Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը (UNFP) կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին` ԱՄՆ-ում անցկացվող Աշխարհի ակումբային առաջնության կազմակերպման համար։
Այս տարի մրցաշարը, որը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 13-ին, անցկացվում է նոր ձևաչափով։
«ՖԻՖԱ-ի ղեկավարը, գտնվելով իր «փղոսկրյա աշտարակում», անտեսում է առաջատար ֆուտբոլիստների ճակատագիրը, որոնց համար խիտ միջազգային խաղացանկ է սահմանվել։ Նրա կողմից կազմակերպվող ակումբային առաջնությունն ապացուցում է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել խաղացողների ծանրաբեռնվածությունը։ Ինֆանտինոն արհամարհում է ֆուտբոլիստների ֆիզիկական և հոգեբանական առողջությունը՝ հաշվի չառնելով երեքշաբաթյա պարտադիր հանգստի մասին համաձայնագրերը, որոնք գործում են գրեթե բոլոր երկրներում։
Եվրոպական դատարանի պահանջը՝ հրաժարվել միակողմանի որոշումներից և որոշումների կայացման գործընթացում ներգրավել ֆուտբոլիստներին, մարզիչներին, բժիշկներին ու ակումբները, անտեսվում է։ Փոխարենը, նրանք կանգնեցվում են կայացված որոշումների առաջ։
ՖԻՖԱ-ի ղեկավարին չի մտահոգում, որ ՊՍԺ-ն այս մրցաշրջանում անցկացրել է 62 խաղ, մինչդեռ Լիգա 1-ի չորս ակումբներ արդեն սկսել են նախապատրաստությունը 2025/26 մրցաշրջանին։ Ֆրանսիայի չեմպիոնը, փորձելով պահպանել իր դիրքերը, զրկված է ներքին առաջնության խաղացանկը հարմարեցնելու հնարավորությունից։
Ենթադրենք, ՊՍԺ-ն ակումբային առաջնության եզրափակչում անցկացնի իր 65-րդ խաղը Նյու Յորքում։ Այդ դեպքում Լուիս Էնրիկեն կունենա ընդամենը երկու շաբաթ՝ իր թիմը նոր մրցաշրջանին նախապատրաստելու համար։ Պարոն Ինֆանտինո, ի՞նչ կասեք այս մասին», — նշված է UNFP-ի պաշտոնական հայտարարությունում։