Այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 23:00-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կկայանա 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ կհանդիպեն ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» (ՊՍԺ) և իտալական «Ինտեր Միլանը»։
ՊՍԺ-ն, գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ, այս մրցաշրջանում հաղթահարել է մի շարք ուժեղ մրցակիցների՝ այդ թվում՝ «Լիվերպուլին», «Ասթոն Վիլային» և «Արսենալին»՝ հասնելով իրենց պատմության մեջ երկրորդ Չեմպիոնների լիգայի եզրափակչին։
Ինտերը, գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ, եզրափակչի ճանապարհին հաղթել է «Բավարիային» և կիսաեզրափակչում դրամատիկ պայքարում առավելության է հասել «Բարսելոնայի» նկատմամբ՝ ընդհանուր 7-6 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սիմոնե Ինձագիի թիմում ոչ միայն կարևոր խաղացող է, այլև իսկական հենասյուն:
Ի դեպ, այս մրցաշրջանում Հենրիխը ցույց է տալիս բացառիկ կայունություն։ Նա թիմում չորրորդ ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է (3,482 րոպե): Ավելի շատ խաղադաշտում եղել են միայն Բաստոնին (3,836 րոպե), Բարելան (3,717) և Լաուտարոն (3,643)։ Եվ այս ամենը՝ 36 տարեկանում։
Մխիթարյանի եզրափակիչների պատմությունը խորդուբորդ է։ Բացի Ստամբուլից, 2019-ին նա ստիպված էր բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը, երբ «Արսենալը» մրցում էր «Չելսիի» հետ Բաքվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պատճառով։ Բայց նա ունի նաև հաղթական պահեր՝ Եվրոպա լիգայի հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2017-ին և Կոնֆերենցիայի լիգայի գավաթը՝ «Ռոմայի» հետ 2022-ին։