Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման հարցն այսօր քննարկվել է ՀՖՖ Գործկոմի նիստի ժամանակ։ Մշակվել են ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական՝ աշխատանքային տարբերակներ, որոնք կքննարկվեն ՀՀ Պարետատան հետ, ինչից հետո միայն կորոշվի մրցաշարերի վերսկսման հստակ ժամկետը։
Նախքան առաջնության վերսկսվելը պարզելու համար արդյոք կարանտինային շրջանում կա՞ն խաղացողներ, որոնք մեկնել էին իրենց մշտական բնակության վայրեր ու չեն կարողանում վերադառնալ, ArmSport-ը դիմել է Բարձրագույն խմբի ակումբների մամուլի ծառայության աշխատակիցներին։
Այսպիսով․
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղար Դիանա Ղազարյանից տեղեկացանք, որ թիմից բացակայում է միայն դարպասապահ Ստեֆան Չուպիչը։
«Մինչև արտակարգ դրություն հայտարարվելն էր մեկնել Հայաստանից՝ ընտանեկան հարցեր ուներ։ Հետո այս ամենը սկսվեց, ու նա մնաց Սերբիայում»,-ասաց Դիանան՝ հավելելով, որ հիմա Սերբիայում շատ բարդ դրություն է, «հենց որ արտակարգ դրությունը և՛ մեզ մոտ, և՛ իրենց մոտ վերանա, նա անպայման կվերադառնա»։
Առաջատարը, ամեն դեպքում, դարպասապահի խնդիր, երևի թե, չի ունենա․ թիմում են Դմիտրի Աբակումովն ու Սուրեն Ալոյանը։

«Արարատ-Արմենիային» մրցաշարային աղյուսակում հետապնդող «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ թիմում բացականեր չունեն։ Մարզումներն անցկացվում են երկու խմբով, յուրաքանչյուր խմբում 14 հոգի։
«Լոռիում» Հայաստանից դուրս մնացած խաղացողներ չկան։ 3-րդ տեղում հանգրվանած թիմի մարզումներից բացականեր կան, բայց դրանք կապված են վնասվածքների հետ։
«Շիրակի» կազմից բացակայում է Ուրոշ Նենադովիչը։ Նա Սերբիայում է։
«Թիմին ազատ ժամանակ էր տրվել, նա մեկնել էր Սերբիա, իսկ հիմա թռիչքներ չլինելու պատճառով չի կարողանում վերադառնալ։ Հենց որ միջազգային ավիաուղևորափոխադրումները վերականգնվեն, նա առաջին իսկ օրերին կվերադառնա Գյումրի»,-հավաստիացնում է թիմի մամուլի քարտուղար Արման Մալոյանը, որը նշում է նաև, որ մարզչական շտաբն ամեն օր անհատական մարզումային ծրագիր է նրան ուղարկում, ու սերբ ֆուտբոլիստը շարունակում է մարզվել։

Երևանի «Արարատից» մեզ հայտնեցին, որ թիմում մի քանի բացակա ունեն, որոնց վերադարձը կազմակերպելու համար ակումբն արդեն դիմել է ՀՀ պարետին։
«Բացակաների անունները չնշեմ, բայց նրանք Ռուսաստանում են հիմա։ Այդ երկրի քաղաքացիներ են։ Երբ արտակարգ դրության ժամանակ մարզումներն արգելվեցին, ցանկացան գնալ տուն՝ մինչև այստեղ ամեն ինչ կբացվի։ Մի քանի օր առաջ դիմել ենք ՀՀ պարետին՝ խնդրելով օգնել ու պայմանով, որ եթե վերադառնան, կինքնամեկուսանան Ձորաղբյուրի մարզաբազայում։ Սպասում ենք պատասխանին»,- ասաց երևանյան թիմի մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանը։
Նա նշեց, որ չնայած թիմի հիմնական կորիզը Երևանում է, բայց բացակաների մեջ էլ կարևոր խաղացողներ կան, ու թիմում հույս ունեն, որ Պարետատնից մերժում չեն ստանա։
«Նոայի» մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանը տեղեկացրեց, որ մի քանի ֆուտբոլիստ մարզվում է անհատական վերականգնողական ծրագրով, բայց հաջորդ շաբաթվանից կմիանան ընդհանուր խմբին։
«Բոլոր խաղացողները Հայաստանում են։ Անհատական մարզումները կապված են նախկին վնասվածքների հետ՝ ոչ հիվանդությունների»,-ասաց նա։
«Փյունիկը» 5 բացակա ունի․ Սերգեյ Շևչուկ, Արտյոմ Սիմոնյան, Դենիս Մահմուդով, Սալոմոն Նիրիսարիկե, Սերոբ Գրիգորյան։ Նշված ֆուտբոլիստները կարանտինից առաջ մեկնել են իրենց մշտական բնակության երկրներ, հիմա երևանյան ակումբը փորձում է կազմակերպել նրանց վերադարձը Հոլանդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելգիայից։
«Թռիչքներ չկան։ Ընթացակարգային որոշակի հարցեր ճշտելուց հետո պիտի դիմենք ՀՀ Պարետատանը»,- ասաց ակումբի մամուլի քարտուղար Հայկազ Մկրտչյանը։

«Ուրարտուի» մամուլի ծառայության հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել։
«Գանձասար-Կապանի» խաղացողները բոլորը Հայաստանում են և մասնակցում են մարզումներին։ Այս մասին հայտնեց թիմի մամուլի քարտուղար Արմեն Այվազյանը։
Ստելլա Բաբլոյան