Եվրոպական երկրներում, այդ թվում Իտալիայում, գրեթե 2 ամիս է՝ դադարեցվել են ֆուտբոլի խոշորագույն առաջնությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով:
РБК-ն, օգտագործելով Transfermarkt-ի տվյալները, որոշել է պարզել՝ ինչպես է ազդել խաղերի բացակայությունն Ա Սերիայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների վրա:
ԿԱՐԵՎՈՐ. Transfermarkt -ը ֆուտբոլիստների արժեքը որոշում է՝ հիմնվելով մի քանի չափանիշների վրա՝ պահանջարկը, ներկայիս մարզավիճակը, ազգային լիգաների հզորությունը, ֆուտբոլիստի՝ ազգային հավաքականում, միջազգային մրցաշարերում ելույթները և այլն: Քանի որ եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվել են, ընթացիկ ելույթների չափորոշիչն անդրադարձել է բոլոր ֆուտբոլիստների արժեքների վրա. այն ընկել է:
Ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը
Ա Սերիայի բոլոր ակումբների տրանսֆերային ընդանուր արժեքը կազմել է 5,21 մլրդ եվրո: Ապրիլին այն արդեն կազմում էր 4,48 մլրդ եվրո (-14,1%): Այս արժեքի մեջ ներառված են լիգայի բոլոր 511 ֆուտբոլիստները, իսկ նրանց միջին արժեքը 8,76 մլն եվրո է:
Երկրի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները, օգոստոսի վերջերի սեպտեմբերի սկզբի համեմատ իրենց արժեքների մոտ 28,9 %-ը կորցրել են: Նրանց արժեքը 864 մլն եվրոյից նվազել ու հասել է 614,7 մլն եվրո: Բայց թիմի կազմն, այդուհանդերձ, մնում է ամենաթանկարժեքն Ա Սերիայում:
Երկրորդ ամենաթանկարժեք կազմն ունի «Ինտերը», որի ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ 615,9 մլն եվրո են արժեցել, իսկ այժմ՝ 553,35 մլն (-10,2%): Երրորդ տեղում «Նապոլին» է, որը ֆուտբոլիստների արժեքներում 19% է կորցրել. 650 մլն եվրոյից՝ 526,6 մլն եվրո:
Եթե Ա Սերիայի կորուստները համեմատենք Բունդեսլիգայի և անգլիական Պրեմիեր-լիգայի կորուսների հետ, ապա նրա ցուցանիշները կլինեն մեջտեղում. Գերմանիայում ֆուտբոլիստների արժեքը 4,5 մլրդ եվրոյից հասել է 4.2 մլրդ եվրո, իսկ Անգլիայում՝ 9,31 մլրդ եվրոյից հասել է 7,87 մլրդ եվրո:

Լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն ու Ռոնալդուի անկումը
Իտալական Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Պաուլո Դիբալան: Նրա արժեքը մարտից ի վեր նշանակալիորեն ընկել է՝ 90 մլն եվրոյից հասնելով 72 մլն եվրոյի: Աշնանը նրա արժեքը մոտ 75 մլն եվրո էր: Երկրորդ տեղը կիսում են դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն (երկուսն էլ՝ «Ինտեր»): Դեռ հունիսին դանիացին մոտ 100 մլն եվրո էր գնահատվում, դեկտեմբերին՝ 85 մլն եվրո, իսկ հիմա՝ 68 մլն: Բելգիացին ամռանը 75 մլն եվրո արժեր, իսկ այսօր՝ 68 մլն եվրո:
Մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 35-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն 60 մլն եվրո է գնահատվում: Նրանից բարձր միայն 6 ֆուտբոլիստ կա: Դեռ ամռանը նա 90 մլն եվրո արժեր, իսկ մարտին՝ 75 մլն եվրո:
Լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում միայն մեկ իտալացի կա՝ «Միլանի» և Իտալիայի հավաքականի 21-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման (49,5 մլն եվրո):