Պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյան ը ֆեյսբուքի իր էջում հետաքրքիր գրառում է կատարել՝ սպորտային անմոռանալի պատմությունների շարքից…
«Եռամարտ (olympic triathlon), համաշխարհային սերիայի փուլերից մեկը,Մեքսիկա, 2016թ.։
Օդի ջերմաստիճանը +35, խոնավությունը մոտ 90%։
Մրցողների թվում են Բրաունլի ( Brownlee) եղբայրները։ Ավագ եղբայրը՝ Ալիստերը, 2012 Լոնդոնի և 2016 Ռիոի Օլիմպիական չեմպիոնն է, միակը եռամարտում, ով երբևէ 2 օլիմպիական խաղեր է հաղթել։
Կրտսեր եղբայրը՝ Ջոնաթանը՝ նույն խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր։
Այս մրցումներին, սակայն, զգալի առավելությամբ առաջատարն է հենց կրտսեր եղբայրը։ Եզրագծին մնացել է շատ քիչ տարածություն, բայց հանկարծ Ջոննին սկսում է կորցնել տարածության զգացումն ու ոտքերի կառավարումը և պատրաստվում է կանգնել և օգնություն խնդրել(նշանակում է պարտություն)։ Ավագ եղբայրը, ով հետ էր մնացել, տեսնելով դա, մոտենում է, բռնում է եղբորը և գրեթե գրկած՝ շարունակում են վազքը։

Մրցակիցներից մեկն անցնում է եղբայրներից և հռչակվում է հաղթող։ Երբ եղբայրներն են հասնում եզրագծին, ավագը՝ Օլիմպիական չեմպիոնը,եղբորը հրելով՝ երկրորդն է անցկացնում եզրագիծը՝ ինքն անձամբ նվաճելով երրորդ տեղը։ Ինչպես սպորտային մեկնաբանն է որակում. երբևէ նախկինում չտեսնված, անհավատալի իրադարձություն»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը: