Անտոնին ուղերձով դիմել է «Բետիսին»։ Վինգերը բրազիլական թիմում հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ այս տարվա փետրվարից։
«Այսօր ավարտվում է կյանքիս ամենագեղեցիկ գլուխներից մեկը։ Եվ նախքան վերջին էջը թերթելը, պետք է ասեմ, թե ինչու ես եղել և միշտ կլինես այդքան յուրահատուկ ինձ համար։
Մանկուց ի վեր ֆուտբոլը ինձ համար պարզապես երազանք չի եղել կամ «կյանքս փոխելու միակ հնարավորությունը», ինչպես շատերն են ասում։ Ինձ համար դա ավելին էր։ Դա իմ ուրախությունն էր։ Մինչ մյուսները ֆուտբոլը տեսնում էին որպես ելք, ես այն տեսնում էի որպես մուտք։ Դա միակ վայրն էր, որտեղ ես ինձ լիարժեք էի զգում։ Ֆուտբոլը փախուստ չէր կնդիրներից, դա ուրիշ բան էր, դա մաքուր երջանկություն էր։
Կյանքն ինձ տարավ ֆավելաներից հեռու, և ես այցելեցի մեծ աշխարհ։ Ես լքեցի Բրազիլիան, հանդես եկա Նիդեռլանդներում, Անգլիայում… Ես դադարեցի երեխա լինելուց և հայր դարձա։ Շատ բան է փոխվել… բայց ֆուտբոլը միշտ ինձ հետ է եղել։ Այն միշտ իմ ապաստանն է եղել։ Մինչև մի օր ամեն ինչ քանդվեց։ Դրախտից դժոխք։ Գնդակը դադարեց հարվածել թիրախին, ուրախությունը անհետացավ, իմ աշխարհը մթնեց, և ես սկսեցի կասկածել ինքս ինձ, իմ տաղանդին և ֆուտբոլի հանդեպ իմ կրքին։ Այդ ժամանակ ֆուտբոլը ինձ տվեց վերջին… նվեր։ Դու։
Երբ ես այստեղ ժամանեցի, չգիտեի, թե ինչ սպասել։ Բայց իմ ամենախենթ երազներում ես ճիշտ պատկերացնում էի այն, ինչ տեսա։ Այս ակումբ մտնելու առաջին քայլից ես զգացի ինչ-որ նոր բան։ Դա նման էր տուն վերադառնալուն, կարծես վերագտա իմ մի մասը, որը կարծում էի, թե կորցրել եմ։ Քեզ հետ ես նորից սկսեցի ժպտալ։ Քեզ հետ ես դարձա այն երեխան, որը նախկինում էի։ Նա, ով սիրում էր ֆուտբոլը ամբողջ սրտով։ Քեզ հետ ֆուտբոլը նորից դարձավ սեր։ Իսկական սեր։
Շնորհակալություն եմ հայտնում ինձ որպես ընտանիք ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ ինձ վերադարձրեցիք ֆուտբոլ խաղալու ուրախությունը։ Եվ շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք, թե ինչու եմ սիրահարվել ֆուտբոլին։ Իմ տունը, իմ ժողովուրդը, Բետիսը հավերժ», — ասել է Անտոնին իր հրապարակած ուղերձում։