Մայիսի 25-ին ֆուտզալի սիրահարները վայելեցին իսկական սպորտային տոն. կայացան Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի երկրորդ հանդիպումը և երրորդ տեղի համար պայքարը: Երկու խաղերն էլ աչքի ընկան թեժ պայքարով և գոլառատ սցենարով։
Եզրափակիչի երկրորդ խաղում «Յունիսպորտը» և «Երևանը» մատուցեցին դիտարժան ու լարված դիմակայություն։ Խաղի ընթացքում գոլային պահերը չպակասեցին, սակայն «Յունիսպորտը», ցուցադրելով վճռականություն և մարտական ոգի, 5:3 հաշվով հաղթեց մրցակցին՝ հավասարեցնելով դիմակայության ընդհանուր հաշիվը։ «Յունիսպորտի» կազմում գոլերի հեղինակ դարձան Պուտրուս Վասիլևը, Վարդան Արզոյանը, Էդվարդ Մկրտչյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Դերմենջյանը, որոնցից յուրաքանչյուրը վառ ներդրում ունեցավ այս կարևոր հաղթանակում։
Այժմ ամեն ինչ կվճռվի երրորդ՝ վճռորոշ հանդիպման ժամանակ, որը խոստանում է լինել նույնքան լարված և հույզերով հագեցած։
Նույն օրը կայացավ նաև երրորդ տեղի համար պայքարի երկրորդ հանդիպումը։ «Սիեվնը» կրկին հաղթանակ տարավ «Արաքս-ՖԱՖ»-ի նկատմամբ՝ նույն 5:3 հաշվով՝ այսպիսով նվաճելով Բարձրագույն խմբի մրցաշրջանի երրորդ տեղը: