Այս շաբաթ երկու բավականին հետաքրքիր տրանսֆերային շշուկներ սկսեցին պտտվել համացանցի տիրույթներում և ArmSport-ը չէր կարող անտարբեր լինել այդ լուրերի նկատմամբ։
Օրեր առաջ տարածված տեղեկության համաձայն՝ «Միլանը» հետաքրքրվում է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ծառայություններով և ամռանը մտադիր է գնել նրա տրանսֆերը։ Ֆուտբոլիստը հաստատեց, որ «Միլանը» կապ է հաստատել իր հետ։
Երկրորդ նորությունը՝ «Զենիթի» ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, ով այս մրցաշրջանում վարձավճարով խաղում է «Ռոմայի» կազմում: Այնուամենայնիվ, իտալական ԶԼՄ-ները պնդում են նաև, որ «գայլերը» չեն հրաժարվում կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից, սակայն, «Ռոման» մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Ըստ լուրերի, լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն եվրո ստանալ:
Առաջարկում ենք մեր ծաղրանկարիչ Գոհար Գնունու աչքերով նայել այդ երկու նորություններին։
