Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հունիսի 6-ին, անցկացրեց իր առաջին ստուգողական հանդիպումը նիդերլանդացի մասնագետ Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ։
Չնայած հանդիպման «ընկերական» բնույթին՝ մեր թիմը ցավալի պարտություն կրեց 2:5 հաշվով։
Խաղից հետո կոսովական Telegrafi-ն հոդված է հրապարկել։
Հայաստանի դեմ վերջին ընկերական խաղում Կոսովոն շարունակեց ցուցադրել բաց և հարձակողական ֆուտբոլ՝ գրանցելով 38 հարված դեպի դարպաս, որոնցից 16-ը՝ դարպասի շրջանակում։ Նման ցուցանիշ նախկինում երբեք չէր գրանցվել։
Չնայած այս տպավորիչ թվերին, Կոսովոն կարող էր խփել առնվազն 10 գոլ, սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանի փայլուն սեյվերն ու կոսովացի հարձակվողների անճշտությունները խանգարեցին ավելի համոզիչ արդյունքի հասնել։
Նախկինում Կոսովոյի կողմից ամենաշատ հարվածները գրանցվել էին Կիպրոսի դեմ խաղում՝ 2022 թվականի սեպտեմբերին, երբ 22 հարվածից խփվել էր 5 գոլ։
Ֆրանկո Ֆոդայի՝ հավաքականը գլխավորելուց ի վեր, Կոսովոն անցկացրել է 12 հանդիպում, որոնցից 8-ում հաղթել է՝ խփելով 21 գոլ։ Սա նշանակում է միջինում 1.75 գոլ յուրաքանչյուր խաղում։
Այս ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ թիմը կազմված չէր իր ամենափորձառու խաղացողներից՝ այսպես կոչված «սենատորներից»՝ Ամիր Ռահմանիից, Միլոտ Ռաշիցայից, Էդոն Ժեգրովայից, Արիանետ Մուրիչից և Վալոն Բերիշայից։ Այնուամենայնիվ, Կոսովոն հաջողությամբ անցկացրեց գրավիչ և վճռական խաղ։
Բացի այդ, Ֆոդան Կոսովոյին պարգևել է պատմական նվաճում՝ թիմը բարձրացնելով Ազգերի լիգայի B դիվիզիոն։ Նա հասել է այս հաջողությանը՝ երկու խաղերում հաղթելով Իսլանդիային՝ ցուցադրելով ոչ միայն տակտիկական գերազանցություն, այլև թիմի բացառիկ պատրաստվածություն։
Ֆոդայի օրոք Կոսովոյի առաջընթացը մեծ վստահություն է ներշնչում ինչպես երկրպագուներին, այնպես էլ տեղական առաջնության խաղացողներին։ Այս խաղում խաղադաշտ դուրս եկած Կոսովոյի ութ ֆուտբոլիստ զարգացել են Կոսովոյի Սուպերլիգայում՝ ցույց տալով, որ տեղական ակումբների աշխատանքն իսկապես արդյունք է տալիս։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց Կոսովոյի Սուպերլիգայի կարևորությունը՝ որպես պտղաբեր հարթակ տեղական տաղանդների զարգացման համար, որոնք հետագայում դառնում են միջազգային ասպարեզում կարևոր խաղացողներ։
Հատկանշական է, որ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան խաղից հետո մեկնաբանություններ չի տվել։ Համենայն դեպս, խաղից հետո գերմանացի մասնագետի կողմից որևէ հրապարակված հայտարարություն չկա։