Մեզնից յուրաքանչյուրի կյանքում էլ եղել են դրվագներ, որոնք գամվել են մեր հիշողության մեջ: Հաճախ բացասական դրվագներն ավելի հիշվող են, ավելի զգայական:
Զրոյական տարիք. Բալիկս, ես քեզ անպայման պաղպաղակ կգնեմ, բայց….
Պատանեկան տարիք. Գիտեմ, որ սպորտը քո կյանքն է: Որոշել եմ քեզ հեծանիվ նվիրել, բայց…
Հասուն տարիք. Ես քեզ անչափ սիրում եմ, բայց….
Բայց, եթե….
Բայց… Մեր ամբողջ կյանքը բաղկացած է բայցերի չավարտվող հերթականությունից: Դրանք ապրում են մեզ հետ, ապրում են առանց մեզ, իսկ հաճախ՝ մեր փոխարեն:
Երբ այս խյուսին ավելացնում ենք եթե-ն, ապա պատկերը ավելի գունեղ է դառնում. ինքներդ գնահատեք:
«Իտալիայի Ա Սերիան վերսկսվելու է հունիսի 13-ին: Դրա ընթացքը կշարունակվի, բայց միայն այն դեպքում, եթե ակումբների ֆուտբոլիստներից որևէ մեկը չվարակվի կորոնավիրուսով: Այդ պարագայում, առաջնությունը անմիջապես կչեղարկվի»:
Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինայի այս տողերում այնքան իտալականություն կա: Մենք՝ հայերս, շատ լավ ենք հասկանում նրանց: Նույնքան իմպուլսիվ ենք, ոչ այնքան հաշվենկատ, բայց ՝ անչափ հնարամիտ և տաղանդավոր:
Գաբրիելե Գրավինա
Ուրիշ օպերայից են գերմանացիները. որոշեցին, երկու շաբաթում հավաքվեցին ու վերսկսեցին առաջնությունը:
Իհարկե, նրանց մոտ էլ «լիրիկական զեղումներ» եղան, երբ երկրի Առողջապահության նախարարությունը ֆուտբոլիստներին առաջարկում էր հանդիպման ընթացքում դիմակ կրել: Սակայն «սառը գերմանական» դատողությունը զարթնեց, Առողջապահության նախարարը հիշեց, որ ֆուտբոլիստներն էլ շնչելու իրավունք ունեն, և ամեն ինչ ընկավ իր տեղը:
«Իտալական պիցցայում» դիմակների չեք հանդիպի, բայց դրա կտորներից յուրաքանչյուրն իր մեջ մեծ խնդիրներ է պարունակում:
Կտոր N 1 🍕
Արդարության համար պետք է նշել, որ Իտալիան կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է: Այնտեղ կան բազում խնդիրներ, և ֆուտբոլի վերսկսումը գլխավորներից չէ: Այդուհանդերձ, եթե որոշել եք խաղալ ՝ խաղացեք անթերի պարտիա:

Իտալիայի Առողջապահության նախարարությունը բացահայտ կերպով նշում է, որ այնքան էլ ոգևորված չէ առաջնության վերսկսմամբ:
«Միակ պատճառը, որը մեզ ստիպում է համաձայնվել Ա Սերիայի վերսկսմանը ՝ տնտեսական հետևանքներն են»,- հայտարարել է Իտալիայի Առողջապահության փոխնախարարը:
Ահա այս տողերում են թաքնված Ա Սերիայի վերսկսման բարդությունները: Երկրի կառավարությունը և ֆուտբոլային ղեկավարները լեզու չեն գտնում:
Պատճառը ՝ Առողջապահության նախարարության պահանջներն են:
Կտոր N 2 🍕 🍕
«Ա Սերիայի ֆուտբոլիստների մոտ գրանցված դրական թեստերի պատասխանատուն ՝ ակումբային բժիշկներն են: Ակումբները պարտավոր են վարձել վարակաբանների, ովքեր կվերապատրաստեն ակումբի բուժանձնակազմին»:
Իտալիայի Առողջապահության նախարարության այս պահանջը զայրացրել է բարիկադների հետևում գտնվող բոլոր կողմերին: Ֆուտբոլային ակումբները դժգոհ են, որ ամբողջ պատասխանատվությունը դրվում է իրենց ուսերին, իսկ բժիշկներն էլ բողոքում են այն հանգամանքից, որ այս ծանր օրերին ստիպված են լինելու արտաժամյա աշխատանք կատարել:

Իտալացի բժիշկների միությունը հայտարարել է, որ այս որոշումը խախտում է վարակաբանների աշխատանքի և հանգստի իրավունքը:
«Նախքան նման որոշում կայացնելը, կառավարությունը և Առողջապահության նախարարությունը պետք է խորհրդակցեին մեզ հետ», ասել է միության նախագահ Էնրիկո Կաստելաչին:
«Սա խայտառակություն է: Եթե մեր ֆուտբոլիստներից մեկը փռշտաց, ուրեմն ամբողջ առաջնությունը չեղարկվելու՞ է: Մենք ցանկանում էինք գնալ Գերմանիայի ճանապարհով. մեկուսացնել այն ֆուտբոլիստներին, ովքեր վարակված են, և շարունակել խաղալ, սակայն, կառավարությունը դեմ է»,- հայտարարել է Սամբդորիայի նախագահ Մասիմո Ֆերերոն:
Մասիմո Ֆերերո
Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան պաշտպանում է բժիշկների շահերը ՝ հայտարարելով, որ պետք է պահպանվեն նրանց աշխատանքային իրավունքները:
«Միգուցե, Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը շարունակենք փլեյ-օֆֆ համակարգով: Դա հնարավորություն կտա նվազեցնել հանդիպումների և վարակակիր ֆուտբոլիստների քանակը»,- հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան:
Այս ամենին զուգահեռ, շարունակվում են վարակման դեպքեր գրանցվել: «Ֆիորենտինան» օրեր առաջ հայտարարեց, որ իր 6 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Նրանք մեկուսացվել են, իսկ մյուսները անհատական մարզումներ են անցկացնում:
Ավելի կտրուկ քայլերի է գնում «Բրեշիան»: Թիմի ավագ Դանիելե Գոստալդելոն հայտնել է, որ թիմի ֆուտբոլիստները հրաժարվում են խաղադաշտ դուրս գալ և վտանգել իրենց առողջությունը:
Զգու՞մ եք. խառնիճաղանճ պիցցան արդեն եփվում է… սակայն, սա էլ դեռ ամենը չէ.
Կտոր N 3 🍕 🍕 🍕
Դավադրապաշտական տեսությունների սիրահար ինձ չեմ համարում, բայց այս շիլաշփոթը ստիպում է մտածել մի անիրական պատկերի մասին։
Գիտենք, որ մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսին» և «Լացիոյին» ընդամենը 1 միավոր է բաժանում: Չեմպիոնական պայքարը գտնվում է իր գագաթնակետում:

Մի պահ պատկերացնենք ՝ «Լացիոն» 27-րդ տուրում հաղթում է «Ատալանտային», իսկ «Յուվենտուսը» պարտվում ՝ «Բոլոնյային»: Հռոմը ներկայացնող ակումբը միավորներով գերազանցում է ներկայիս չեմպիոններին և հենց այդ պահին ՝ «Լացիոյի» ֆուտբոլիստներից մեկի մոտ «պատահաբար 😏» հայտնաբերվում է կորոնավիրուս:
Առաջնությունը ընդհատվում է և… ո՞ վ է չեմպիոնը. «Յուվենտու՞սը», որը մինչև առաջնության վերսկսելը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, թե՞ «Լացիոն», որը ընդամենը մեկ հանդիպումից հետո կարող է հռչակվել չեմպիոն:
Հավատացեք, այս միտքն անիրական է թվում, բայց սա Իտալիան է. այն Իտալիան, որտեղ ակումբի նախագահը իր աղջկա ծննդյան տարեդարձին կարող է գնել մրցակցի պարտությունը. այն Իտալիան է, որտեղ հարձակվողը բանտարկվում է սիցիլիական մաֆիայի հետ կապերի պատճառով:
«Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին և հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին, ովքեր 2010-ին մեղադրվել են պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ
Սրանք հարցեր են, որոնք առաջանում են միայն այն պատճառով, որ պիցցան պատրաստող խոհարարներից յուրաքանչյուրը իր բաղադրատոմսն ունի: Չկա համակցված աշխատանք, չկա առաջ ընթանալու հստակ ծրագիր:
Իտալիայի վարչապետը երեկ հայտարարեց, որ մայիսի 18-ից ակումբները կարող են վերադառնալ թիմային մարզումներին: Միգուցե, պատասխանատու մարնիննե՞րն էլ կարիք ունեն անցնելու այդ նույն թիմային աշխատանքին:
Այլապես, կրկին ոտքով ենք գնալու մեր երազանքի պաղպաղակի հետևից և հերթական անգամ լսելու ենք ժպտերես վաճառողուհու քնքուշ ձայնը. ես քեզ անչափ սիրում եմ, բայց….
Նարեկ Գրիգորյան