Իտալացի լրագրողները ենթադրում են, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կստանա 2019 թվականի «Ոսկե գնդակը»: Այդպիսի եզրակացություն Corriere dello Sport-ն արել է այն բանից հետո, ինչ France Football ամսագրի ներկայացուցիչները, որոնք հանձնում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, հարցազրույց էին վերցրել պորտուգալացի հարձակվողից: Նրանք նաև հանդիպել են «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ:
Ընդ որում, beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին հերքել է տարածված շշուկները: Պալմերիի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ով կստանա աշխարհի լավագույն խաղացողի մրցանակը:
«Ոսկե գնդակի» թեկնածուների լոնգ-լիսթում ներառված է եղել 30 խաղացող: Հաղթողի անունը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին Փարիզի «Շատլե» թատրոնում: