Այսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում, եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել են ՊՍԺ-ն և «Ինտերը»։ Առաջին խաղակեսից հետո փարիզյան ակումբը հաղթում է 2-0 հաշվով։
Հանդիպման արդեն 12-րդ րոպեին փարիզան թիմը բացեց հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին։ Քիչ անց աչքի ընկավ նաև Դեսիրե Դուեն՝ 2-0։ Հակիմին կրկնեց մրցաշարի ռեկորդը պաշտպանների շրջանում մեկ մրցաշրջանի ընթացքում գոլային գործողությունների քանակով՝ ինը (չորս խփած գոլ և հինգ գոլային փոխանցում): Նախկինում ռեկորդակիրը Իան Հարթն էր, որը 2000/01 մրցաշրջանում նման արդյունք էր գրանցել։
Իսկ ահա Դուեն արդեն 20-րդ րոպեին նպաստել էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերի» դեմ խփած երկու գոլերին։ 12-րդ րոպեին ֆրանսիացին գոլային փոխանցում կատարեց Աշրաֆ Հակիմիին, իսկ 20-րդ րոպեին նա գոլ խփեց։ Այսպիսով, Դուեն դարձավ պատմության մեջ ընդամենը վեցերորդ ֆուտբոլիստը, ով գոլ և գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ինչպես նաև ամենաերիտասարդը բոլոր նրանցից, ում հաջողվել է դա անել։ Նաև միայն Պատրիկ Կլյուվերտն ու Կարլոս Ալբերտոն են կարողացել գոլ խփել Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպմանը՝ 19-ամյա Դուեից էլ ավելի երիտասարդ տարիքում։ Ֆրանսիացին իր հերթին գերազանցել է Լարս Ռիկենին, Վինիսիուս Ժունիորին և Լիոնել Մեսսիին այս ցուցանիշով։
ՊՍԺ-ի մեկնարկային կազմի միջին տարիքը 25 տարեկան 96 օրական է։ Միանյան թիմի մեկնարկային կազմի միջին տարիքը 30 տարեկան 252 օրական է։ Թիմերի միջին տարիքային տարբերությունը 5 տարեկան 146 օրական է։ Սա Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցների միջին տարիքային ամենամեծ տարբերությունն է մրցաշարի պատմության մեջ։
Նշենք, որ «Ինտերը» վերջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթել է 15 տարի առաջ՝ 2009/10 մրցաշրջանում, իսկ փարիզյան գրանդը իր պատմության ընթացքում դեռևս չի նվաճել այս մրցաշարի տիտղոսը։