ՀՖՖ տեխնիկական տնօրեն իսպանացի Խինես Մելենդեսը, որն այս օրերին իր հայրենիքում է, ծավալուն հարցազրույց է տվել տեղի Sport.es պարբերականին՝ խոսելով նաև «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Անդրես Ինյեստայի մասին։
-Եկե՛ք խոսենք Անդրես Ինյեստայի մասին, որն օրերս դարձավ 36 տարեկան և որին Դուք կատարյալ լավ եք ճանաչում։
— Ճշմարտությունը պատվաբեր է, որովհետև Անդրեսը բացառիկ տղա է։
-Դուք նրան ճանաչում եք դեռ այն ժամանակներից, երբ նա փոքրիկ տղա էր։ Ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց։
-Մենք հանդիպել ենք Ալբասետեում։ Ինձ ամենից շատ դուր էր գալիս նրա էությունը․ լավ մարդ, հեզ, պարզ։ Երբեք կարևորություն չի տալիս նրան, թե ինքն ինչ է արել ու դա ինչ նշանակություն ունի, երբեք չի մոռանում՝ որտեղից է եկել։ Որոշ բաներ է ասել, որոնք արժե շրջանակի մեջ վերցնել։ Օրինակ․ «Ծնողներս 3 ամիս գումար էին հավաքել, որ ինձ խաղակոշիկներ գնեն։ Ուստի, երբ տեսնում եմ դրանք հիմա տանը, շատ լավ հիշում եմ՝ որտեղից եմ եկել»։ Նաև Դանի Խարկեի հետ կապված նրա ժեստը։ Անդրեսն անհավատալի ու անկրկնելի է։

-Նա կարծում է, որ ևս մեկ տարի կարող էր շարունակել «Բարսելոնայում»։
— Կարծում եմ՝ այո, ևս մեկ մրցաշրջան կարող էր մնալ «Բարսայում», բայց վստահ եմ, որ ճիշտ որոշում կայացրեց։
— Մենք խոսում ենք իսպանական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողի մասին։
-Դա շատ բան է ասում, որովհետև իսպանական ֆուտբոլը շատ լավ խաղացողներ է ունեցել։ Հավաքականում նրա նվաճումները՝ սկսած աշխարհի առաջնությունից, որից արդեն 10 տարի է անցել ու այն անմոռաց գոլից, լրացումն են այն ամենի, ինչ նա նվաճել է «Բարսելոնայում»։
-Անարդա՞ր էր, որ Անդրես Ինյեստան «Ոսկե գնդակ» չստացավ։
— Ինձ համար այո՛, ինչպես և անարդար էր, որ Ռաուլի ու Խավի Էռնանդեսի պես ֆուտբոլիստնեն այն չստացան։
-Կարծում եք՝ «Բարսան» կամ իսպանական ֆուտբոլը Ինյեստային փոխարինող կգտնե՞ն։
— Վստահաբար, ո՛չ։ Բայց ոչ միայն նրա ֆուտբոլի պատճառով, այլև մարդկային հիասքանչ որակների։