանին դրված է ՉԼ-ի որակավորման փուլի ուղեգիր: Սակայն դա բացարձակ չի նսեմացնում գավաթային խաղի արժեքը: Գավաթի խաղարկությանը բոլոր երկրներում յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվում:
Երկուսն էլ առաջին անգամ են խաղալու գավաթի խաղարկության եզրափակչում: Կազմերի մասին խոսելիս պետք է փաստենք, որ նախանձելի վիճակում չէ «Նոան»: Թիմը առաջնության վերսկսումից հետո, կարելի է ասել, խաղում է 14-15 ֆուտբոլիստով, իսկ Մինասյանը մեկնարկային կազմի համար պայքարող 20 ֆուտբոլիստ ունի: Առաջնության վերջին տուրում ծնկի վնասվածք ստացավ Յոհան Գուֆրանը. դժվար է ասել, թե նա երբ վերականգնված կլինի, բայց մեծ է հավանականությունը, որ բաց կթողնի գավաթային եզրափակիչը:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտոնական խաղերում թիմերը հանդիպել են 3 անգամ: Մինչ հարկադրված դադարն անցկացրած 2 խաղում էլ հաղթել է Մինասյանի թիմը: Դադարից հետո «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում, այո՛, «Արարատ-Արմենիան» վաստակեց 1 միավոր, իսկ «Նոան» կորցրեց 2 միավոր, քանի որ խաղով «Նոան» արժանի էր հաղթանակի:
Անկանխատեսելի մրցաշրջանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, ցավոք, ևս կանցնի առանց հանդիսականների: Ինչպես երեկ պարզվեց, ՀՖՖ-ն դիմել էր պարետատուն, սակայն մերժում է ստացել՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:
Բարդ է ասել, թե որ թիմն ավելի մեծ աջակցություն կունենար տրիբունաներում: Այս փաստով կրկին հավասարություն է. տրիբունայում՝ 0 երկրպագու:
Արմեն Գարամյան