Ջան Պիերո Գասպերինին լքում է «Ատալանտան», որի գլխավոր մարզիչն էր 2016 թվականի ամռանից։ Այս մասին հայտնել է հենց ինքը՝ մասնագետը։
«Ես չէի կարող այս մասին ձեզ ավելի վաղ ասել, քանի որ միայն վերջին մի քանի ժամվա ընթացքում որոշեցի ավարտել այս հրաշալի ինը տարվա պատմությունը։ Բայց եկեք չխոսենք հրաժեշտի մասին։ Ինձ դա դուր չի գալիս։ Ես պարզապես ավարտում եմ իմ փորձը Բերգամոյում՝ որպես «Ատալանտայի» մարզիչ, իսկ մնացած ամեն ինչ կմնա անփոփոխ։
«Ատալանտայից» հեռանալու որոշումը կայացրել եմ բացառապես ես։ Ակումբի ղեկավարությունը դրա հետ որևէ կապ չունի։ Ես պարզապես հասկացա, որ ժամանակն է այս քայլը կատարել։ Լքում եմ ակումբը բարձրակետին՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով երրորդ տեղը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Գասպերինին նաև նշել է, որ ցանկանում է կանգնել նոր մարտահրավերի առաջ։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Գասպերինին կստանձնի «Ռոմայի» ղեկը։