«Ոսկե գնդակի» դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե ինչու է երկարաձգել պայմանագիրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ և որոշել չմասնակցել ԱՄՆ-ում անցկացվող Աշխարհի ակումբային առաջնությանը։
Պորտուգալացի հարձակվողը հունիսին երկարաձգել է պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ մինչև 2027 թվականը։
«Իմ նպատակը «Ալ-Նասրի» հետ կարևոր տիտղոսներ նվաճելն է։ Հավատում եմ, որ դա հնարավոր է։ Պայմանագիրը երկու տարով երկարաձգեցի, քանի որ վստահ եմ, որ կդառնամ Սաուդյան Արաբիայի չեմպիոն։ Ինձ առաջարկներ էին եկել Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար, բայց դա իմաստ չուներ, քանի որ նախընտրեցի լավ հանգստանալ և պատրաստվել նոր, երկար մրցաշրջանին, որի ավարտին կանցկացվի Աշխարհի առաջնությունը։ Ցանկանում եմ պատրաստ լինել ինչպես «Ալ-Նասրի», այնպես էլ ազգային հավաքականի համար։ Այդ պատճառով մասնակցեցի Ազգերի լիգայի վերջին հանդիպմանը և այլ առաջարկներ չդիտարկեցի։
Ես սիրում եմ այս ակումբը և հավատում եմ, որ մենք կշարունակենք առաջընթաց գրանցել։ Վերջին երկուսուկես տարում ցույց տվեցինք, որ լիգան անընդհատ զարգանում է։ Շատ ուրախ եմ, քանի որ սա մրցունակ առաջնություն է։ Միայն նրանք, ովքեր չեն խաղացել Սաուդյան Արաբիայում կամ չեն հասկանում ֆուտբոլից, կարող են ասել, որ այն աշխարհի լավագույն հնգյակում չէ։ Ես 100 տոկոսով վստահ եմ իմ խոսքերում։ Այդ պատճառով ցանկանում եմ մնալ այստեղ և հավատում եմ այս նախագծին ոչ միայն առաջիկա երկու տարիների, այլև մինչև 2034 թվականը, երբ Սաուդյան Արաբիայում կանցկացվի Աշխարհի առաջնությունը։ Վստահ եմ, որ դա կլինի պատմության մեջ ամենագեղեցիկ մրցաշարը։ Ուզում եմ պայքարել Սաուդյան Արաբիայի լավագույն թիմերի հետ», — ասել է Ռոնալդուն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն դարձել է Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 25 գոլ։ Նա «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի սկզբից։