«Ես ինձ Բրյուս Լիից ուժեղ չեմ համարում, պարզապես այդ վարժությունը կարողացել եմ մի քիչ շատ կատարել, այդքան բան»,- ասում է 27-ամյա հայ մարզիկ Մանվել Մամոյանը, որը մեկ ձեռքի 2 մատով 1 րոպեի ընթացքում 55 հրում է կատարել ու գերազանցել մարտարվեստների վարպետ, կինոաստղ Բրյուս Լիի հայտնի ռեկորդը՝ հերթական անգամ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում:
ArmSport-ի հետ զրույցում Ռուսաստանում բնակվող հայ մարզիկը պատմել է ինչպես այս, այնպես էլ մինչև հիմա գրանցած ռեկորդների, Հայաստանում անցած ուղու, Մոսկվա տեղափոխության և առաջիկա ծրագրերի մասին:
«Առաջին անգամ հենց Բրյուս Լին է մարդկությանը ցույց տվել, թե ինչպես կարելի է 2 մատների օգնությամբ մեկ ձեռքով նման հենում-ծալումներ կատարել: Ես ինձ Բրյուս Լիից ուժեղ չեմ համարում, պարզապես այդ վարժությունը կարողացել եմ նրանից մի քիչ շատ կատարել, այդքանը»,- նշում է Մանվելը:
Ասում է՝ արձագանքեր շատ է ստանում՝ թե՛ դրական, թե՛ բացասական.
«Այն, որ Բրյուս Լիի հանգամանքը կա, մարդկանց մոտ ուշադրություն է հրավիրում: Շատերը նաև դատում են, փորձում են վատ բաներ ասել, շատ բացասական մեկնաբանություններ կարդում եմ ադրբեջանցիների ու թուրքերի կողմից: Բայց ընդհանրապես այն, ինչը ես արել եմ, ռուսներն այսպիսի մի արտահայտություն ունեն «хайп, хайпануть»: Սա իրոք այդպիսի ռեկորդ է համարվում»,-նշում է Մամոյանը:
Մանվելի խոսքով, ինքը վաղուց է փորձել այն գերազանցել, բայց միշտ չի ստացվել, քանի որ չի կարողացել 2-3 հատ ավել կատարել վարժությունը.
«Մի քանի տարի առաջվանից սկսել եմ աշխատել այդ վարժության վրա ու որոշ ժամանակ դադար էի տվել, ընդհանրապես այն չէի կատարում: Վաղուց փորձել եմ այդ վարժության ռեկորդը սահմանել, բայց չէի կարողանում մոտ 2 հատ ավել կատարել, որպեսզի ռեկորդը գերազանցեի: Այդպես թողել էի: Մոսկվայում տարբեր ռեկորդներ սահմանելուց հետո որոշեցի նաև այդ ռեկորդը սահմանել ու վարժությունը կատարել Մոսկվայի գլխավոր հրապարակում»,- պատմում է Մամոյանը:
Մամոյանը նշում է նաև, որ ինքը բավականին երկար ժամանակ սպասել է, որ ռեկորդը հաստատվի, բայց Գինեսի գիրքն անընդհատ ձգձգել է՝ ամեն անգամ ինչ-որ պատճառաբանությամբ, ու միայն վերջերս է իմացել, որ ռեկորդը պաշտոնապես հաստատվել է:
Այս պահին Մամոյանը սպասում է ևս 2 ռեկորդի հաստատման. եթե ամեն ինչ լավ լինի, նա կդառնա Գինեսի Գրքի 10 ռեկորդների հեղինակ.
«Այս պահին 8 սերտիֆիկատ ունեմ, այսինքն 8 ռեկորդ պաշտոնապես գրանցվել է: Բայց այդքանով չեմ սահմանափակվելու, քանի որ էլի ռեկորդներ կան, որոնք դեռ կարող եմ սահմանել: Շատ բացառիկ վարժություններ կան, որ կարողանում եմ կատարել. չեմ փորձում մշտապես նույնը կատարել, տարատեսակ վարժություններ եմ անում: Կարող է՝ կքանիստներից ռեկորդ սահմանեմ, տարատեսակ ձգումներից ( жим) , նաև պրես վարժությունից ռեկորդ ունեմ: Ճիշտ է՝ այդ վարժության ռեկորդը ես ժամանակին գրանցեցի որպես Հայաստանի ռեկորդ, այն նաև Գինեսի ռեկորդն էր գերազանցում, բայց պետք է խոստովանեմ, որ Գինեսի գիրքը չի սիրում, երբ ռեկորդները լինում են մի քանի ժամանոց. աշխատում են խուսափել, իսկ ես այդ ժամանակ 2 ժամ 46 րոպեում 3511 անգամ կատարել էի մեջքին պառկած դրությունից արդակորում առաջ ձեռքերը վեր (պրես) վարժությունը: Գիտեի, որ Գինեսի գիրքը դա չի ընդունի, կփորձի խուսափել, այդ իսկ պատճառով չուղարկեցի:
Եղել է, որ անգամ 1 ժամանոց ռեկորդ եմ սահմանել ու ուղարկել, բայց նրանք փորձել են ուշադրություն չդարձնել: Նրանք ավելի շատ նախընտրում են այն ռեկորդները, որոնք ամենաշատը 5 կամ 10 րոպե կտևեն»:
Մամոյանը նաև պատմում է, թե որոնք են այն 2 ռեկորդները, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել Գինեսի ռեկորդների գրքի կողմից, բայց, ամենայն հավանականությամբ, շուտով դրանք ևս կգրանցվեն.
«Մեկը կապված է կքանիստների հետ. կքանիստներ թռիչքներով, բայց հավելյալ քաշով՝ 18 կգ: Մեկ րոպեում 59 կքանիստ արեցի թռիչքով, ինչը շատ լավ արդյունք է, ու շատ բարդ է իրականում, քանի որ հավելյալ քաշ է քեզ վրա ու թռիչքով ես կատարում. ոտքերդ անպայման պետք է գետնից պոկվի:
Իսկ մյուսը գետնի վրա հենում-ծալում վարժությունն եմ կատարել մատների վրա՝ հավելյալ քաշով: Եթե չեմ սխալվում 47 անգամ հենում-ծալում կատարեցի, ու հիմա դրա պատասխանին էլ եմ սպասում:
Իրականում այս տարի այնքան ռեկորդներ եմ ուղարկել, որ արդեն ես էլ եմ խառնվել: Վստահ եմ, որ կարող եմ Գինեսի գրքում ռեկորդների քանակով ռեկորդ սահմանել: Կարող եմ այդ ոլորտում ինչ-որ լեգենդար արդյունք ցույց տալ»,- ասում է Մամոյանը:
Մամոյանը ծնվել է Երևանում, ու միայն վերջերս է բնակության մեկնել Մոսկվա: Նրա առաջին ռեկորդը գրանցվել է 2015թ.-ին՝ Հայաստանում, առհասարակ մեր երկրում նա Գինեսի գրքի 3 գրանցված ռեկորդ ունի (մյուս 5-ը գրանցվել են ՌԴ-ում): Հայաստանում նա երկար տարիներ զբաղվել է ձյուդո, ըմբշամարտ, այկիդո, սամբո և մի շարք այլ սպորտաձևերով, սակայն 3 անգամ ձեռքը կոտրելուց հետո ստիպված է եղել չզբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով.
«Երբ զբաղվում էի ձյուդոյով, 3 անգամ կոտրեցի նույն ձեռքս: Ու նույնիսկ մինչև հիմա այդ ձեռքս լիարժեք չի գործում: Ռեկորդներ գրանցելիս այդ խնդիրն ինձ ավելի քիչ է անհանգստացնում, քան երբ փորձում եմ պրոֆեսիոնալ զբաղվել: Գրեթե վստահ եմ, որ ձյուդո մարզաձևում կարող էի ինձ շատ լավ դրսևորել, քանի որ ֆիզիկական տվյալներս բացի այն, որ ուժի առումով են գտնվում բավարար վիճակում, նաև դիմացկունության: Իսկ պրոֆեսիոնալ մակարդակում չզբաղվելու մյուս պատճառը, բացի այն, որ ձեռքիս հետ կապված խնդիր կա, այն է, որ եթե ես զբաղվեմ ձյուդո մարզաձևով, պետք է լիարժեք նվիրվեմ ու չմտածեմ աշխատանքի մասին: Իսկ այս դեպքում փորձում եմ այդ ամենը միացնել՝ թե՛ կարողանալով աշխատել, և թե՛ ինձ այդ ոլորտում դրևսորելով»,- խոստովանում է հայ մարզիկը:
Ամեն դեպքում, 2018 թ. Մոսկվա տեղափոխվելուց հետո շարունակում է իրեն դրսևորել նաև մրցակցային մարզաձևերում.
«Երբեմն մասնակցում եմ Street Lifting մարզաձևի առաջնություններին: Երբ առաջին անգամ մասնակցեցի, կարելի է ասել՝ իմ ցուցանիշն իրականում առաջին տեղի ցուցանիշ էր, բայց կազմակերպիչների կողմից փոքր-ինչ տարօրինակ որոշում էր կայացվել. ես, լինելով թեթև քաշային, պետք է մրցեի ինձնից 10 կգ ծանր քաշայինների հետ, ինչն աբսուրդային է: Երկրորդ տեղը գրավեցի ու դարձա Ռուսաստանի փոխչեմպիոն: Ունեմ Street Lifting-ի սպորտի վարպետի կոչում: Ապագայի համար ուզում եմ այս մարզաձևում նաև աշխարհի չեմպիոնի կոչում ունենալ: Իրականում շատ նախաձեռնություններ կային, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով շատ բաներ ստիպված եղա թողնել հետոյի վրա»:
Մամոյանի խոսքով, առաջիկա մեկ տարվա ընթացքում ինքը մտադիր է մի շարք արտասովոր ռեկորդներ գրանցել, որոնցից մեկը կապված կլինի մեքենայի հետ.
«Մտադիր եմ ատամներով, ձեռքերի վրա քայլելով մեկ-երկու մեքենա քաշել՝ ոտքերդ պետք է գետնին չդիպչեն: Այս ռեկորդի համար ոչ միայն ֆիզիկական ուժեղ տվյալներ են անհրաժեշտ, այլև՝ ամուր ատամներ»,- ասում է Մանվելը:
Ատամներով մեքենա Մամոյանն արդեն իսկ քաշել է, բայց դեռևս՝ ոտքերով:)
Մամոյանն, ով ֆիթնեսի և Street Workout մարզաձևի մարզիչ է Մոսկվայում, իր տեսակի մեջ եզակի ռեկորդակիր է ու միակն է Ռուսաստանում, որ ռեկորդների նման շարք ունի։ Նա նաև Հայաստանի ավելի քան 20 ռեկորդի հեղինակ է. ասում է՝ չի բացառում, որ մի օր նորից կվերադառնա Հայաստան.
«Հայատանում իմ մայրը, քույրս ու եղբայրս են ապրում, ով ծառայում է ՀՀ բանակում ու մոտ 25 օրից կզորացրվի: Նա էլ մինչև բանակ մեկնելը սպորտով էր զբաղվում, հուսամ՝ բանակից վերադառնալուց հետո ևս կշարունակի:
Ի դեպ, բոլորովին պատահաբար այնպես է ստացվել, որ նույն զորամասում ենք ծառայել: Մոսկվայում հորս հետ եմ ապրում, բայց ամեն պահի էլ կարող եմ վերադառնալ Հայաստան: Այնպես չէ, որ ես Մոսկվայի հետ կապված եմ. պարզապես այստեղ փորձում եմ առաջ գնալ, այստեղ հնարավորությունները մի քիչ այլ են: Տարբեր առաջարկներ եմ ստանում Հայաստանում ապրող իմ ընկերներից, բայց հստակ չեմ որոշել, թե երբ կվերադառնամ»,- եզրափակում է իր խոսքը Մանվել Մամոյանը:
Նարե Հովհաննիսյան