Պատկերացնո՞ւմ եք Մեսսիին «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով։ Ո՞չ։ Իսկ դա այնքան մոտ էր։ Ներկայացնում ենք Sports.ru կայքի բլոգեր Վադիմ Կորաբլյովի անդրադարձն այդ թեմային։
Եթե ձեզ թվում է, թե մեծ ակումբների մենեջմենթը, որը տնօրինում է հարյուր միլիոնավոր ֆունտեր ու եվրոներ, կատարյալ մեխանիզմով մեքենա է, մոռացե՛ք այդ մասին։ Ահա մի հիասքանչ պատմություն 2008-ից։

Օգոստոս, շեյխ Մանսուրն արդեն գրեթե գնել էր «Սիթիի» 90% բաժնետոմսերն ու անընդհատ կապի մեջ էր նոր օգնականների հետ։ Նրանց հեռախոսները բառացիորեն վառվում էին, նրանք օրերով չէին քնում ու սպասում էին գործարքի ավարտին։ Գլխավորը Գարրի Կուկն էր՝ գործադիր տնօրենը, որը ակումբ էր եկել նախկին սեփականատիրոջ՝ Տակսին Չինավատի հետ (նա 2007-ին 80 մլն ֆունտով գնել էր ակումբը, իսկ մեկ տարի անց 200-ով վաճառեց շեյխերին)։

Այդպիսի մի նյարդային երեկո հնչեց հերթական հեռախոսազանգը, Կուկի աշխատողը վերցրեց լսափողն ու րոպեներ անց լսեց ոգևորված․ «Get Messi!» («Ստացե՛ք Մեսսիին») արտահայտությունը։ Սկզբում տղամարդիկ շփոթվեցին, բայց հետո արագ գտան իրենց, որովհետև այդպիսի բաները շատ համապատասխան էին արաբ սեփականատերերի կայսերական պլաններին։
Հաջորդ օրը «Բարսան» 30 մլն եվրոյի հայտ ստացավ։
Գարրի Կուկն այս պատմությամբ առաջին անգամ կիսվել է 2012 թվականին լրագրող Հերի Ջեյմսի «The Manchester City Years» գրքի համար տված հարցազրույցում։ Միայն մի կարևոր դետալ է ավելացրել․ պարզվել է, որ «ղեկավարությունից ինչ-որ մեկը» ասել է ոչ թե «Get Messi», այլ՝ «It’s all getting messy» ( «ամեն ինչ իրար է խառնվում»)։
«Այն, որ «Բարսելոնան» մերժել էր առաջարկը, կարելի է նույնիսկ չնշել»,- ծիծաղում է Կուկը։
Պարզվում է, որ Կուկը օգնականների հետ համաժողովի է եղել Լոնդոնում, իսկ զանգողը ոչ թե շեյխ Մանսուրն է եղել, ինչպես գրում էին շատ ԶԼՄ-ներ, այլ՝ Պաիրոյ Պյեմպոսանը՝ այդ ժամանակ Չինավատայի օգնականը։ Ուղղակի շեյխերը թայլանդացիների հետ համաձայնության էին եկել, որ պետք է նախապես աղմուկ հանել տրանսֆերային շուկայում ու ուշադրություն հրավիրել նախագծի վրա։
«Հեռախոսը դրված էր սեղանին, ու Պյեմպոսանը խոսել էր Պոլ Օլդրիջի հետ, նա ակումբի աշխատակիցներից էր»,-բացատրում է Կուկը։ -Ահա, պատկերն այսպիսին էր․ Պոլը իր լոնդոնյան ակցենտով ասում է․ «Պաիրոյ, ինձ պիտի ասես, որ այն, ինչ մենք նախաձեռնում ենք, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս»։ Պաիրոյն այդ պահին պառկած վայելում է իր մերսումը։ Նա գոռում է լսափողի մեջ․ «Այո, այո, այո, խառնաշփոթ է (անգլերեն՝ mess), լիարժեք խառնաշփոթ»։

Կարծես, թարգմանության մեջ մի բան բաց թողնվեց, ու, երդվում եմ, այն կողմում լսեցին․ «Պետք է գնենք Մեսսիին»։
Համաձայնելով՝ Օլդրիջը մոտեցավ Կուկին․
-Գարրի, այնքան էլ չեմ հասկանում՝ ինչ ենք անում։
-Պատրաստիր առաջարկը, հետո կտեսնենք։
Հաջորդ օրը ապշահար Կուկին է զանգում ԱՊԼ-ի ներկայացուցիչ Դեյվ Ռիչարդսը․ «Գարրի, դու ի՞նչ է, առաջարկություն ես արել Մեսսիի հետ կապվա՞ծ։ 70 մլն ֆո՞ւնտ։ Գժվե՞լ ես»։
Հենց Ռիչարդսին էին զանգել։ «Բարսելոնայից»։ Այնտեղ չէին հավատացել, որ «Սիթին» պատրաստ է այդպիսի աստղաբախշական գումարներ տալ, ու նույնիսկ ակնարկել էին, որ կարող էին ընդունել առաջարկը, եթե այն ավելի շուտ արվեր։
Այդ ժամանակվանից ի վեր յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի բացվելու հետ մեկտեղ նորից հայտնվում են Մեսսիի՝ «Սիթի» տեղափոխվելու մասին լուրերը։ Իսկ 2008 թվականին Մանչեսթերում Լեոյի փոխարեն հայտնվեց Ռոբինյոն։